ԱԱԾ աշխատակիցը բռնաբարության գործ է սարքել

21/07/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Էս տեսակ անարդարության մեջ ապրել հնարավոր չի: Ես համաձայն չեմ էս անարդարությանը: Եթե էսպես շարունակվի` կգնամ կնստեմ Սերժ Սարգսյանի դռան մոտ ու արդարություն կպահանջեմ»,- ասում է Էջմիածին քաղաքի բնակիչ Գեւորգ Մկրտչյանը, ով մեկ տարի շարունակ դատական ատյաններում պայքարել է իր իրավունքների համար, սակայն հանցագործության մեջ մեղադրվող անձին համաներմամբ դատարանի դահլիճից ազատ են արձակել:

2010թ. օգոստոս ամսին Գ. Մկրտչյանը Էջմիածին-Երեւան ավտոճանապարհով երթեւեկել է դեպի Զվարթնոցի հատված. «Էնպես ստացվեց, որ հետեւիս մեքենան լույսը թարթել էր, որ ճանապարհ տամ, բայց ես չէի նկատել: Ոչ մի խախտում չեմ արել, պարզապես հետեւի մեքենայի լույսը չեմ նկատել, որ ճանապարհ տամ: Մենակ էն եմ հիշում, որ ուշքի եմ եկել հիվանդանոցում, վիրահատված, աչքիս տակ մի քանի կար տված»,- պատմում է Գ. Մկրտչյանն` ասելով, որ այն մեքենայի վարորդը, որին ինքը համարձակվել է ճանապարհ չտալ, եղել է Աբել Հովսեփյանը, ում հայրը` Արմեն Հովսեփյանը, Էջմիածնում համարվում է հեղինակություն եւ գեներալներից մեկի մտերիմներից է: Այլ կերպ ասած` հարուստ ու թաղային հեղինակություն համարվող անձի որդին չի հանդուրժել այն արարքը, որ Գ. Մկրտչյանը անմիջապես ճանապարհ չի բացել իր մեքենայի համար: Մեքենան մի կողմ է քաշել եւ` «Արի ստեղ` քեզ ասեմ» բղավելով` Գ. Մկրտչյանին այնպես է ծեծել, որ վերջինս կորցրել է գիտակցությունն, ու ինչ-որ անծանոթ մարդիկ նրան հասցրել են հիվանդանոց: «Ինձ ծեծելուց հետո էլ նա մեքենաս վերցրել-փախել էր: Արյունլվա հասցրել են հիվանդանոց, աչքիս տակի ոսկորը ջարդել էր, երեք կար են տվել»,- ասում է Գ. Մկրտչյանն` ավելացնելով, որ երբ ուշքի է եկել` հիվանդանոց են եկել Էջմիածնի ոստիկանության աշխատակիցները: Ինչեւէ, Ա. Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ծանր մարմնական վնասվածք եւ մեքենայի առեւանգում հոդվածներով: «Էնպես ստացվեց, որ ես առողջությանս պատճառված վնասի հատուցում պահանջեցի, որովհետեւ հիվանդանոցում շատ մեծ ծախսեր էի արել, վիրահատություն, երկարատեւ բուժում եւ այլն: Ես պահանջեցի 3մլն դրամ: Նոտարական կարգով, օրինական փաստաթղթերով նրանք ինձ 3500 դոլար փոխհատուցեցին: Հետագայում մենք հաշտության եզրեր գտանք, եւ դատարանում ինքը ազատվեց քրեական պատասխանատվությունից, բայց էդ ամեն ինչն ինձ վրա շատ թանկ նստեց: Այսինքն` ճանապարհ չտալն ինձ համար դարձավ ճակատագրական, որովհետեւ իմ դեմ էնպիսի մի որոգայթ լարեցին, որ չեք էլ կարող երեւակայել: Իրենց պետք էր քրեական գործը կարճել, ես էլ հաշտության եկա` առանց հասկանալու, որ սրանք ինձ հանգիստ չեն տալու»,- ասում է Գ. Մկրտչյանը:

Նույն թվականի նոյեմբերի 17-ին Գ. Մկրտչյանին անծանոթ հեռախոսահամարից զանգ է գալիս. «Մի աղջիկ էր, հաճելի ձայնով: Ինչ-որ բաներ խոսեց, հետո ասեց` ուզում է ինձ հետ հանդիպել: Ճիշտն ասած` համ զարմացա, համ էլ… համաձայնվեցի: Ինձ ժամադրեց «Աղավնի» հյուրանոցային համալիրում: Ճիշտն ասած` շատ սիրուն աղջիկ էր: Ուղիղ 15 րոպե խոսեցինք, ու նա դուրս եկավ, էլ չեմ տեսել իրեն»,- ասում է Գ. Մկրտչյանը` վստահեցնելով, որ հետագայում պարզվել է, որ իր հետ հանդիպումից հետո, հյուրանոցային համալիրից դուրս գալուն պես, Մելանյա Մարտիրոսյան անուն-ազգանունով այդ աղջիկն իսկույն գնացել է Էջմիածնի ոստիկանություն եւ իր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու ահազանգով հայտարարություն է տվել: Ինչեւէ, Ոստիկանությունում Գ. Մկրտչյանի կողմից բռնաբարություն կատարելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել եւ նյութեր են նախապատրաստվել: Սակայն որքան էլ տարօրինակ է` գործի քննությունից պարզվել է, որ բռնաբարության «իմիտացիայի» կազմակերպիչը Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպեր-լիազոր Արայիկ Անտոնյանն է եղել, որը նաեւ հաստատվել է ինչպես Հատուկ քննչական ծառայության մեղադրական եզրակացությամբ, այնպես էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության եւ ՀՀ Վերաքննիչ դատարանների կողմից: Ա. Անտոնյանը խոստովանել է, որ Արմեն Հովսեփյանի (Էջմիածնի թաղային հեղինակություններից մեկը, Աբել Հովսեփյանի հայրը) հետ համագործակցել է, եւ վերջինս իրեն պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել, այլ կերպ ասած` Ա. Հովսեփյանը գործակալական աշխատանք է կատարել եւ Ա. Անտոնյանին անհրաժեշտ տեղեկություններով է ապահովել։ Ա. Հովսեփյանի որդու` Աբել Հովսեփյանի եւ Գեւորգ Մկրտչյանի հետ կատարվածից հետո էլ ավագ օպեր-լիազորն ինքն է ցանկացել «արջի» ծառայություն մատուցել Ա. Հովսեփյանին` Գ. Մկրտչյանից վրեժ լուծելու համար գլխին «գործ սարքելով»: Մելանյա Մարտիրոսյանը Ոստիկանությունում բացատրություն է տվել այն մասին, որ Գեւորգ Մկրտչյանի նկատմամբ բռնաբարության փորձի վերաբերյալ սուտ մատնություն է կատարել, ինչին դրդել է ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպեր-լիազոր, մայոր Արայիկ Անտոնյանը` թելադրելով այդ սցենարը: Նա Ոստիկանությունում ցուցմունք է տվել այն մասին, որ Ա. Անտոնյանն իրեն խաբել է, թե` «Գեւորգ անունով այդ անձը հետախուզման մեջ գտնվող հանցագործ է, ում ձերբակալելը բխում է իր ծառայողական պարտականություններից, եւ դրանում անհրաժեշտ է իր օգնությունը»: Ի դեպ, սուտ մատնության հանգամանքը հաստատվել է նաեւ հյուրանոցային համալիրի աշխատակիցների եւ այլ ականատեսների բացատրություններով, ինչը հիմք է հանդիսացել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2010թ. նոյեմբերի 25-ին այս դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար: «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Անտոնյանն իմանալով, որ Գ. Մկրտչյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նույն գործով ամբաստանյալ Աբել Հովսեփյանից պահանջել է առողջությանը հասցրած վնասի դիմաց որպես դրամական փոխհատուցում 3 մլն դրամ, նրան ամբաստանյալի հետ առանց նախապայմանների հաշտեցման հարկադրելու միջոցով ամբաստանյալի հայր Արմեն Հովսեփյանին օգտակար լինելու նկատառումներով նշված օրը` 2010թ. նոյեմբերի 17-ին, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում հանդիպել է Մելանյա Մարտիրոսյանին, տվել Գ. Մկրտչյանի հեռախոսահամարը եւ դրամական փոխհատուցում ու ծառայողական դիրքից բխող հովանավորչություն խոստանալով` դրդել է խաբեությամբ նրան ներգրավել ինտիմ փոխհարաբերությունների մեջ` արհեստականորեն ստեղծելով բռնաբարության սադրանք, ապա այդ մասին սուտ մատնության հայտարարություն տալ Ոստիկանության բաժնում ու Դատախազությունում»,- նշված է Հատուկ քննչական ծառայության մեղադրական եզրակացության մեջ, որտեղ արձանագրված է նաեւ հետեւյալը` «Ա. Անտոնյանը նկարագրված գործողություններով կատարել է պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ինչն էական վնաս է պատճառել պետության եւ քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին, դրդել ու կազմակերպել է հանցագործության մասին սուտ մատնություն` զուգորդված ծանր հանցագործության մեջ մեղադրելով եւ մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով»: Տուժող Գ. Մկրտչյանը վստահեցնում է, որ իր դեմ կազմակերպված այս հանցագործության միտումն այն էր, որ բռնաբարության հոդվածով իրեն ազատազրկելուց բացի, կալանավայրում էլ կյանքին վերջ տային: «Երեւի գիտեք, թե բռնաբարությունն ինչ հոդված է, ու բանտում ոնց են վերաբերվում նման արարք կատարած մարդկանց: Ես չգիտեմ, ես կյանքում ոչ օրենք եմ խախտել, ոչ էլ որեւէ մեկի իրավունքն եմ ոտնահարել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես իմ հետեւի մեքենային ճանապարհ տալը ուշացրի, ու այ էսպիսի գործ սարքեցին գլխիս: Հասկանո՞ւմ եք, խնդիրն այն է, որ կա բեսպրեդել, ու, եթե դու դրան չես ենթարկվում, ուրեմն` վերջ, կարող են քեզ տրորել մինչեւ վերջ: Էնպես էլ չի, որ ես դեմ եմ գնացել նրան, պարզապես չեմ նկատել հետեւի մեքենայի լույսը, այսինքն` դիտավորյալ չէ, որ ճանապարհ չեմ տվել, ուղղակի չեմ նկատել, ինչը դարձավ ճակատագրական: Ես կոչ եմ անում մեր իշխանություններին` կարգի հրավիրել փողատերերին, փողատերերի տղաներին, նրանց ախրաննիկներին ու վարորդներին, թաղային հեղինակություններին, գողական տղերքին ու…»,- վրդովված ասում է Գ. Մկրտչյանը:

ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության օպեր-լիազորն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել է խոստովանական ցուցմունքներ: Հանցավոր արարքի դրդապատճառը բացատրել է նրանով, թե անօրինական եղանակով փորձելով օժանդակել Ա. Հովսեփյանին` ակնկալել է նրա օգնությունը` հետագա պաշտոնեական պարտականությունների առավել դյուրին եւ արդյունավետ իրականացման գործում: Ի դեպ, վերջինս իր ցուցմունքներում նշել է, որ Ա. Հովսեփյանը չի իմացել Գ. Մկրտչյանի նկատմամբ ձեռնարկած գործողությունների մասին: «Սուտ է ասել, որովհետեւ ամեն ինչ նախապես պլանավորված է եղել: Արմեն Հովսեփյանն Արայիկ Անտոնյանի միջոցով ինձնից վրեժ է լուծել: Ընդ որում, եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ այդ մարմնավաճառ աղջկան դատախազություն է տարել Ռոբերտ Հովսեփյանը, նույն Արմեն Հովսեփյանի հարազատ եղբայրը, որը նաեւ Այգեշատի գյուղապետն է: Դա փաստաթղթերի մեջ արձանագրված է: Այսինքն` Ա. Անտոնյանը ցանկացել է էնպես անի, որ Արմեն Հովսեփյանին էս հանցանքից չոր հանեն, բայց իրականում կազմակերպիչներից գլխավորն ինքն է, որ որդու հետ կատարվածի համար վրեժ է լուծել»,- ասում է Գ. Մկրտչյանը: Այնուամենայնիվ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Անտոնյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Մինչդեռ մի քանի օր առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանը արագացված դատական կարգով որոշում է կայացրել մեկամսյա ժամկետում Ա. Անտոնյանի նկատմամբ համաներում կիրառել եւ, ամենայն հավանականությամբ, ազատ արձակել: Գ. Մկրտչյանը պատրաստվում է դիմել ՀՀ Վճռաբեկ դատարան, սակայն հույս չունի, թե այս ծանր հանցագործությունը կատարող անձինք օրենքի ուժով կպատժվեն: Նա շուտով նամակներով կդիմի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների` խնդրելով ուշադրության արժանացնել եւ անաչառ կրկնակի քննության հանձնարարական իջեցնել: «Ես չգիտեմ, էլ ո՞նց կարելի է ապրել մի երկրում, որտեղ ուզածդ րոպեին ուզածդ մարդը կարող է գլխիդ գործ սարքել: Էլ չեմ ասում, որ պետական համակարգը, ազգային անվտանգությունը ներկայացնող մարդն է դիմում հանցագործության, ինչ է թե` մի փողատերի արջի ծառայություն մատուցի: Հասկանո՞ւմ եք, հանցագործը մնում է անպատիժ: Ուզում եմ մեր նախագահին հարցնել, թե արդյոք ճի՞շտ է` համաներում շնորհել մի մարդու, որը բռնաբարության սուտ մատնություն է կազմակերպում ու անմեղ մարդու ուզում է բանտ գցել: Արդյո՞ք չի նշանակում, որ մեր երկրի ղեկավարը խրախուսում է էս հանցանքը ու հանրապետությունում ստեղծում է մի իրավիճակ, երբ ցանկացած պահի կարող են ինչ-որ մեկի գլխին նորից սարքել»,- վրդովված ասում է Գ. Մկրտչյանը, ով թեեւ շուտով կդիմի ՀՀ Վճռաբեկ դատարան, այդուհանդերձ, համոզվում է, որ արդարություն պահանջելն իզուր է, որովհետեւ, եթե փող չունես, եթե պետական լծակներ չունես, ուրեմն ոչինչ ես: «Նորից եմ ասում, ես համաձայն չեմ էս տեսակ անարդարությանը: Դուք հասկանո՞ւմ եք, թե ես էս մեկ տարվա մեջ ինչ դաժան բաների միջով եմ անցել: Նույն Աշոտ Հովսեփյանի որդին ճանապարհ չտալու համար ինձ էնպես էր ծեծել, որ ես երկար ժամանակ չէի տեսնում, աչքիս բիբը վնասվել էր, ոսկրային կոտրվածքների ցավերից գժվում էի, էլ չեմ ասում, որ ամիսներով չէի կարողանում հաց ուտել, որովհետեւ դեմքիս ամեն շարժումից ցավից մեռնում էի: Էլ չեմ ասում, որ բռնաբարողի համբավն էլ դնում էին վրաս: Բայց ինչո՞ւ… Հարց եմ տալիս մեր նախագահին, որը նրան համաներում է շնորհել, ինչո՞ւ…»:

Ի դեպ, Գ. Մկրտչյանը դատարան է ներկայացրել քաղաքացիական հայցն` ընդդեմ Արայիկ Անտոնյանի, հանցագործության հետեւանքով պատճառված վնասը` 1.500.000 դրամ գումարի չափով բռնագանձելու պահանջով, ինչը, սակայն, թողնվել է առանց քննության: