Շոու-բիզնեսի «աքլորները»

19/07/2011

Ռուսական sobesednik.ru կայքը կազմել է շոու-բիզնեսի ամենակռվարար տղամարդկանց ցանկը: Բնականաբար, ցուցակի «պատվավոր» առաջին հորիզոնականն է զբաղեցրել երգիչ Վալերի Մելաձեն: Անցյալ տարի նա քար էր նետել այն մեքենայի վրա, որի մեջ հղի լրագրող էր նստած եղել, իսկ այս տարի նա աչքի է ընկել մեկ այլ միջադեպով` ծեծկռտուքով: Ռուսական էստրադայի «վերջին ռոմանտիկին» դուր չէր եկել, որ թերթի լրագրողը լուսանկարել է իրեն: Նա վազել է լրագրողի ետեւից, ծնկի բերել նրան՝ պահանջելով իրեն հանձնել լուսանկարչական սարքը:

2-րդ հորիզոնականում է Ֆիլիպ Կիրկորովը, ով «նուրբ» զգացողություններ է տածում թույլ սեռի նկատմամբ. նա կամ շատ հեռու է ուղարկում՝ հայհոյանքի իր հարուստ բառապաշարով, կամ էլ ապտակում է անմիջապես համերգի ժամանակ: Անցյալ տարի համերգներից մեկի ժամանակ վերջինս չափն անցել էր՝ հարուստ բառապաշարից եւ ձեռքերից բացի, գործի դնելով նաեւ ոտքերը: Իր երկար ոտքերով նա հարվածել էր համերգի ձայնային ռեժիսորին: Ոտքերին ազատություն տալուց հետո, Կիրկորովը մեկնել է Իսրայել՝ նյարդերը բուժելու:

3-րդ հորիզոնականում է դերասան Մել Գիբսոնը, ով այնպես էր հարվածել իր երեխայի մորը՝ Օքսաննա Գրիգորեւային, որ ջարդել էր վերջինիս ատամները, ինչի համար եւ արժանացել էր 3 տարի պայմանական ազատազրկման ու 16-ժամյա հանրային աշխատանքների:

4-րդ հորիզոնականում հայտնված Քրիս Բրաունն աչքի է ընկել նրանով, որ ամուր, «տղամարդկային» բռունցքով գեղեցկացրել էր ընկերուհու՝ երգչուհի Ռիհաննայի առանց այն էլ գրավիչ դիմագծերը: Ծեծված երգչուհու լուսանկարները հրապարակեցին աշխարհի բոլոր լրատվամիջոցները, իսկ Քրիս Բրաունի կարիերան հավասարվեց զրոյի: