10 մլն դոլար` թմբուկի համա՞ր

21/07/2011

Հանրապետության հրապարակի ճարտարապետական տեսքի ամբողջացման նպատակով` Ալ.Թամանյանի նախագծով ՀՀ կառավարության շենքի թմբուկի կառուցման համար կպահանջվի 10 միլիոն դոլար: Երեկ այս մասին հայտարարել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` ասելով, թե շենքի կառուցման միջոցները բյուջեից չեն տրամադրվի: Նրա խոսքով` նախահաշվով պահանջվող գումարը կներդրվի գույքային փոխանակման արդյունքում: 13.000 քմ, 50 մետր բարձրությամբ 13 հարկանի շինությունը կունենա նաեւ սրահներ, ցուցասրահներ, ընդունելությունների դահլիճներ, վարչական, գրասենյակային տարածքներ: Կառույցում կտեղակայվի կառավարության աշխատակազմը, իսկ կառավարության շենքի համալիրում` ՀՀ սփյուռքի եւ արդարադատության նախարարությունները: Հակադարձելով այն հայտարարություններին, թե թմբուկի կառուցումն ամենեւին լավ գաղափար չէ, Սարգսյանն ասել է, թե թմբուկի կառուցումը նախատեսված է մայրաքաղաքի թամանյանական նախագծով: «Խոսակցությունները, որ սա Թամանյանի նախագծով նախատեսված չէ, բացարձակ ապատեղեկատվություն են, որոնք ունեն իրենց պատճառները: Խնդիրն արծարծվել է 2008-ից, եւ որեւէ մեկի մոտ դրա վերաբերյալ հարց չի առաջացել: Ճարտարապետների միությունում նեղ անձնական շահերն ավելի բարձր դասվեցին, քան մասնագիտական շահերը, եւ այս, նաեւ Սբ. Աննա եկեղեցու կառուցման նախագծերի հետ կապված ապատեղեկատվություն տարածեցին` հասարակության մոտ բացասական տրամադրություններ ձեւավորելու նպատակով: Կառավարության շենքի կառույցն առանց այս տարրի` թմբուկի, ամբողջական չէ: Բացի այդ, թմբուկի կառուցումից հետո հանրապետության դրոշը կլինի ավելի բարձր կետում»,- ասել է Ն. Սարգսյանը: