Առողջության էլիքսիր` խատուտիկ

21/07/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Խատուտիկ բժշկական, Օդուվանչիկ, Taraxacum officinale wigg.

Թվում է, թե խատուտիկը ներկայացնելու կարիք չունի, սակայն քչերին է հայտնի, որ այս համեստ մոլախոտը դարձել է բազմաթիվ գիտական հետազոտությունների առարկա։ Դեռեւս 1895 թվականին գիտնական Բոնները ուսումնասիրել է Ալպյան կլիմայական գոտու ազդեցությունը բույսերի աճի վրա։ Փորձերի համար նա ընտրել է խատուտիկը։

Խատուտիկը ֆոտոտրոպիզմի երեւույթի վառ ապացույց է, ցերեկային վառ լուսավորության ժամանակ ծաղիկները բացվում են, իսկ երեկոյան ժամերին` փակվում մինչեւ լուսաբաց։ Եթե խատուտիկի ծաղկակոթունից երկարավուն նեղ հատվածներ կտրեք` փաթաթված զսպանակի տեսք կընդունեն։

Հին ժամանակներում խատուտիկն անվանել են Caput monachi-Կուսակրոնի գլուխ, որը կապված է ծաղկաթափից հետո ծաղկակալի մերկանալու հետ։

Խատուտիկի մյուս առանձնահատկությունն այն է, որ սերմի զարգացման համար պարտադիր չէ լիակատար փոշոտումը, այդ պատճառով նույն պայմաններում աճող բույսերը կարող են տարբերվել մեկը մյուսից։ Այդ երեւույթը հաճախ է նկատվում խատուտիկի մշակման ժամանակ, հատկապես Ֆրանսիայում, որտեղ այդ բույսին մեծ տարածքներ են հատկացված։ Ի դեպ, ֆրանսիացիներն աճեցնում են ոչ միայն որպես դեղաբույս, այլեւ որպես վիտամիններով եւ օգտակար նյութերով հարուստ հումք` զանազան ուտեստներ պատրաստելու համար։ Խատուտիկը, բացի կաուչուկային «կաթից», պարունակում է «ամարա» կոչվող դառնանյութը, որը կարգավորում է մարսողությունը։ Բացի այդ, արմատներում եւ ցողունի ստորին մասում պարունակվում է բույսի աճը կարգավորող ինուլին կոչվող նյութը, որը շատ օգտակար է շաքարախտի բուժման համար։

Տերեւները (մութ տեղում սպիտակեցված կամ թարմ վիճակով) օգտագործում են աղցանների մեջ, արմատը փոշիացնում եւ պատրաստում են սրճանման ըմպելիք կամ ավելացնում խավարտին (գառնիր), բողբոջներն աղում են եւ պատրաստում մարինադ, իսկ ծաղիկներից ստանում են օշարակ, գինի։

Խատուտիկի թուրմը լավ միջոց է վնասատուների դեմ պայքարելու համար` 1 կգ հումքը 24 ժամ թրմեք 20 լ ջրի մեջ, սրսկեք ծառերը։

Պատմությունից հայտնի է, որ միջնադարում ֆրանսիական ազնվականների շրջանում տարածված են եղել միջազգակցական ամուսնությունները, որի հետեւանքով ծնվում էին արատավոր երեխաներ։ Հավատացել են, որ խատուտիկի հյութի օգտագործումը կանխարգելում է այդ երեւույթը։ Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ մարդիկ փրկվել են սովից` ուտելով խատուտիկի տերեւը, արմատը, որոնք եւ սննդարար են, եւ օգտակար։

Խատուտիկը աստղածաղկավորների ընտանիքի երկշաքիլավոր բազմամյա բույս է։

Առանցքային արմատը միջին մասում ճյուղավորված է, արմատավզիկը գտնվում է հողի մակերեսից 1-2 սմ խորը, որից աճում է տերեւային վարդակը, այն վերջնականապես ձեւավորվում է ձմեռելուց առաջ։ Գարնանը վարդակային տերեւներով շրջապատված բողբոջներից դուրս են գալիս սնամեջ, կարմրամանուշակագույն երանգի ծաղկակիր կոթունները, որոնց երկարությունը հասնում է մինչեւ 30 սմ-ի։

