Երեկ վերջապես կայացավ Հայ ազգային կոնգրեսի կողմից այդքան սպասված երկխոսությունը իշխանական պատվիրակության հետ: Միանգամից արձանագրենք, որ շատ ծիծաղելի, սակայն, միեւնույն ժամանակ, ողբերգական տեսարան էր: Ծիծաղելի էր, քանի որ ամեն ինչ ընթանում էր իշխանությունների սցենարով. Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհրդի դահլիճում, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի զբաղեցրած հարկաբաժնում երեկ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակները մեծագույն ուրախությամբ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեւավորած աշխատանքային խմբի անդամների հետ: Սակայն ամեն ինչ ավելի զավեշտալի դարձավ, երբ հանդիպումից հետո ՀԱԿ-ի պատվիրակները հայտարարեցին, թե բանակցությունների ժամանակ նոր հանգամանքներ են ի հայտ եկել… պարզվել է, որ իշխանական պատվիրակությունը ներկայացնում է գործադիր իշխանությանը եւ Սերժ Սարգսյանին: Ինչպիսի բացահայտում: Իսկ մինչ այդ կարելի էր ենթադրել, թե աշխատանքային խմբի անդամներին նշանակել է Համայնքների միությունը: Եվ այդ «բացահայտումը» ՀԱԿ-ի պատվիրակները ներկայացնում էին այնպիսի խանդավառությամբ, որ տպավորություն էր ստեղծվում, թե երեքուկեսամյա պայքարի նպատակը Դավիթ Հարությունյանի կամ Մհեր Շահգելդյանի հետ նույն սեղանի շուրջ նստելն է եղել: Հենց այդ առումով էլ տեսարանը շատ խղճուկ էր, քանի որ ՀԱԿ-ը այս` ըստ էության, նվաստացուցիչ շոուն շարունակում է ներկայացնել` որպես «ձեռքբերում», որին, դժբախտաբար, ոմանք դեռեւս հավատում են: Ի դեպ, երկխոսության վերաբերյալ մեր նախորդ հրապարակման ժամանակ հռետորական հարցադրում էինք արել` ո՞վ` ո՞ւմ գործիքը կդառնա: Ընդամենը երկու օր պահանջվեց ապացուցելու համար, որ ՀԱԿ-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, դարձավ Ս. Սարգսյանի գործիքը` իր իշխանությունը լեգիտիմացնելու եւ ապագա վերարտադրության ապառիկ լեգիտիմությունը ստանալու հարցում: Մինչդեռ ամեն ինչ որքա՜ն գեղեցիկ էր սկսվել: 2007 թվականի նոյեմբերի 16-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Մեզ պարզապես օգտագործեք որպես գործիք` հանցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրինական իրավունքն իրացնելու նպատակով, ինչի համար ձեզանից ընդամենը պահանջվում է համբերել երեք տարի, գուցե եւ ավելի քիչ… Ես 10 տարի լռելուց, գիտությամբ զբաղվելուց հետո եկել եմ միայն այս ավազակապետությունը կանխելու համար, սա ազգային աղետ է: Կրկնում եմ, որ ես միջոց եմ, գործիք, այս իշխանություններից ազատվելու համար»: Սերժ Սարգսյանը, փաստորեն, կարողացավ համբերել երեքուկես տարի: Եվ իրացրեց իշխանության ձգտման (հաստատման) իր օրինական իրավունքը: