«Կրիմինալ փաստերը փնտրեք ձեր քթի տակ՝ Երեւանում»

23/07/2011

Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված «Ահազանգ. բենզոնիստ երիտասարդների թիվն օր օրի աճում է» վերնագրով հոդվածի առնչությամբ արձագանքել է Գյումրիի քաղաքապետարանը: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ անդրադարձել էինք բենզոնիստներին, ովքեր բավական մեծ թիվ են կազմում Գյումրիում: Ընդ որում՝ ըստ Գյումրիի բնակիչների՝ քաղաքում երեկոյան ժամը 7-ից հետո հնարավոր չէ քայլել: Բնակիչների ասելով՝ քաղաքում շատացել են նաեւ մահացության դեպքերը: Ինչեւէ, առանց որեւէ մեկնաբանությունների հատված առ հատված մեջբերում ենք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղարի արձագանքը.

«Հարկ չէինք համարի պատասխանել, եթե չհասկանայինք, որ տգիտության հասնող զազրախոսությունը ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկել Գյումրիի քաղաքապետին եւ կատարել թերթի վրա դրված «վսեմ» պարտավորությունը՝ ցանկացած հարցի առնչությամբ ուղղակի ներմուծել եւ շրջանառության մեջ դնել Վարդան Ղուկասյանի անունը»,- ասվում է նամակի մեջ, որտեղ քաղաքապետի քարտուղարը հարցադրում է կատարում՝ նշելով, թե թերթն ի՞նչ պատվեր է կատարում: Ավելին՝ մինչ անդրադառնալը բուն խնդրին, քաղաքապետարանի աշխատակիցը հանգամանորեն նշում է Գյումրիի այն մոնումենտալ քանդակները, որոնք, ինչպես նշել էինք, պատրաստվել էին քաղաքապետի ընտանիքի անդամների պատկերներով:

«Ամոթաբեր է, սակայն պարտավոր ենք պատասխանել այն հիվանդոտ շարադրանքին, թե իբր Գյումրիում տեղավորված մոնումենտալ քանդակները պատրաստված են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամների ճիշտ պատկերներով, եւ որ այդ քանդակները փչացնում են քաղաքի տեսքը: Այստեղ է ասված՝ գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր: Փաստորեն, մենք գործ ունենք տարրական գրագիտության բացակայության եւ մարտնչող տգիտության ակնառու դեպքի հետ, մարդկանց, ովքեր դեմքով չեն ճանաչում ազգի հերոսներին եւ ականավոր գործիչներին, որոնց արձաններով հարստացել է Գյումրին վերջին տարիներին: Վստահ ենք, որ մտքի հեղինակները այդ արձանների ու քանդակների տեղն անգամ չգիտեն Գյումրիում: Եվ ուրեմն որտեղից եւ ի՞նչ շարժառիթներից է բխում նյութի հեղինակի մաղձը, միայն իրեն է հայտնի: Բայց այն, որ նա այս ամենում շահ ունի, անտարակուսելի է: Ո՞վ է լիազորել եւ իրավունք տվել լրագրողին, մասնագետ չլինելով հանդերձ, մասնագիտական գնահատական տալ Գյումրիի արձաններին եւ քանդակների գեղարվեստական արժեքին՝ իրեն վերապահելով քաղաքաշինական խորհրդի գործառույթներ»,- նշված է նամակում:

Ի դեպ, մամուլում բազմիցս է գրվել այն մասին, որ գյումրեցիները կատակում են, թե Գյումրին անվանակոչվելու է Վարդանակերտ կամ Վարդանավան: Ավելին, նաեւ նշվել է, որ գյումրեցիներից ոմանք նշում են, թե Վարդան Մամիկոնյանի արձանն իր դիմագծերով նմանություններ ունի Վարդան Ղուկասյանի հետ: Այն պահից սկսած, երբ Գյումրիի ավագանին քաղաքապետի հրահանգով որոշեց Կենտրոնական հրապարակում Վարդանանց արձանախումբ տեղադրել ու այն Վարդանանց հրապարակ անվանել, գյումրեցիները հասկացան, որ Վ. Ղուկասյանը պատմական հերոսների անվան տակ սկսել է իրեն մեծարել:

Ինչեւէ, պատասխան-նամակի հաջորդ մասում, որտեղ նշել էինք, որ քաղաքապետ Վ. Ղուկասյանի օրոք քաղաքը վերածվել է կրիմինալի եւ թմրամոլության կենտրոնի (որի ապացույցները հատորներով կարելի է գտնել` ընթերցելով ընդամենը մի քանի տարիների ԶԼՄ-ները, սկսած` Վ. Ղուկասյանի, նրա եղբոր, որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի եւ դեպքերի մասին հրապարակումներից եւ պաշտոնական հաղորդագրություններից), քաղաքապետի մամուլի քարտուղարը գրել է. «Ինչ վերաբերում է Գյումրի քաղաքը կրիմինալ եւ թմրամոլության կենտրոն կոչելուն եւ դրա հետ քաղաքապետի անձի առնչությանը, ապա այստեղ առկա է լուրջ, բայց վտանգավոր սուտ ու մեղադրանք, որը թերթին քրեական պատասխանատվության կանչելու բավարար հիմք կարող է դառնալ, եւ շինծու մեղադրանքների տարափի պատասխանատվությունը այդ պարագայում կընկնի թերթի վրա: Բոլորին է հայտնի, որ կրիմինալի հետ կապված հարցերը պետք է ուղղել ոչ թե քաղաքապետին, այլ իրավապահ մարմիններին, իսկ Գյումրու քրեածին իրավիճակի ցուցանիշը, ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, հանրապետությունում եւ տարածաշրջանում, ցածրերից մեկն է, այսինքն` Գյումրին հանգիստ քաղաք է: Անշուշտ, իրավիճակի հանդարտության մեջ իր ներդրումն ունի բնակչության շրջանում մեծ հեղինակություն վայելող Գյումրու քաղաքապետը: Կրիմինալի ծագման փաստեր թերեւս պետք է փնտրեք ոչ թե Գյումրիում, այլ, ինչպես ասվում է, ձեր քթի տակ` Երեւանում: Հայտնի է, որ ձեր նշած բենզոնիստների դեմ պայքարում մայրաքաղաքում որոշակի միջոցառումներ են իրականացվում եւ ճիշտ կանեիք` հասարակական այդ չարիքի դեմն առնելու համար, հարց ուղղեիք պատկան մարմիններին` ինչու դրանք չեն կիրառվում մարզերում: Առավել քան պարզ է, որ թերթն իր այս հրապարակմամբ պատվեր է կատարում, եւ գործիք դառնում ինչ-ինչ պատվիրատուներին ձեռքում:

Հասարակական ճանաչում ունեցող մարդկանց անվանն առնչվելիս, կշռադատեք ասելիքը, հակառակ դեպքում առանց ապացույցի ասված ու տպված խոսքը թերթին պատասխանատվության ենթարկելու համար ծանրագույն կշիռ եւ հիմք է ստեղծում, գործընթաց, որը այս անգամ չենք իրականացնելու, բայց վտանգավոր ռեցիդիվի դեպքում` կհետեւենք օրենքի տառին»:

Նշենք, որ մեր հրապարակման մեջ բենզոնիստների հսկայական քանակի եւ այդ երեւույթի մասին խոսում են ոչ միայն բնակիչները, Գյումրիի «Հոգեկան առողջության» կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Վ. Ղուկասյանը եւ նրա շրջապատը, որ իրենք իրենց այսպես մեծարում են, կարեւորել են հրապարակման այն հատվածը, որը վերաբերում է քաղաքում տեղադրված արձաններին, որը մեկ-երկու նախադասություն է ամբողջ հոդվածի մեջ: Եվ հետաքրքիր է, թե ինչու չեն անդրադարձել, օրինակ, հոդվածի նաեւ այս հատվածին. «Մեր տեղեկություններով` քաղաքապետի եղբայրը եւս տառապում է թմրամոլությամբ: Հիշեցնենք, որ դեռեւս մի քանի տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը մեղադրվում էր մեծ քանակությամբ հերոին տեսակի թմրանյութ գնելու մեջ: Մի խումբ կանայք բռնվել էին հենց թմրանյութ տեղափոխելու պահին: Այդ կանանց մշտական հաճախորդներից էր Վ. Ղուկասյանի կրտսեր եղբայրը»:

Իսկ եթե ուզում են իմանալ, թե ում պատվերն է կատարում թերթը, պատասխանենք` ՀՀ քաղաքացիների, տվյալ դեպքում` գյումրեցիների:

«168 ԺԱՄ»