Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է պատվիրակությունների մակարդակով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ ծավալվելիք երկխոսության դետալների վրա, երկխոսությունը բովանդակային առումով ավելի խորքային ու գլոբալ մակարդակ է տեղափոխվում` ամրապնդելով այն վարկածը, որ երկխոսությունը, որպես այդպիսին, սկսվել է վաղուց Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մակարդակով` ՀԱԿ վերջին հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի հղած ամենակարեւոր ուղերձի տրամաբանության շրջանակներում: «Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որեւէ այլ քաղաքական ուժ, այդ թվում` ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան: Սկզբունքի տեսակետից` դա Կոնգրեսի եւ անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը»,- ասել էր Լ. Տեր-Պետրոսյանը: Այս հայտարարությանն ի պատասխան` «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը հայտարարել է. «Եթե նախագահի թեկնածուները ազնիվ նախընտրական պայքար իրականացնեն, ճանաչեն քվեարկության արդյունքները եւ շնորհավորեն հաղթողին, ապա ժողովուրդը եւս չի մտածի, թե ընտրությունները կեղծվել են»: Իսկ երեկ էլ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն ասել է, որ երկխոսության ընթացքում անակնկալներ են սպասվում: «Առաջին հերթին այս գործընթացը միտված կլինի նոր մշակույթի ձեւավորմանը, այնպիսի մթնոլորտի, որը թույլ կտա անցկացնել այնպիսի ընտրություններ, որի ժամանակ պարտվող քաղաքական ուժը կշնորհավորի հաղթող քաղաքական ուժին»: Ավելի պարզ ասած` Ս. Սարգսյանն ակնարկել է` իշխանությունն ընդունում է խաղի այս կանոնը եւս: Բնականաբար, դեռեւս հրապարակայնորեն չի քննարկվում, թե ի՞նչ կստանա ՀԱԿ-ը նման հեռանկարային գործառույթ իրականացնելու համար, սակայն տվյալ դեպքում դա երկրորդական հարց է. ի վերջո, եթե ՀԱԿ-ի երկարաժամկետ առաքելությունը լինելու է արդեն 2013թ. Ս. Սարգսյանի վերընտրության լեգիտիմացումը, ապա էական չէ, թե հատկապես քանի՞ մանդատ կստանա ԱԺ-ում: Հերթական կամ արտահերթ ընտրություններում: Ակնհայտ է, որ Ս. Սարգսյանը նման պայմաններում կարող է գնալ նաեւ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու քայլին, եթե չլինի իրադրության` վերահսկողությունից դուրս գալու եւ դրանից բխող մտավախությունը. որքան էլ ՀԱԿ-ը եւ իշխանությունները երկխոսեն, ակնհայտ է, որ նրանք մինչեւ վերջ չեն վստահում միմյանց եւ երկուստեք մտահոգվում են դիմացինի կողմից «քցվելու» հեռանկարից: Ի դեպ, եւս մի հետաքրքիր հանգամանք: Նոր ձեւավորված ԿԸՀ կազմը, որը լավագույնս վկայում է իշխանությունների կողմից առաջիկա ընտրությունները կեղծելու հաստատակամության մասին, ըստ էության, այնքան էլ չի մտահոգել ՀԱԿ-ին, թեեւ առանձին ներկայացուցիչներ քննադատում են այն` ժանրի կանոններից չշեղվելու համար: Մինչդեռ միայն Գարեգին Ազարյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակելու Ս. Սարգսյանի քայլը ՀԱԿ-ի համար պետք է բավարար լիներ երկխոսության գործընթացն ընդհանրապես դադարեցնելու համար, քանի որ նույնիսկ արտահերթ ընտրությունների արդյունքները պետք է վավերացնի Ազարյանի ղեկավարած հանձնաժողովը: Այսպիսով, երկխոսության շուրջ ներկայումս ծավալվող աժիոտաժն իրականում անտեղի է, քանի որ պատվիրակություններն ընդամենը ֆորմալացնելու են առաջնորդների մակարդակով ընթացող բանակցությունները, որոնք շատ ավելի բարեհաջող կերպով ընթանում են նաեւ հեռակա կարգով: