Թուրքական հանդիպումներ

19/07/2011

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում ունեցած հանդիպումների ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ այդ երկրի հարաբերություններին եւ ցանկություն է հայտնել կարգավորված տեսնել դրանք: Այդ մասին Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարած այցի արդյունքներն ամփոփելիս` հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: «Պետքարտուղարը Ստամբուլում բազմաթիվ հարցեր է քննարկել, այդ թվում` Հայաստանի հարցը: Հիլարի Քլինթոնը ցանկություն է հայտնել, որպեսզի երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն: Վաշինգտոնի համոզմամբ` սա պատմական նախագիծ է,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը` ավելացնելով,- Հիլարի Քլինթոնը քաջալերել է Թուրքիային` աջակցել եւ առաջ տանել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք փակուղի են մտել Թուրքիայի խորհրդարանում»: «Անհրաժեշտ է Հայաստանի հետ մերձենալ վստահությունն ամրապնդող միջոցառումներով եւ անել ամեն հնարավորը` հարաբերությունները ամրապնդելու համար, որը կտանի եւ դեպի դիվանագիտական հարաբերությունների վերականգնում»,- ըստ Պետքարտուղարության պաշտոնյայի` Ստամբուլում հայտարարել է Հիլարի Քլինթոնը: Բացի այդ, ինչպես գրել են թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները, Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին հայտնել է, որ «մանրամասն քննարկվել է իրադրությունը Հարավային Կովկասում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստեղծված իրավիճակը»: Մինչդեռ, հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած հաղորդագրության, Լեռնային Ղարաբաղի հարցի մասին չեն խոսել ո՛չ Քլինթոնը եւ ո՛չ էլ Դավութօղլուն: Նշենք, որ Հիլարի Քլինթոնը Թուրքիա կատարած այցի շրջանակում հանդիպել է նաեւ Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Ըստ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Քլինթոնը թուրքական ընդդիմությանը մեղադրել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը խոչընդոտելու մեջ, ինչին ի պատասխան` ԺՀԿ առաջնորդն իր զարմանքն է արտահայտել: «Իմ հանդիպումների ընթացքում իշխանության ներկայացուցիչներին հարցրի, թե ինչո՞ւ խորհրդարանի օրակարգ չեն մտցվում Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները: Ինձ պատասխանեցին, թե ԺՀԿ-ն դեմ է հանդես գալիս այդ Արձանագրություններին, ինչի պատճառով այդ փաստաթղթերը չեն ներկայացվում խորհրդարանի վավերացմանը»,- ըստ թերթի, ասել է Հիլարի Քլինթոնը: Քեմալ Քըլըչդարօղլուն, նշելով, թե ինքն ուղղակի ապշած է Քլինթոնի խոսքերի առնչությամբ, ասել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում եւ ցանկության դեպքում կարող է վավերացման ներկայացնել հայ-թուրքական Արձանագրությունները: «Ցանկության դեպքում նրանք կարող են օրակարգ բերել եւ վավերացնել այդ Արձանագրությունները: Սակայն կառավարությունը թեմայի առնչությամբ մեզ որեւէ տեղեկություն չի տրամադրում: Նույնիսկ Արձանագրությունների բովանդակության մասին իմացել էինք մամուլից: Իշխանությունները ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող շատ հարցերում նախընտրում են տեղեկություն չտրամադրել մեզ»,- ասել է Քըլըչդարօղլուն: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Քլինթոնը Թուրքիայում հանդիպում է ունեցել նաեւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության ներկայացուցիչների հետ: Իսկ «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունը մերժել է ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպելու առաջարկը: