Տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին` Արման Մադաթյանը, մտադիր է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հենց ինքը` Մադաթյանը` մեկնաբանելով իր առաջադրման մասին մամուլի հրապարակումները: Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ Էրեբունիի տարածքային կառույցի փոխնախագահ Արման Մադաթյանը նշել է, որ թեեւ նման մտադրություն ունի, սակայն իր այդ մտադրությունը պետք է համաձայնեցվի կուսակցության ղեկավարության հետ: Հայտնի է, որ նույն ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, ում հետ Մադաթյանները խնամիական կապի մեջ են: Այդ հանգամանքը, սակայն, կրտսեր Մադաթյանին չի կաշկանդում: «Հա, լսել եմ, որ նա առաջադրվելու ցանկություն ունի, կարդացել եմ այդ մասին նրա հարցազրույցը: Ընտրություններին դեռ բավական ժամանակ կա: Եվ, երբ ժամանակը գա, իմ կուսակցական ընկերների հետ կորոշենք իմ անելիքները: Դեպքերից առաջ ընկնել պետք չի»,- ասել է Մադաթյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, մեծամասնական ընտրակարգով չառաջադրվելու դեպքում` կընդգրկվի ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում: Մամուլում արդեն գրվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փոփոխություններ է կրելու Էրեբունի վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքի քարտեզը, որպեսզի այդտեղ առաջադրվելու հնարավորություն ունենան միանգամից մի քանի թեկնածուներ: Ըստ այդմ` Էրեբունիի մի ընտրատարածքում առաջադրվելու է Մհեր Սեդրակյանը, մյուսում` Էդուարդ Մադաթյանի որդին: Նրանք, քանի որ խնամիներ են, որոշել են միմյանց դեմ չառաջադրել թեկնածությունները եւ Էրեբունին հավասար կիսել են իրար մեջ: