Տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ Իգոր Պոպոպին, երեկ ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Պաշտոնական այդ հանդիպումներին հաջորդած ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրություններին զուգահեռ՝ ԵԱՀԿ կայքում երեկ տարածվել է նաեւ համանախագահների հայտարարությունը։ Դրանում մասնավորապես ասվում է. «Նախագահների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համանախագահներն ընդգծել են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման հասնելու կարեւորությունը։ Նրանք նշել են, որ ժամանակն է քաղաքական կամք ցուցաբերել, ինչն անհրաժեշտ է ամուր խաղաղության հաստատման, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության ու հաշտեցման համար։ Նախագահները հաստատել են շրջանակային փաստաթղթի համար առաջարկվող վերջին ձեւակերպումներին անցում կատարելուն իրենց հավատարմությունը եւ գործընթացի խաղաղ կարգավորման որոնման հարցում համանախագահների եւ համանախագահող երկրների հետ աշխատանքը շարունակելու կարեւորությունը»։ Նշենք նաեւ, որ ԼՂ հակամարտությանը երեկ անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը՝ բացահայտելով հիմնարար սկզբունքների նախագծի առաջին նախադասությունը. այն սկսվում է հետեւյալ բառերով. «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վճռել են սկսել խաղաղության համաձայնագրի աշխատանքները»։