Գյումրիի քաղաքապետարանի, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ շուրջ 3 ու կես տարի առաջ նախաձեռնած դատական գործընթացից հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «ԳԱԼԱ» հ/ը փաստաբանի ներկայացրած վճռաբեկ բողոքը` ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի 26.04.2011թ. որոշումը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում է ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրիի հին հեռուստաաշտարակի վրայից: «ԳԱԼԱ» հ/ը սեփականատեր Վահան Խաչատրյանը հատկանշական է համարում այն, որ մոտ 4 տարի ձգձգվող դատական այս գործընթացը հանգուցալուծում է ստանում համապետական ընտրությունների նախաշեմին, եւ հեռուստաընկերությունը` ապամոնտաժելով իր հեռարձակող սարքավորումները` փաստացի կեթերազրկվի անորոշ ժամանակով: Երեկ այս կապակցությամբ հայտարարություն էին տարածել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հ/կ-ն եւ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը:
«2011թ. հուլիսի 15-ին Գյումրիի քաղաքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` «ԳԱԼԱ» հ/ը նկատմամբ իր պահանջն իրականացնելու համար, այն է` քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժել «ԳԱԼԱ»-ի հեռարձակող սարքավորումները: Հիմք է ծառայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի բողոքի մերժումը, որով ուժի մեջ է մնում ՀՀ վերաքննիչ դատարանի, հօգուտ Գյումրիի քաղաքապետարանի, 2011թ. ապրիլի 26-ին կայացրած վճիռը: Մենք` ներքոստորագրյալներս, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը դիտարկում ենք որպես «ԳԱԼԱ» հ/ը-ի դեմ 2007թ.-ից սկսած` իշխանական տարբեր ատյանների նախաձեռնած ճնշումների տրամաբանական շարունակություն, որն, ըստ էության, խոսքի ազատության դեմ ուղղված արշավ է: Հատկանշական է, որ որոշումը կայացվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի այն որոշումից կարճ ժամանակ անց, ըստ որի` Հայաստանը կատարել է «Ա1+» հ/ը գործով Եվրոպական դատարանի վճիռը, եւ գործընթացը համարվում է փակված: Ցավոք, իրականացան մեր հոռետեսական կանխատեսումները, եւ միջազգային ատյանի այդ որոշումը, փաստորեն, լիովին ազատ արձակեց հայաստանյան իշխանությունների «ձեռքերը»` լռեցնելու իրենց համար անցանկալի նաեւ մյուս լրատվամիջոցներին` ինչպիսին է «ԳԱԼԱ»-ն: Մենք` լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, շարունակելու ենք սատարել «ԳԱԼԱ»-ին եւ կոչ ենք անում իշխանություններին` ձեռնպահ մնալ ազատ խոսքի եւ բազմակարծության դեմ իրականացվող ոտնձգություններից, հատկապես համապետական ընտրությունների նախաշեմին, երբ չափազանց կարեւոր է տեղեկատվության դաշտում բարենպաստ մթնոլորտի ստեղծումը»,- ասված է հայտարարության մեջ: