Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Թուրքիայում գտնվող հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ թուրքական «Միլիեթ» օրաթերթի, հանդիպման ժամանակ Դավութօղլուն մտերմիկ զրույց է ունեցել հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Ընդգծելով, որ հայերի եւ թուրքերի միջեւ գոյություն ունեն պատմական կապեր, նա ասել է. «Իմ գյուղը գտնվում էր Քոնիայի մերձակայքում` Թորոսլարում: Այնտեղ դռների վրա զարդաքանդակներ անողը հայ վարպետ էր: Այնտեղ ապրում էր նաեւ մի հայ ընտանիք: Իմ մտերմության զգացումը բխում է մանկությունից»: Մասնակիցներից մեկի դիտարկմանն ի պատասխան, թե իր ընտանիքն Էրզրումից գաղթել է օսմանյան ժամանակաշրջանում, Դավութօղլուն ասել է, թե առկա բոլոր խնդիրները լուծվելու են: «Վստահ եմ` բոլոր այս խնդիրները մոտ ժամանակներս լուծվելու են: Ներկա պահին գոյություն ունի փակուղի, որը, սակայն, չի շարունակվելու: Համբերատար լինենք: Դուք կարողանալու եք ձեր ընտանիքի հետ գալ եւ շրջել Էրզրումում, նույնիսկ ցանկության դեպքում կարողանալու եք տուն գնել: Մեր հարաբերությունները կարգավորվելու են»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: