Մի «սխալի» պատմություն

16/07/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վրիպումներ բոլորն են անում, այդ թվում՝ ԶԼՄ-ները։ Դե, դա նորմալ բան է. որտեղ կա մարդկային գործոնը, սխալներից խուսափելն անհնար է։ Սակայն, երբ վրիպակը փոխում է հաղորդվող լուրի բովանդակությունը, հետո մյուս

ԶԼՄ-ները այդ սխալ լուրը արտատպում են, հաջորդ օրն էլ այդ սխալ լուրը դառնում է հանրային քննարկման առարկա, դա արդեն իսկական զավեշտ է։

Մի այդպիսի զավեշտալի «միջադեպ» տեղի ունեցավ երեկ։ Բավականին հայտնի ԶԼՄ-ներից մեկն իր օն-լայն լրահոսում տեղադրեց հետեւյալ լուրը. «Մերսեր. Երեւանում ապրելը անցած մի տարում մի փոքր էժանացել է»։ Լրատվամիջոցը հղում էր արել «Մերսեր» հետազոտական կենտրոնին, որը պարբերաբար հրապարակում է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը։ Հիմա մեջբերում ենք լուրի այդ հատվածը. «Երեւանում ապրելը անցած մեկ տարվա ընթացքում մի փոքր էժանացել է. համենայնդեպս, այդ է փաստում «Մերսեր» հետազոտական կենտրոնի վերջին զեկույցը: Ուսումնասիրության համաձայն, աշխարհի թանկ քաղաքների շարքում Երեւանը 2011 թվականին երեք կետով զիջել է դիրքերը եւ հիմա գրավում է 167-րդ հորիզոնականը` 214 քաղաքների շարքում»։ Կյանքի էժանացման մասին լուրը, լավագույն դեպքում, ծիծաղ կհարուցի գոնե ամիսը մեկ անգամ խանութ այցելող հայաստանցիներին։ Մենք էլ, անկեղծ ասած, փորձում էինք հասկանալ՝ ինչպե՞ս կարող է «Մերսերը» Երեւանում կյանքի էժանացում արձանագրել, եթե անգամ պաշտոնական տվյալներով` գնաճը կազմում է 9%։ Բացատրություններ գտնելու հարցում մեզ օգնեց նույն կայքը, որը գրել էր. «Ընդհանուր առմամբ, սակայն, ըստ զեկույցի, նախորդ տարվա համեմատ` այս տարի ապրուստը երեք քաղաքներում էլ էժանացել է: «Դա պայմանավորված է երկու գործոնով,- ասում է կազմակերպության ներկայացուցիչ Նատալի Մետրալը եւ մանրամասնում.- Քաղաքների վարկանիշների վրա ազդում են գների փոփոխությունն ու ազգային արժույթի տատանումները` ամերիկյան դոլարի նկատմամբ, քանի որ մենք որպես հաշվարկման միավոր վերցնում ենք Նյու Յորքը»: Սակայն այս բացատրությունից ավելի խճճվեցինք։ Բանն այն է, որ զեկույցը դիտարկում է 2011 թվականի մարտի գները եւ 2010թ. մարտի գները։ Իսկ նախորդ տարվա մարտին դոլարի փոխարժեքն ավելի բարձր էր (մի պահ հասել էր 400 դրամի), քան այս տարվա մարտին։ Իսկ դա, այսինքն` դոլարի փոխարժեքի անկումը, նշանակում է, որ Հայաստանի կյանքը արտասահմանցու համար ավելի է թանկանում։ Օրինակ, եթե հյուրանոցի օրավարձը 60 հազար դրամ է, ապա նախորդ տարվա մարտին օտարերկրացին պետք է վճարեր 150 դոլար, իսկ այս տարի՝ 162 դոլար։

Մի խոսքով՝ այդ բացատրությունը մեզ չօգնեց, եւ գտանք «Մերսերի» պաշտոնական կայքի պաշտոնական մամուլի հաղորդագրությունը։ Ի զարմանս մեզ, Երեւանի մասին առանձին ոչ մի տող չկար, ինչպես նշել էր հայաստանյան լրատվամիջոցը, թե՝ «Մերսեր. Երեւանում ապրելը անցած մի տարում մի փոքր էժանացել է»։ Մտածեցինք՝ նման կոնկրետ նախադասություն չկա, բայց հո՞ աղյուսակը պետք է այդ մասին վկայի։ Եվ այդտեղ եկավ ամենածիծաղելի «բացահայտումը»։ Պարզվում է՝ Հայաստանը այդ ցուցակում ոչ թե «նահանջել է 3 կետով», այլ բարձրացել։ 170-րդ հորիզոնականից բարձրացել է 167-րդը։ Իսկ ցանկը կազմված է նվազման կարգով, որքան ցածր է հորիզոնականը, այնքան էժան է քաղաքը։ Ստացվում է, որ ըստ «Մերսերի»` Երեւանում ապրուստը ոչ թե էժանացել է (ինչի բացատրությունը զուր փորձում էինք գտնել), այլ հակառակը՝ թանկացել։

Ուշագրավն այն է, որ եթե Երեւանի դեպքում ցանկում վեր բարձրանալը սխալ էր մեկնաբանվել, ապա Բաքվի եւ Թբիլիսիի դեպքում լավ էլ ճիշտ հասկացել էին։ Բաքուն 36-րդ տեղից նահանջել է 48-րդ տեղը, իսկ Թբիլիսին՝ 179-րդ տեղից 191-րդը։ Այսինքն, այս երկու քաղաքներում «Մերսերն» իրոք արձանագրել է էժանացում, ի տարբերություն Երեւանի։

Այս ամենը կարող էինք ընդունել ուղղակի որպես վրիպակ։ Դե ո՞ւմ հետ չի պատահում։ Բայց այս ամենից հետո կրկին հարց առաջացավ՝ իսկ որտեղի՞ց էր հայաստանյան կայքը վերցրել «Մերսերի» ներկայացուցչի բացատրությունը տարածաշրջանի երեք մայրաքաղաքներում կյանքի էժանացման մասին, եթե արդեն տեսանք, որ նման բան չկա Երեւանի դեպքում։

Ուշադիր զննելով անգլերեն տեքստը՝ Եվրոպային, Միջին Արեւելքին եւ Աֆրիկային վերաբերող բաժնում վերջապես գտանք Նատալի Կոնստանտին-Մետրալի այն խոսքերը, որոնք գոնե մոտ էին վերը նշված հայերեն տարբերակին։ «Ms Constantin-Metral commented: գIn most Western European cities, the cost of living for expatriates has remained relatively stable over the last 12 months. However, many of the regionգs cities have still dropped in the ranking. In large part, this is because all cities are compared to New York and price increases there have been more significant than in most European cities. Some reduction in accommodation costs, due to the economic downturn, has also been behind changes in rankings for select European cities գ most notably Athens and Barcelona.» (http://www.mercer.com/press-releases/1420615)։

Թարգմանաբար, սա հնչում է այսպես. «Արեւմտյան Եվրոպայի քաղաքների մեծ մասում ապրուստի գինը օտարերկրացիների համար համեմատաբար կայուն է մնացել վերջին 12 ամիսների ընթացքում։ Սակայն տարածաշրջանի շատ քաղաքներ, այդուհանդերձ, նահանջել են վարկանիշում։ Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր այս քաղաքները համեմատվում են Նյու Յորքի հետ, որտեղ գների բարձրացումն ավելի զգալի է եղել, քան եվրոպական քաղաքներից շատերում։ Տնտեսական անկման հետեւանքով անշարժ գույքի հետ կապված (բնակարան, հյուրանոց, իջեւանատուն եւ այլն.- Բ.Թ.) ծախսերի որոշակի կրճատումը նույնպես դեր է խաղացել վարկանիշում առանձին քաղաքների տեղեշարժի հարցում։ Ամենից շատ դա արտահայտվում է Աթենքի եւ Բարսելոնայի դեպքում»։ Բա ո՞ւր են անդրկովկասյան երեք քաղաքները։ Չկան։ Մինչդեռ հրապարակումից կարելի էր ենթադրել, որ խոսվել է հատուկ հենց այդ քաղաքների մասին։ Ինչ վերաբերում է արժույթի տատանումների ունեցած դերին, ապա զեկույցում այդ մասին խոսվում է, սակայն կրկին՝ ոչ անդրկովկասյան քաղաքների տեսանկյունից։ Այն պարզ պատճառով, որ «Մերսերը» նշել է, թե ազգային արժույթների արժեւորումը ինչպես է թանկացրել ապրուստը, օրինակ, Արգենտինայում, Վենեսուելայում, Ավստրալիայում եւ այլ քաղաքներում։

Ահա այսպիսի խառը պատմություն։ Անկեղծ ասած, ամենեւին հակված չենք կարծել, որ այս սխալմունքը միտումնավոր է արված։ Ավելի շուտ կարելի է ենթադրել, որ հեղինակը սկզբում շփոթվել է՝ կարծելով, թե Երեւանում արձանագրվել է ապրուստի էժանացում, հետո սխալ ելակետի վրա հիմնվելով` արդեն փորձել է բացատրություն գտնել «Մերսերի» մեկնաբանություններից։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ հայաստանյան մի շարք ինտերնետային լրատվամիջոցներ, առանց ճշտելու բնագիրը, արտատպել էին այս լուրը։ Կասկած չունենք, որ հեռուստաընկերությունները՝ հետեւելով իրենց ինտերնետային գործընկերներին, կշտապեն «ավետել» երեւանցիներին, որ իրենց ապրուստն ավելի մատչելի է դարձել։ Սակայն նրանցից ոչ ոք չի շտապի կրկին անդրադառնալ այս թեմային, երբ պարզվի, որ «Մերսերն» իրականում հակառակն է փաստել։ Սա էլ հո «Forbes»-ի «փիս» հրապարակումը չէ՞, որ ողջ քարոզչամեքենան լծվի այն հերքելու սրբազան գործին։

Հ.Գ.
Ի դեպ, չի բացառվում, որ որոշ քաղաքական գործիչներ այս հոդվածից հետո ասեն՝ բա՞, էս չե՞ն լրագրողները, առանց ճշտելու` սխալ լուրեր են տարածում։ Նշենք, որ երեկ ցանկանում էինք զանգահարել ասուլիսասեր պետական գործիչներից մի քանիսին եւ հարցնել՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, որ «Մերսերը» Երեւանում կյանքի էժանացում է արձանագրել։ Գրեթե համոզված ենք, որ նրանց 99%-ը ոչ թե կասեր` այդ լուրը սխալ է, այլ «կյանքի» էժանացումը կհիմնավորեր կառավարության եւ Կենտրոնական բանկի տքնաջան ու նվիրված աշխատանքով։ Բավականին զավեշտալի բան կստացվեր, սակայն նման բան, այդուհանդերձ, չարեցինք։