Ծաղկափթթություններ կազմող լեզվակավոր ծաղիկները հասունանալիս առաջացնում են բարակ, մանր սերմեր, որոնք ունեն առագաստանման մազափնջեր։ Խատուտիկը կարող է բազմանալ քամուց մեծ տարածությունների վրա քշված սերմերի եւ արմատի տարբեր հատվածներից առաջացած նոր բույսերի միջոցով։ Բազմացման երկրորդ տարբերակը կախված է պայմաններից։

Խատուտիկի ծաղկման շրջանը տեւում է մոտ 15 օր։ Մեղուները հավաքում են մեծ քանակությամբ ծաղկափոշի։ Մեղրատվությունը 1 հա-ից տատանվում է 40-105 կգ-ի սահմաններում։ Մեղրը թանձր է, ունի սուր հոտ, մի փոքր դառնահամ, վառ դեղին կամ մուգ սաթի գույն։ Մեղրը ծառայում է որպես ձմեռային կեր մեղուների համար։ Խատուտիկի արմատները պարունակում են մոտ 40 տոկոս ինուլին, որը գարնանը նվազում է, մինչեւ 20 տոկոս շաքարներ, կաուչուկ, մոտ 10 տոկոս օրգանիզմի համար անվնաս դառը գլյուկոզիդ, մոտ 10 տոկոս սպիտակուցներ, սակավ ուսումնասիրված տերպենային միացություններ, օրգանական թթուներ, դաբաղանյութ, խեժ, սապոնին, ճարպ, եթերային յուղ, ֆլավոններ, կարոտին, քոլին, ասկորբինաթթու, B2 եւ PP վիտամիններ, կալցիում, երկաթ, ֆոսֆոր։ Ցողունի եւ թարմ տերեւների կաթնային նյութը պարունակում է նաեւ ճարպային սպիրտ, ասպարեգին, փոքր քանակությամբ ինուլին, լուտեին։

Բույսի դառնահամ պատրաստուկները կիրառվում են ավանդական բժշկության մեջ` ախորժակը լավացնելու համար, ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբի, փորկապության, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում։ Թարմ տերեւները եւ արմատների փոշին կարգավորում են խոլեստերինի բաղադրությունը արյան մեջ` հեռացնելով «վատը», ունեն նաեւ ճնշումը իջեցնող հատկություն, խատուտիկը ավելացնում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրությունը` շաքարային դիաբետի բուժման համար։

Ժողովրդական բժշկության մեջ խատուտիկի կիրառումը անհամեմատ լայն է` գեղարարություն, կերակրող մայրերի կաթը ավելացնելու համար, քրտնամուղ, ջերմիջեցնող, շնչառական ուղիների հիվանդություններ, ցավամոքիչ, միզապարկի եւ երիկամների քարերի դեպքում` նաեւ լեղապարկի քարերը լուծելու համար, որպես արյունը մաքրող միջոց, եւ այլն։ Շատ ընդարձակ է խատուտիկի կիրառումը դեղաբուսային փնջերի մեջ։

Սխալ չէ այն կարծիքը, որ բույսն ունի ավելի մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ, քան հայտնի է շատերին։

Խատուտիկը պետք է հավաքել մեծ բնակավայրերից 30 կմ եւ մայրուղիներից 200 մետր հեռավորության վրա գտնվող վայրերից, քանի որ այն կլանում է օդում եւ հողում գտնվող վնասակար նյութերը` հատկապես կապարը։

Խատուտիկը հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։

Խատուտիկի հյութը կիրառում են վահանաձեւ գեղձի հիվանդությունների համակարգված բուժման ժամանակ, քանի որ պարունակում է յոդ եւ կոբալտ։

– Տերեւները 30 րոպե թրջեք, իսկ արմատները 8 րոպե եփեք աղաջրում։ Հումքը աղացեք եւ քամեք, պահպանման ժամկետը սառնարանում` 1 օր։ Խմեք 100 մլ մեղրի հետ օրը 3 անգամ։

– Բույսի արմատը, տերեւը, ծաղիկը կոթունների հետ միասին աղացեք։ Քամեք, 1 լ հյութին ավելացրեք 200 մլ օղի։ Ձմռանը խմեք 1-2 թ/գ, օրը 3 անգամ։

Խատուտիկի հյութը մաքրում է արյունը, հատկապես օգտակար է երակների լայնացման եւ թութքի դեպքում։

Դեղատոմսեր խատուտիկով

Շաքարային դիաբետի դեպքում. 2ճ/գ մանրացրած արմատները 0,5 լ եռջրով լցրեք ջերմապահի մեջ, թրմեք 8-10 ժամ։ Քամեք։ Խմեք կեսական բաժակ, օրը 4 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։

Էկզեմայի դեպքում. Խառնեք չորացրած արմատների բուսափոշին մեղրի հետ (1։1), հարթեցնելով դարձրեք սիսեռահատիկի պես, շուրջը ալյուրապատեք։ Խմեք (ջրի հետ) մեկական այսպիսի դեղահատ, օրը 3 անգամ։

Դեպրեսիայի դեպքում. Խառնեք 1 թ/գ արմատները 200 մլ եռջրի հետ, եփեք 20 րոպե մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Քամեք։ Խմեք օրը 4 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։ Բուժման ժամկետը` 1 ամիս։

Ախորժակի անկման դեպքում. Խմեք կեսական թեյի գդալ մանրացրած արմատափոշի. օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Օգտակար է նաեւ շաքարախտի դեպքում։

Ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում. Խառնեք խատուտիկի մանրացրած արմատը եւ դաղձի տերեւը (1։3), 5-7 րոպե եփեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե թրմեք փակ վիճակում, քամեք։ Բաժանեք հավասար մասերի, խմեք սնվելուց առաջ։ Բուժման ժամկետը 40 օր է։ Յուրաքանչյուր 14 օրը մեկ ընդմիջեք 10 օրով։ Պահպանեք համապատասխան սննդակարգ։

Գիրության դեպքում. 3 գրամ խատուտիկի արմատը եփեք մարմանդ կրակի վրա 200 մլ սառը ջրի մեջ, քամեք, խմեք միանգամից, սնվելուց առաջ։

Լեղամուղ միջոց. Խառնեք հավասար քանակությամբ եղերդակի եւ խատուտիկի արմատները, անթառամ ավազուտայինի ծաղիկը։ Հումքի 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, բաժանեք 3 մասի, խմեք ուտելուց առաջ։

Լեղամուղ դեղաբույսերը սկսվող եւ սուր հեպատիտի դեպքում հակացուցված են։

Առույգացնող միջոց. Խառնեք հավասար քանակությամբ սեւ հաղարջենու, մեղրուկի ծաղիկները (palmonaria), խատուտիկի բողբոջը եւ ծաղիկը, մանր կտրատած բալի մատղաշ ճյուղերը։ Հումքի 2 ճ/գ-ն 3 ժամ 500 մլ եռջրով թրմեք ջերմապահում։ Բաժանեք 4-5 մասի, խմեք օրվա ընթացքում։

Արյունատար անոթները մաքրող միջոց. Խմեք 1-3 ճ/գ թարմ, մատղաշ տերեւների հյութ, օրը 1 անգամ, անոթի վիճակում։

Մանրացրած թեթեւակի բոված խատուտիկի արմատները սրճաղացով աղացեք եւ եփեք` ինչպես սովորական սուրճը։ Խմեք առավոտյան, 1 թ/գ-ին ավելացրեք 100 մլ ջուր, եփեք 3 րոպե թույլ կրակի վրա:

Սնունդը` դեղ

– Աշնանը հավաքեք խատուտիկի արմատները, լավ լվացեք եւ 3-4 կաթիլ կաթնահյութը կաթեցրեք ռաֆինադ շաքարի վրա։ Տեղավորեք շաքարները տուփի մեջ եւ պահեստավորեք ձմռանը թեյի հետ օգտագործելու համար։ Բարձրացնում է դիմադրողականությունը, աշխատանքային տոնուսը եւ պարգեւում լավ տրամադրություն։

– Խատուտիկի 400 հատիկ ծաղիկներին ավելացրեք ջուր, պահեք մեկ օր, քամեք։ Ծաղիկների վրա ավելացրեք 2 հատ մանր կտրատած կիտրոն, կես լիտր եռջուր եւ 1 կգ շաքարավազ։ Եփեք մինչեւ օշարակի խտանալը, քամիչով քամեք։ Ստացվում է խիտ մեղր։ Լցրեք ապակե տարայի մեջ, պահեք։ Տարայի մեջ կգոյանան թափանցիկ բյուրեղիկներ` շաքարից, որոնք կարող եք օգտագործել որպես նաբաթ, իսկ մեղրը` թեյով։

Աղցաններ

– Լվացված տերեւները թրջեք աղաջրում, քամեք։ Կտրատեք, վրան ավելացրեք մայոնեզ, արեւածաղկի ձեթ, աղ եւ մանանեխ (ըստ ճաշակի)։ Այսպիսի աղցանը խթանում է մաղձի, լեղու արտադրմանը։

– Մանր կտրատած տերեւների վրա ավելացրեք մանրացրած սոխ, մաղադանոս, սինձ։ Վերջում լցրեք խնձորի քացախ եւ ձեթ։

Խատուտիկի բողբոջներից (կոկոններից) թթու. 500 գրամ ծաղկաբողբոջներ, 0,5 լ թթվաջուր (1 լ քացախ, 50 գրամ շաքարավազ, կլոր սեւ պղպեղ, դափնետերեւ)։ Վերատեսակավորեք խատուտիկի լվացված բողբոջները, դարսեք կաթսայի մեջ, վրան լցրեք տաք թթվաջուրը։ Եփեք մարմանդ կրակի վրա 5-10 րոպե, մինչեւ եռալը։

Մագնիումի բարձր պարունակության շնորհիվ խատուտիկից պատրաստված գեղարարական միջոցները հարթեցնում եւ մաքրում են մաշկը։

Լոսյոն

Բույսը արմատի հետ միասին լվացեք, դրեք քամիչին, կտրատեք արմատը, ցողունը, տերեւները եւ ծաղիկները։ Լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք այնքան օղի` մինչեւ ծածկի հումքը։ Թրմեք 10 օր (փակ կափարիչով) մութ տեղում։ Քամեք, օգտագործելուց առաջ ոգեթուրմը խառնեք եռջրի հետ (1։2)։ Մշակեք դեմքը օրը 1-2 անգամ։

Պեպենների դեպքում. Աղացեք խատուտիկի արմատները, քամեք հյութը։ Քսեք պեպեններին օրը 3-4 անգամ։

Պեպենների, կորյակների դեպքում. Խառնեք մեկական թ/գ խատուտիկի եւ ծիծեռնախոտի խոտերը, 1 ժամ թրմեք մութ տեղում 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Մշակեք դեմքը առավոտյան եւ երեկոյան։

Քսուք չոր, ծերացող մաշկի համար. Խառնեք խատուտիկի աղացած արմատը, խաղողի հյութը եւ մեղրը (1։1։2)։

Մազաթափության դեպքում

Խատուտիկի 1 ճ/գ մանրացրած տերեւներին լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք։ Բուսաթուրմը ներմերսեք մազարմատների մեջ։