Փետրվարին կլրանա Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցության երրորդ տարին, այն դեպքում, երբ ԱՊՀ խոշորագույն երկիրը՝ Ռուսաստանը դեռ վարանում է միջազգային ամենամեծ տնտեսական կազմակերպության անդամ դառնալ: Ի՞նչ ենք շահել ԱՀԿ անդամակցությունից: Այս առնչությամբ զրուցեցինք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
Վերջինիս կարծիքով, ԱՀԿ անդամակցությունը ողջունելի է ցանկացած երկրի համար: Դա նշանակում է, որ երկիրը պատրաստ է բաց համագործակցության՝ մի կողմից ունենալով ազատ շուկայական տնտեսություն, իսկ մյուս կողմից՝ մրցակցային առավելություններն իրացնելու ձգտում: Հիմնախնդիրը, սակայն, հետեւյալն է. երկիրը նախ պետք է պատրաստ լինի նման քայլի, որը շատ դեպքերում գնահատվում է որպես ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական քայլ: «Տվյալ պարագայում, իմ կարծիքով, Հայաստանը փոքր-ինչ շտապել է անդամակցության հարցում: Ինչու՞: Նախ անդրադառնանք գյուղատնտեսության ոլորտին, որտեղ այսօր զբաղված է աշխատունակ բնակչության կեսից ավելին, սակայն գյուղատնտեսական արտադրանքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կազմում 25%-ից էլ քիչ է»,- ասում է Թ. Մանասերյանը: Վերջին հանգամանքը նա բացատրում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՀԿ անդամ ԱՊՀ մյուս երկրներում (Վրաստան, Մոլդովա, Ղրղըզստան) գյուղատնտեսությունից ակնկալվող արդյունքի նվազմամբ: Աճում է ոլորտում բնակչության զբաղվածության մակարդակը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, նկատվում է ձեռքի աշխատանքի տեսակարար կշռի աճ, ոչ մի առաջխաղացում չկա ոլորտի մեքենայացման առումով, գյուղատնտեսական ապրանքների մրցունակության բարձրացման նպատակով պետությունը համապատասխան աջակցություն չի ցուցաբերում: Գյուղատնտեսության այսպիսի պատկերը, պատգամավորի խոսքերով, լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ ԱՀԿ անդամակցության պահին Հայաստանին պահանջ է ներկայացվել մինչեւ 2009թ. գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը բարձրացնել այն մակարդակին, որ 2009թ. հունվարի 1-ից ոլորտի արտադրությունը հնարավոր լինի հարկել մյուս արտադրանքների պես: Այսինքն, 3 տարի հետո գյուղատնտեսության ոլորտում կիրառվելու է ավելացված արժեքի հարկը, ինչն այսօր չի արվում: «Հայաստանում ծանր վիճակ է ստեղծված. ոչ միայն պետական աջակցություն չկա, այլեւ հետզհետե գյուղացիական տնտեսությունները քայքայվում են՝ սեզոնային աշխատանքի մեկնելու, վառելիքի գնի թանկացման, տարերային աղետների դեպքում գյուղատնտեսությանը տրամադրվող փոխհատուցումների ծավալների եւ այլ հանգամանքների պատճառով»,- ասում է Թ. Մանասերյանը: Վերջինս համեմատության համար նշեց որ թեեւ զարգացած երկրներում գյուղատնտեսությունում զբաղված է աշխատունակ բնակչության ընդամենը 2-3%-ը, այնուամենայնիվ ոլորտը զարգանում է եւ տալիս մրցունակ արտադրանք: Դա պայմանավորված է նրանով, որ պետությունը ոլորտին ուղղակի աջակցություն է ցուցաբերում ֆինանսավորման տեսքով: Օրինակ, Եվրամիությունում մեկ կովին միջին հաշվով այնքան գումար է հատկացվում, որքան չի ստանում գյուղացին Ռուսաստանում: Արդեն ավելորդ է խոսել եվրոպացի ֆերմերների մասին, որոնք մեծ եկամուտներ են ստանում հենց պետությունից, դրա համար էլ պահպանում են իրենց արտադրությունը: Որքան էլ եվրոպական երկրներում գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը բարձր լինի, միեւնույն է, պետությունը շահագրգռված է գների իջեցումով՝ ելնելով պարենային անվտանգության խնդիրներից, իսկ երբեմն էլ գյուղատնտեսական ապրանքներն արտահանում են արհեստականորեն ցածր գներով:
Անդրադառնալով գլոբալիզացիայի պայմաններում զարգացած եւ զարգացող երկրների փոխհարաբերություններին` Թ. Մանասերյանն առաջ քաշեց աշխարհի մասշտաբով կարեւորագույն խնդիրը, այն է՝ աղքատության կրճատումը: «Հազարարամյակի մարտահրավերներում», որ ստորագրել են 180-ից ավելի երկրներ, նշվում է, որ աղքատությունը չի վերանա այնքան ժամանակ, քանի դեռ զարգացած երկրները թույլ չեն տալիս հավասար մրցակցություն:
Վերջերս Հարավային Ամերիկայի երկրների ղեկավարներից շատերը հետաքրքիր ձեւով արձագանքեցին ԱՄՆ-ի առաջարկությանը՝ միանալ Հյուսիս-ամերիկյան ազատ առեւտրի գոտուն: Նրանք շատ լավ գիտակցում են, որ քանի դեռ զարգացած երկրները չեն բացել իրենց տնտեսության «դարպասները» զարգացող երկրներից արտահանվող արտադրանքի առջեւ, մնացած բոլոր խոսակցություններն ավելորդ են, քանի որ դա է, որ թույլ է տալիս իսկապես ազատ մրցակցություն, դա է, որ հնարավորություն կընձեռի զարգացող եւ անցումային փուլում գտնվող երկրներին իրացնել իրենց մրցակցային առավելությունները: Թ. Մանասերյանը գտնում է, որ Հայաստանը բավական լուրջ հնարավորություններ եւ մրցակցային առավելություններ ունի, որոնք կարող են իրացվել նաեւ ոչ միայն ֆինանսական լուրջ ներարկումներ կատարելու միջոցով, այլեւ՝ ռեսուրսները ճիշտ կառավարելու դեպքում: «Մենք պետք է հաշվի առնենք, որ սփյուռքն այս առնչությամբ մեզ կարող է բավական օգնել, ընդ որում, ոչ միայն հեռավոր, այլեւ մերձակա սփյուռքը, մասնավորապես՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Վերջինս շատ լավ սպառման շուկա է հայաստանյան մթերքների համար, այլապես այդ մթերքները գնվում են այլ երկրներից: Այստեղ նաեւ կարեւորում եմ փոխադրամիջոցների դերը, որոնք շուտ փչացող գյուղատնտեսական մթերքները կարող են ժամանակին տեղ հասցնել, իսկ Ռուսաստանի տարբեր շրջաններ ունեն սուր պահանջարկ մեր ապրանքների նկատմամբ»,- նշում է պատգամավորը:
Վերջինս գտնում է, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է Հայաստանում, որտեղ աշխատանքի կազմակերպման փորձեր քիչ թե շատ արվում են: Սակայն հիմնախնդիրներն առկա են նաեւ այլ ճյուղերում, մասնավորապես՝ արդյունաբերությունում: «Այստեղ ոչ միայն նվազում են արտադրության ծավալները, այլեւ փոշիանում է արտադրական ներուժը: Բավարար է նշել, որ Արդյունաբերության նախարարությունը դարձավ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն, ինչը խոսում է այն մասին, որ, ըստ էության, այսօր որեւէ պետական կառույց չկա, որը հստակ պատասխանատու լինի արդյունաբերության զարգացման համար»,- ասում է Թ. Մանասերյանը: Կառավարության կողմից տնտեսության գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առնչությամբ պրոֆեսորը նշեց 2006 թ. բյուջեով գիտությանը հատկացված «ծիծաղելի» գումարը՝ 5,1 մլրդ դրամ, ինչը մոտ 14 անգամ քիչ է կրթության համար նախատեսվող ֆինանսավորման չափից, իսկ գիտության ոլորտի աշխատավարձերը 27 հազ. դրամից չեն անցնում:
Մտավոր աշխատանքի արդյունք հանդիսացող ապրանքներն ու ծառայությունները, որոնց առեւտուրը կարգավորվում է ԱՀԿ-ի կողմից, լուրջ կարգավորումների կարիք ունեն, որովհետեւ, Թ. Մանասերյանի կարծիքով, չեն պաշտպանվում ոչ միայն երկրի ներսում հեղինակային իրավունքները, այլ նաեւ այլ երկրների ներկայացուցիչների հեղինակային իրավունքները Հայաստանում: Թեեւ ԱՀԿ պահանջով այս խնդիրներով զբաղվող համապատասխան գործակալություն է ստեղծվել Հայաստանում, բայց մինչեւ այժմ այն շատ թույլ գործունեություն է ծավալել: «ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը առայժմ օգնում է այլ երկրներին իրենց ապրանքները Հայաստանում սպառելու համար եւ աշխատատեղեր ստեղծելու սեփական երկրներում՝ ի հաշիվ մեր ապրանքների մրցունակության անկման: Այդպիսի մրցակցությանը, ըստ էության, մեր երկիրը պատրաստ չէ: Մի քանի տարի առաջ ես հանդես էի գալիս ոչ այնքան ԱՀԿ-ին անդամակցելուն դեմ (որովհետեւ չի կարելի այդպիսի հարց դնել), որքան այդ անդամակցությանը մեր երկրի պատրաստ չլինելու հանգամանքին դեմ, քանի որ այդ պահը դեռ չի հասունացել: Փորձը ցույց է տալիս, որ առայժմ տուժում ենք: Կարեւորագույն խնդիրը նախ տնտեսական գերակայությունների բացակայությունն է, որը տնտեսական անվտանգության խնդիր է: Այսինքն, տնտեսական կողմնորոշիչներ Հայաստանը չունի, չգիտենք, թե ուր է գլորվում տնտեսությունը, ինչ նպատակներ կան, որոնց պետք է ծառայի տնտեսական քաղաքականությունը»,- գտնում է Թ. Մանասերյանը: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, ապա պատգամավորի կարծիքով, յուրաքանչյուր պետություն պետք է ունենա մեկ հստակ ծրագիր, որից պետք է բխեն ամենամյա ծրագրերը, այն է՝ բյուջեն, որն Հայաստանում «լի» է մի շարք թերություններով: Մասնավորապես, ըստ Թ. Մանասերյանի, ամբողջական ոլորտներ անտեսված են բյուջեի կողմից, օրինակ, քաղաքացիական ավիացիան, բյուջեի ծախսերը մեծանում են դեֆիցիտի հաշվին, մեծ է ֆինանսավորման արտաքին աղբյուրների տեսակարար կշիռը, ինչը լուրջ տնտեսական սպառնալիք է: Լուրջ սպառնալիք է նաեւ մեր կախվածությունը ներմուծումից, վերջինիս ծավալները ավելի քան 2 անգամ գերազանցում են արտահանման ծավալները:
ԱՀԿ պահանջներից են նաեւ երկրի կայուն զարգացման երաշխիքները, իսկ Հայաստանում նույնիսկ փոխարժեքի անկանխատեսելիությունն ու տատանումները բացասաբար են անդրադառնում արտաքին առեւտրի վրա: Եթե երկրում տնտեսական կայունություն չլինի, ներդրումներ չեն կատարվի, իսկ առանց վերջիններիս տնտեսական աճի մասին խոսելն ավելորդ է: Թ. Մանասերյանի կարծիքով, «Հայաստանի երկնիշ թվերով տնտեսական աճն ընդամենը վերականգնողական աճ է, չի կարելի այն համեմատել զարգացած երկրների 1-3%-ի հետ, քանի որ այնտեղ կայուն տնտեսական աճ է»: Փոխարենը նա առաջարկեց համեմատություն անել ետպատերազմյան Գերմանիայի տնտեսության հետ, որի աճի տեմպերը գերազանցում էին տարեկան 30-33%-ը:
ԱՀԿ-ին անդամակցությունից Հայաստանի օգուտ «չքաղելը» Թ. Մանասերյանը բացատրում է նաեւ առողջ տնտեսական մրցակցության բացակայությամբ: Փոխարենն ունենք մոնոպոլիաներ, փոխհամաձայնեցված օլիգոպոլիաներ, կլաններ, որոնք որեւէ կերպ չեն ինտեգրվում ազգային տնտեսությանն, այլ ունեն իրենց նեղ շահերը, խուսափում են հարկեր վճարելուց: «Այս պայմաններում այն նպատակները, որ իրենց առջեւ դնում են ԱՀԿ անդամ երկրները, հետզհետե անիրագործելի են դառնում Հայաստանի համար: ԱՀԿ անդամակցությունից «շահեցինք» այն, որ բացեցինք մեր «դարպասներն» օտարերկրյա արտադրանքի առջեւ: Երկու կարեւորագույն մրցակցային առավելություններ այդպես էլ չկարողացանք իրացնել՝ մեր աշխատուժի մտավոր ունակությունները եւ սփյուռքի մասնագիտական կարողությունները: Վերջինս իրականացնելուց հետո միայն մենք կարող ենք ասել, որ ԱՀԿ անդամակցությունը կնպաստի լուրջ տնտեսական ձեռքբերումներին»,- ավելացրեց պրոֆեսորը: