Բիզնես` քաղաքի հաշվի՞ն

23/07/2011

Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում երեկ քննարկվել են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ հյուրանոց կառուցելու եւ Արամի փողոցում եւս մեկ բարձրահարկ հյուրանոց կառուցելու մասին հարցերը: Ճարտարապետ Սասուն Քալաշյանի տեղեկացմամբ` հյուրանոցը նախատեսվում է կառուցել մետրոյի կայարանի եզրագծով այնպես, որ «մետրոն, մետրոյի ծաղիկը մնում է այդ կառույցի բակում»: «Մետրոյին ձեռք չեն տալիս, բայց դրա վրա բարձրանում է մոտ յոթ հարկանի շենք, հարյուր տեղանոց հյուրանոց է լինելու…»,- ասել է Քալաշյանը` նշելով, որ հյուրանոցի տիրոջ անունը չի հնչեցվել, բայց հյուրանոցի նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է: Ինչ վերաբերում է այնտեղ նման հյուրանոց կառուցելու տեխնիկական հնարավորություններին, ապա Քալաշյանն ասել է. «Այսօր տեխնիկապես անհնար բան գոյություն չունի, ուրիշ հարց է` կա՞ դրա քաղաքաշինական նպատակահարմարությունը, թե՞ ոչ»: Ճարտարապետի կարծիքով` տվյալ վայրում նման հյուրանոց կառուցելու նպատակահարմարությունը չկա, բայց քաղաքապետարանի մոտեցումն այլ է. «Նրանք չեն նայում քաղաքաշինության նպատակահարմարությանը, այլ բիզնեսի առումով են հարցին նայում»: Հարցին, թե արդյո՞ք խնդրահարույց հյուրանոցն այն է, որը, ըստ խոսակցությունների, պետք է կառուցվեր ՀՀ արտգործնախարարության շենքում, Քալաշյանը պատասխանել է, թե ինքն այդ մասին ստույգ տեղեկություններ չունի:

Ի դեպ, երեկ Ս. Քալաշյանը «ձեռնպահ» է քվեարկել այդ նախագծի կառուցմանը: Իսկ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի կարծիքով` ցանկացած շինության նկատմամբ կա երկու մոտեցում` էսթետիկական եւ տեխնիկական: Այստեղ, սակայն, ըստ նրա` խնդիրը ոչ թե տվյալ կառույցի քաղաքաշինական նպատակահարմարության հարցն է, այլ այն, որ նման որոշումները պետք է կայացվեն հասարակական քննարկման արդյունքում` հիշեցնելով, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն, ցանկացած բան կառուցելուց առաջ պետք է կազմակերպվի հանրային եւ մասնագիտական քննարկում: