Սրճարանում 6.8 է «թխվում»

19/07/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանյան սրճարաններից մեկում դատարկություն էր տիրում: Դա այն սովորական դատարկությունը չէր, որին սովորաբար ականատես ենք լինում Երեւանում կեսօրի կիզիչ արեւի տակ քայլելով: Սրճարանի դատարկությունը պայմանավորված էր հայկական էստրադայի ոչ այդքան «կարկառուն» դեմքերից մեկի՝ Ջոնի տեսահոլովակի նկարահանմամբ: Երգիչ Ջոնը նկարահանում էր իր «Պարիր» տեսահոլովակը: Նկարահանման մասնակից տարբեր աղջիկների խումբն անհամբեր պատրաստվում էր հայտնվել կադրում, «աստղ» դառնալ: Այս նկարահանումների մասին թերեւս ոչ ոք չիմանար, եթե չլիներ օպերատոր Սուրեն Թադեւոսյանի գործոնը: Սուրենն այսօր մեծ պահանջարկ ունեցող օպերատորներից է, ով համագործակցում է հիմնականում ճանաչված ռեժիսորների հետ` լուրջ նախագծերի նկարահանման ընթացքում: Գերծանրաբեռնվածության պատճառով Սուրենը շատ անգամ չի էլ հիշում այն երգի անունը կամ երգչի ազգանունը, ում համար տեսահոլովակ է նկարահանում: Մեր հարցին, թե այս վազքի մեջ երբեւէ մտքով չի՞ անցել «գռդոն» անել, Սուրենը պատասխանեց. «Եթե ես չեմ հասցնում շունչ քաշել իմ աշխատանքային ռիթմի պատճառով, դա դեռ չի նշանակում, որ ունեմ «գռդոնի» իրավունք: Իմ աշխատանքից է կախված տվյալ երգչի կամ երգչուհու տեսահոլովակի ընկալումը հանդիսատեսի կողմից»: Մեր դիտարկմանը, որ կան երգիչներ եւ, առավել եւս, երգեր, որոնք «գռդոնից» առավել ոչնչի արժանի չեն, Սուրենը արձագանքեց. «Չեմ կարծում, թե այդպիսիք կան: Ի վերջո, մարդն աշխատանք է կատարել: Լավ թե վատ, դա արդեն հարցի մյուս կողմն է: Եթե ես մի անգամ սխալվեմ, իմ ձեռագրից դուրս որեւէ կադր նկարեմ` իսկույն կդառնամ խոսակցության թեմա, քննարկման առիթ: Իսկ մեր երկիրը շատ փոքր է՝ խոսակցություններն արագ են տարածվում: Ես իմ անվան հետ երբեք չեմ խաղա, որքան էլ որ շնչակտուր աշխատեմ»: Սուրենը պատրաստվում է ռուսական հեռուստաընկերություններից մեկի համար Չեչնիայի մասին պատմող 4 մասանոց ֆիլմ նկարահանել՝ հայ ռեժիսորի, ինչպես նաեւ` հայ եւ ռուս դերակատարների մասնակցությամբ: Թե ինչո՞ւ են ռուսներն այս լուրջ, միեւնույն ժամանակ` շատ նուրբ թեման առաջադրել հայ ռեժիսորին եւ օպերատորին, ինչպես նաեւ` ֆիլմի մասին այլ մանրամասները մենք կներկայացնենք թերթի հաջորդ համարներում: