Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել ենք Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 31 շենքի հարակից տարածքում, նախկին ավտոտնակում բնակվող Գայանե Դշխունյանի ընտանիքի խնդրին: Հիշեցնենք, որ վերջինս, լինելով անտուն` ամուսնու եւ երեք երեխաների հետ 1995 թվականից բնակվում է թիվ 31 շենքին կից մի շինության մեջ. «Սկեսրայրս այդ շենքի բնակիչ է եղել եւ 1985թ. ավտոտնակ է կառուցել շենքի դիմաց: Քանի որ մենք տուն չունեինք` էնտեղ կարգի ենք բերել ու 1995-ից բնակվում ենք այդ խրճիթում: Պայմանները ահավոր են, դուք տեսել եք ձեր աչքով: Երեխաներս հիվանդանում են խոնավության պատճառով: Նույնիսկ հատակի փայտն է փտել ու պոկվել: Բժշկուհին երեխայիս նայեց ու ասաց` անհապաղ պիտի էդ պայմաններից երեխային դուրս հանեք, խոնավությունից ա: Ոտքերն ահավոր ցավում են, կապտում, անշարժանում: Արդեն քանի տարի է` ես դիմում եմ համապատասխան մարմիններին` խնդրելով այդ խրճիթի տարածքն օրինականացնել ու մեզ սեփականաշնորհման իրավունքով տալ, որպեսզի գոնե տանիքի վերեւում մի սենյակ կառուցենք, երեխաներին էդ խոնավությունից փրկենք»,- ասում է կրկին մեր թերթին դիմած Գ. Դշխունյանը: Այս ընտանիքի վերաբերյալ մեր նախկին հրապարակմանն անմիջապես արձագանքել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ կառավարության Վերահսկողության բաժնի աշխատակիցներին հանձնարարել էր այցելել Գ. Դշխունյանի «տուն» եւ աջակցել տարածքի սեփականաշնորհման գործընթացի կազմակերպման հարցում: «Ձեր թերթում հոդված տպագրվելուց հետո մեր տուն մարդիկ եկան, ասացին` ՀՀ կառավարության վերահսկողության բաժնից ենք, վարչապետը հանձնարարել է, որ ձեր գործով զբաղվենք: Ինչ փաստաթուղթ պահանջեցին` տվեցինք: Մի խոսքով` Երեւանի քաղաքապետարան դիմելուց հետո, ինչպես կարգն է` եկան, չափագրումներ կատարեցին, մենք էլ` բոլոր մուծումները կատարեցինք, գլխավոր հատակագիծ կազմեցին: Այսինքն` ամեն ինչ հարթ գնում էր, որովհետեւ բոլորն էլ գիտեին, որ վարչապետի հանձնարարականն է, բայց երբ հերթը հասավ սեփականաշնորհման գործընթացի ավարտին… Քասարյանը հրաժարվեց ստորագրել` ասելով, որ ինչ կարեւոր ա` ում հանձնարարականն ա, չեմ ստորագրում, ու վերջ»,- ասում է Գ. Դշխունյանը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը տարածքն օրինականացնելու իր մերժումը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Քննարկվող բնակելի տունը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքերի ներբակային տարածքում, այդ իսկ պատճառով հարցի կարգավորումը «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» հ.117-Ն օրենքի շրջանակներից դուրս է»: Սակայն Գ. Դշխունյանը վստահեցնում է, որ իրենց զբաղեցրած տարածքն ամենեւին էլ ներբակային չի համարվում: Ա. Քասարյանի կողմից տարածքն օրինականացնելու մերժումը նա համարում է ինքնանպատակ եւ անհիմն: «Հետագայում ես նորից նամակ գրեցի ՀՀ վարչապետին` տեղեկացնելով, որ թեեւ ինքը հանձնարարել է, որ մեր գործին ընթացք տան, այնուամենայնիվ, Ա. Քասարյանի թեթեւ ձեռքով մենք նորից հայտնվել ենք նույն փակուղում, բայց նամակս այնտեղից վերահասցեագրվել է Երեւանի քաղաքապետարան, որտեղ ասվում է, որ հարցը պետք է վերանայել»,- վստահեցնում է Գ. Դշխունյանը: Նրա խոսքով` քաղաքապետարանի համապատասխան բոլոր բաժիններն էլ հոգատարությամբ են իրենց փաստաթղթային շրջանառությունը կատարել, սակայն իմանալով, որ Քասարյանը մերժել է` ասել են. «Եթե Քասարյանն է, մենք նրա հետ գործ չունենք»: Այդուհանդերձ, Գ. Դշխունյանը վստահ է, որ իր դիմում-նամակները հասցեատերերին չեն հասնելու. «Ես ուղղակի խնդրում եմ, գոնե թերթի միջոցով տեղեկանան մեր անելանելի դրության մասին, հասկանո՞ւմ եք, երեք երեխաներս էդ պայմանների պատճառով կորցնում են իրենց առողջությունը: Մեր երկրի վարչապետին ու նոր քաղաքապետին եմ դիմում. Ես ողորմություն չեմ խնդրում, ձեզնից տուն չեմ ուզում, պահանջներ չեմ ներկայացնում, ընդամենը խնդրում եմ, որ էդ բունը սեփականության իրավունքով իմ ընտանիքին տան, որ կարողանանք պատերը, հատակը վերանորոգելով, էդ խոնավությունից դուրս գալ: Եթե մենք հիմա էնտեղ պատեր տեղադրենք, պիտի գան կանգնեն գլխներիս ու տուգանեն կամ քանդեն: Եթե մի փողատեր իր ուզած տարածքում ցանկանա տուն սարքել` անմիջապես կօրինականացնեն` անկախ նրանից` դա թույլատրելի՞ տարածք է, թե՞ ոչ: Բայց մեր նմաններն ամեն օր քաղաքապետարանի դռներն ընկած` էստեղից էնտեղ են վազում, որ մի քանի մետրանոց գարաժում ապրելու իրավունք ստանան: Պրն վարչապետ, եթե Ձեր հանձնարարականն էլ չեն կատարում, ո՞ւմ դիմեմ, ասե՛ք»: