Անտիդրայվ` «ՀայՌուսգազարդում»

21/07/2011

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանիշավորել է մի քանի ընկերությունների: Հանրապետության խոշորագույն ընկերություններից մեկի` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարկանիշը «Բ»-ից նվազել է «Բ-»-ի: Թե ի՞նչ գործոններ են ընկած ընկերության վարկանիշի անկման հիմքում, կիմանա միայն ԿԲ-ն, որն ունի վարկանշման գործընթացի իր մեթոդաբանությունը: Սակայն սա եւս մեկ անգամ վկայում է, որ վերջերս «ՀայՌուսգազարդը» որոշակի խնդիրներ ունի, որոնք առաջացել են մի քանի գործոնների արդյունքում: Ընկերությունն աշխատում է տարեկան 11 մլրդ դրամ վնասով, կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ «Գազպրոմը» պատրաստվում է բարձրացնել գազի գինը, այժմ էլ` ընկերությունից բարձրակարգ կադրերի աննախադեպ արտահոսք է տեղի ունենում: Մեր տեղեկություններով, «ՀայՌուսգազարդը» լքել են ընկերության ֆինանսական հատվածի պատասխանատու գրեթե բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Նման արտահոսքի հիմնական պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, «ՀայՌուսգազարդի» ֆինանսական տնօրենի` Կարեն Մովսիսյանի մասնագիտական ոչ կոմպետենտությունն է: Ի դեպ, վերջինս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մտերիմներից է: Հիշեցնենք` ընկերության նախկին ֆինանսական տնօրեն Վահագն Առաքելյանը Կ. Կարապետյանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո տեղափոխվեց քաղաքապետարան եւ ներկայումս զբաղեցնում է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: