Խոստանում է լուսաբանել

21/07/2011

Հանրային հեռուստաընկերությունը կարեւորում է արտախորհրդարանական ընդդիմության բոլոր հանրահավաքների, քաղաքական հայտարարությունների, ուշագրավ ասուլիսների եւ միջոցառումների ադեկվատ լուսաբանումը: Երեկ այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը` Tert.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը, որում Կոնգրեսն իշխանությունների հետ երկխոսության համատեքստում Հանրայինի եթերում քարոզչական հավասար հնարավորությունների ապահովման խնդիր էր բարձրացրել: «Հանրային հեռուստատեսության լրատվական եւ վերլուծական հաղորդումներն առաջնորդվում են բացառապես հանրային պատվերով ու օրենսդրորեն մեզ պատվիրակված առաքելությամբ: Հավատացեք, սա սուբյեկտիվ կամ հերթապահ գնահատական չէ: Այն հիմնավորված է առնվազն վերջին մեկ տարվա մեր եթերի ինչպես քանակական, այնպես էլ որակական վերլուծությունների արդյունքներով: Նման գնահատականներ տարբեր առիթներով հնչել են նաեւ լրագրողական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու քաղաքական ամենատարբեր ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ` անհատ հեռուստադիտողների կողմից, ինչը մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ պարտավորեցնող ուղղորդում»,- ասել է Ֆարմանյանը: Նաեւ վստահեցրել է, թե այս ընթացքում արվել է հնարավորը օպերատիվորեն եւ անկողմնակալ տեղեկացնելու հասարակությանը ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացի, կողմերի տեսակետների, հնչած կարծիքների վերաբերյալ: «Չի եղել արտախորհրդարանական ընդդիմության որեւէ հանրահավաք, քաղաքական հայտարարություն կամ ուշագրավ ասուլիս ու միջոցառում, որի ադեկվատ լուսաբանումը մեր կողմից կարեւորված չլինի, եւ որն իր համապատասխան փաստական արտացոլումը ստացած չլինի Հանրայինի եթերում»,- ասել է Ս. Ֆարմանյանը: Նրա խոսքով` Հանրայինի եթերի ինչպես քանակական, այնպես էլ որակական վերլուծությունը, եթե նույնիսկ արձանագրի որոշ խնդիրներ ու բացթողումներ, ապա դա չի լինի ի վնաս արտախորհրդարանական ընդդիմության: «Սա ես արձանագրում եմ ամենայն անկեղծությամբ ու գնահատում եմ որպես մեր երկրի համար կարեւոր ձեռքբերում: Շահագրգիռ որեւէ քաղաքական միավորում, լրագրողական, հասարակական կամ միջազգային կազմակերպություն կարող է անել իր սեփական հետեւությունները կոնկրետ փաստական նյութի` մեր եթերի ուսումնասիրության արդյունքում: Ընդսմին մեր խնդրանքը միայն մեկն է` արդար լինել»,- ասել է նա: Մյուս կողմից, ըստ նրա, Հանրայինը քարոզչական հնարավորությունների ապահովման օրենսդրական պարտավորություն ունի նախընտրական փուլում։ «Մենք քարոզչական հնարավորությունների ապահովման օրենսդրական պարտավորություն ունենք նախընտրական փուլում, իսկ երբ նախընտրական քարոզչության շրջան չէ, օրենսդրորեն մեզ պատվիրակված պարտավորությունը երկրում ընթացող գործընթացների օպերատիվ, հավասարակշռված եւ անկողմնակալ լուսաբանումն է, ինչն այսօր արվում է եւ այսուհետ եւս շարունակելու է արվել»,- ասել է Ֆարմանյանը: