«Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շատ ակտիվ փուլ են մտել, եւ կողմերի առջեւ խնդիր է դրված հակամարտության լուծման գործընթացում առաջընթաց գրանցել»,- այս մասին երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։ Թեեւ առանց այդ խոսքերի էլ՝ ակնհայտ է, որ գործընթացներն արագացել են։
Ասվածի ապացույցն այն է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման թեման երեկ ամենաբարձր մակարդակով ակտիվորեն քննարկվել է թե՛ Երեւանում (համանախագահների այցի հետ կապված), թե՛ Մոսկվայում (որտեղ հանդիպել են Ադրբեջանի ու ՌԴ արտգործնախարարները), թե՛ Ստամբուլում, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ նույնպես քննարկել է այդ խնդիրը։
Ինչ արդյունքներ կտա այս ակտիվացումը՝ դժվար է ասել։ Նույն Բրադկեն երեկ զգուշավորություն է հանդես բերել՝ նշելով. «Մենք չպետք է շտապենք հետեւություններ անել եւ պետք է սպասենք իրադարձությունների մոտալուտ զարգացմանը»։ Նա ընդգծել է, որ կողմերը, համագործակցելով Մինսկի խմբի համանախագահների հետ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները, իսկ հետո ամփոփեն դրա արդյունքները։ Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ այցելել էին Երեւան։ Մինչ այդ եղել էին Բաքվում։ Նրանց, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրչիկին, ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այդ հանդիպման մասին պատմող ԱԳ պաշտոնական հաղորդագրությունը գրեթե ոչինչ չի ասում։ «Համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորությունները: Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ դրանք հակասում են թե բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե միջնորդների դիրքորոշմանը»,- նշում է ԱԳՆ-ն։
Իսկ Ռոբերտ Բրադկեն բանակցությունների ակտիվ փուլի մասին խոսել է արդեն ճեպազրույցի ժամանակ։ Նա նաեւ ասել է. «Դեսպան Ֆասիեն հիշատակեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այցը Վաշինգտոն, եւ այդ այցի ընթացքում Լավրովը հանդիպել է նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ու Սպիտակ տունը շատ պարզորոշ կերպով ի ցույց է դրել իր աջակցությունը` Լավրովի ու նախագահ Մեդվեդեւի կողմից գործադրվող ջանքերին»։
Հիշեցնենք, որ կազանյան հանդիպումից հետո, որը շատ մեկնաբաններ համարում են ձախողված, ԱՄՆ պաշտոնական այցով մեկնած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ընդունելիս` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել էր Ղարաբաղյան հակամարտության մասին` ասելով, մասնավորապես, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում շրջանակային պայմանագիրը համաձայնեցնելու մտադրությանը:
Համանախագահներին երեկ ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունը տեղեկատվության առումով ավելի ժլատ է, քան ԱԳՆ-ինը։ Ընդամենը նշվում է, որ «հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր»:
Նախագահների հետ հանդիպման մանրամասների մասին որոշ տեղեկատվություն է պարունակում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որը տարածվել է երեկ եւ տեղադրվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։ Դրանում մասնավորապես ասված է, որ «Բաքվում եւ Երեւանում համանախագահները համապատասխանաբար հանդիպումներ են ունեցել նախագահներ Ալիեւի ու Սարգսյանի հետ։ Նախագահների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համանախագահներն ընդգծել են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման հասնելու կարեւորությունը։ Նրանք նշել են, որ ժամանակն է քաղաքական կամք ցուցաբերել, ինչն անհրաժեշտ է ամուր խաղաղության հաստատման, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության ու հաշտեցման համար։ Նախագահները հաստատել են շրջանակային փաստաթղթի համար առաջարկվող վերջին ձեւակերպումներին անցում կատարելուն իրենց հավատարմությունը եւ գործընթացի խաղաղ կարգավորման որոնման հարցում համանախագահների եւ համանախագահող երկրների հետ աշխատանքը շարունակելու կարեւորությունը»։
Այն, որ համանախագահների այցերից հասարակությունը շատ քիչ բան է իմանում, արդեն նորություն չէ։ Փոխարենը՝ ինֆորմացիայի առումով հարուստ էր միջազգային (մասնավորապես` ռուսաստանյան) լրահոսը, որը վերաբերում էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մոսկովյան այցին։
Էլմար Մամեդյարովը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է փոխանցել Բաքվի` ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված առաջարկների պատասխանը (հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում Երեւանին եւ Բաքվին էր փոխանցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված առաջարկները)։ Մամեդյարովն ընդգծել է, որ բանակցային գործընթացում ամեն ինչ Ադրբեջանից կախված չէ, եւ պետք է սպասել Երեւանի պատասխանին։ «Մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացում առաջընթաց կա։ Մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի այն կետը, երբ բոլորը կհասկանան, որ առկա իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ, այդ թվում` մեր հարեւաններին»,- ասել է Մամեդյարովը։ Հակառակ կազանյան հանդիպման մասին թերահավատությամբ արտահայտվողների՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ իր կարծիքով, կազանյան հանդիպումը քայլ էր առաջ, եւ նշել, թե հասունացել է խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու ժամանակը։ «Խաղաղ պայմանագրի քննարկումը կլինի այն բանի ազդանշանը, որ մենք անցնում ենք բանակցությունների վերջին փուլին»,- ասել է նա։ Նշենք, որ օրեր առաջ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսել Երեւանի հետ։
Իսկ Լավրովը, խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին, ասել է. «Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ հիմնարար սկզբունքների նախագիծը սկսվում է հետեւյալ բառերով. «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վճռել են սկսել խաղաղության համաձայնագրի աշխատանքները»։ Ապա շարադրվում են սկզբունքները, որոնց մենք համաձայնեցնում ենք եւ որոնք մտնելու են խաղաղության համաձայնագրի մեջ»։ Նրա խոսքերով՝ համանախագահների միացյալ կարծիքն այն է, որ համաձայնեցման դեպքում քաղաքական փաստաթուղթը շատ կարեւոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագրի հետագա աշխատանքների համար։ «Այն արդեն իսկ իրենում պարունակում է զգալի քանակությամբ դրույթներ, որոնք պատրաստ են ներառվել պայմանագրում։ Սակայն մի շարք դրույթներ, որոնք ընդհանրապես շատ չեն, սակայն ունեն առանցքային նշանակություն, դեռեւս հանդիսանում են համատեղ աշխատանքի առարկա»,- ասել է Լավրովը։
Ի դեպ, Լավրովի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողները առիթը բաց չեն թողել` խոսել իրենց իսկ տարածած տեղեկատվության առնչությամբ (խոսքը վերաբերում է 13 տարեկան Այգյուն Շամխալիեւային, որը զոհվել էր իբր հայերի պատրաստած պայթուցիկ սարքից)։
Ի պատասխան՝ Լավրովը հիշեցրել է, որ միջադեպի առնչությամբ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել, եւ կոչ է արել լրագրողներին մինչ դատական գործի ավարտը զերծ մնալ «ահաբեկչական գորղծողություն ու վանդալիզմ» որակումներից: Ընդհանրացնելով պատասխանը, ՌԴ արտգործնախարարն ասել է. «Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ցանկացած բռնի գործողություն ղարաբաղա-ադրբեջանական սահմանային շփման գծում»: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է նաեւ նախագահներ Դ. Մեդվեդեւի, Ի. Ալիեւի ու Ս. Սարգսյանի Աստրախանում ու Սոչիում կայացած եռակողմ հանդիպումների ընթացքում ընդունված հայտարարությունները, որոնցում խոսք է գնում կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման ու սահմանային միջադեպերի հետաքննության վերաբերյալ: Այս կապակցությամբ Լավրովն ընդգծել է, թե վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներին է դասվում շփման գծից դիպուկահարների դուրսբերումը:
Ռուսաստանի արտգործնախարարության կայքի հաղորդմամբ` երեկ Լավրովի հետ շփվել է նաեւ Էդվարդ Նալբանդյանը, հեռախոսով։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին առնչվող տարբեր ասպեկտներ։ Ըստ հաղորդագրության, կողմերը շեշտը դրել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում եւ 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կատարման այժմեականության վրա։ Այդ պայմանավորվածություններն առնչվում էին հրադադարի ռեժիմի պահպանման, փոխադարձ հիմունքներով անվտանգության հավելյալ միջոցների ու վստահության ամրագրման, միջադեպերի հետաքննման հարցում համագործակցության անհրաժեշտությանը։ Նալբանդյանը հայտնել է, որ մոտ ապագայում ռուսական կողմը կստանա Սերժ Սարգսյանի պատասխանը` հունիսի 24-ին Կազանի հանդիպման արդյունքներով Մեդվեդեւի հղած ուղերձին։
ԼՂ հակամարտությանն առնչվող լրահոսն այսքանով չի սահմանափակվում։ Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի՝ հուլիսի 16-ին Ստամբուլում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Իսկ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին Դավութօղլուն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Կովկասում առկա զարգացումները, ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Թե ի վերջո ինչի՞ կհանգեցնի ԼՂ հիմնախնդրի շուրջ այս աննախադեպ ակտիվությունը, դժվար է ասել։ Փոխարենը, արդեն ակնհայտ է, որ միջազգային հանրությունը գնալով մեծացնում է ճնշումը կողմերի վրա եւ կարծես այլեւս մտադիր չէ հանդուրժել «սառեցված» վիճակները։