Խոշորների գործերը վատ չեն

19/07/2011

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մշակել եւ վերլուծության է ենթարկել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները»՝ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է հետեւյալ պատկերը։ Խոշոր հարկատուների` իրացումից հասույթը 2011թ.-ի մայիս ամսին կազմել է 195.9 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 11.9 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 252 կազմակերպությունների մոտ` 41.9 մլրդ դրամով, եւ նվազել 180-ի մոտ` 20.3 մլրդ դրամով: Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալներն այս տարվա մայիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 5.9 %-ով եւ կազմել 75.2 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 160 կազմակերպությունների մոտ` շուրջ 26.2 մլրդ դրամով, եւ նվազել` 153-ի մոտ` համապատասխանաբար 22.0 մլրդ դրամով: Արտահանման ծավալները 2011թ.-ի մայիսին կազմել է 26.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ամսվա 20.4 մլրդ դրամի փոխարեն, կամ ավելի 6.4 մլրդ դրամով: Պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի մայիսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.0 մլրդ դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի մայիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 60.2 %-ը: Նախորդ տարվա մայիսի մոնիտորինգի համաձայն՝ խոշոր հարկատուների վճարած հարկերը 16.1 միլիարդ դրամ էին։ Այսինքն՝ հարկերի առումով խոշորներն ունեցել են շուրջ 4 միլիարդ դրամի աճ։ Սակայն հարկ է նշել, որ ի տարբերություն այս տարվա, նախորդ տարի մոնիտորինգի էին ենթարկվել ոչ թե 440, այլ 344 հարկատուների ցուցանիշները։

Նշենք նաեւ, որ չնայած նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրված աճին՝ ապրիլի համեմատ խոշոր հարկատուները զգալիորեն ավելի քիչ հարկ են վճարել: Մասնավորապես, այս տարվա ապրիլին վճարվել էր մոտ 26 մլրդ դրամ հարկ, կամ ընդհանուր հարկային մուտքերի 62.3 տոկոսը:

2011թ.-ի մայիսին հարկային մարմնի կողմից կատարվել են 86 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել են բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1291.6 մլն դրամի չափով: 01.06.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 82.5 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 49.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 5.2 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի մայիս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձեւակերպում է կատարվել 4257.4 մլն դրամի չափով: