«Արցախ եկող իտալացի քանդակագործներն արգելված կլինեն Ադրբեջանում»

16/07/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ասում է Շուշիում քանդակագործության առաջին սիմպոզիումի նախաձեռնության հեղինակ, սիմպոզիումի նախագահ, Ֆլորենցիայում բնակվող հայազգի հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը

Դեռեւս 1 տարի առաջ ամառվա այս օրերն էին, երբ Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը մեզ հետ զրույցի ժամանակ խանդավառված պատմում էր Շուշիում քանդակագործության սիմպոզիում անցկացնելու իր մտահղացման մասին: Այն ժամանակ զրուցակցիս խոսքերը թվում էին ռոմանտիկ, ներշնչված խիստ էնտուզիազմով: Եվ ո՞վ կպատկերացներ, որ այն ժամանակ ոչ իրատեսական թվացող մտահղացումն այսօր կյանքի կկոչվի, եւ հուլիսի 15-29-ը Շուշիում տեղի կունենա շուշեցի մեծանուն քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը կրող քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումը:

– Վիգեն, այնուամենայնիվ, ինչպե՞ս առաջացավ Արցախում քանդակագործության միջազգային սիմպոզիում անցկացնելու միտքը:

– Շուշիում քանդակագործության միջազգային սիմպոզիում անցկացնելու միտք ծնվեց երկու տարի առաջ: Չնայած դրան, այս միտքն ավելի վաղ էր առաջացել, երբ 1992թ. հայտնվեցի Շուշիում: Այն ժամանակ երբեմնի արվեստի քաղաքը տեսա ավերված, քայքայված, պատերազմի հետեւանքները կրող մի քաղաք: Այդ օրը խոստացա, որ կօգնեմ Շուշիին: Անցան տարիներ, եւ քաղաքին օգնելու միտքը ձեւավորվեց քանդակագործության միջազգային սիմպոզիում անցկացնելու տեսքով: Իհարկե, 1992թ.-ից մինչ օրս Շուշին բավական փոխվել է՝ պատերազմի հետեւանքները վերացել են, բնակիչներն ավելի են գեղեցկացել, ծնվել է նոր սերունդ, այլ կերպ ասած՝ Շուշին վերածնվել է: Իսկ հիմա արդեն ճիշտ ժամանակն է ձեւավորել Շուշիի դեմքը՝ վերադարձնելով նրա՝ արվեստի քաղաք լինելու նշանակությունը Հայոց աշխարհում: Իտալիայից գալիս են հիմնականում արվեստագետ իմ ընկերները, ովքեր իմ միջոցով ճանաչեցին, սիրեցին Հայաստանը: Նրանք եկել են ոչ միայն տեսնելու Հայաստանը, այլեւ թողնելու իրենց արվեստի գործերը: Այս տարի 14 քանդակագործներ կաշխատեն Շուշիում՝ իրենց գործերը տեղադրելով այնտեղ: Ընդ որում՝ 10 տարի անց այս ծրագրի շնորհիվ 150 քանդակներ կգեղեցկացնեն Շուշին:

– Իսկ քանդակագործները թեմայի ընտրության հարցում ազա՞տ են լինելու:

– Այո, նրանք լիովին ազատ են այդ հարցում, այսինքն՝ այն, թե ինչ կզգա նրանցից յուրաքանչյուրը` Հայաստան կատարած իր այցելությամբ, Արցախ աշխարհը տեսնելով, ծանոթանալով նրա արդի խնդիրներին, ազատագրման պայքարի հարցերին` ծնունդ կտա իր հուշարձանը: Իսկ հուշարձանները ոչ միայն արվեստի գործեր կլինեն, այլեւ նվիրված կլինեն Շուշիի ժողովրդին, որն իր պայքարով հասավ ազատության: Ամենայն հավանականությամբ, գործերը նվիրված կլինեն ազատությանը: Ինչպես նշեցի, այս տարի կգան 14 քանդակագործներ, ինչպես նաեւ` Ֆլորենցիայից 3 լուսանկարիչներ եւ հեռուստառեժիսորներ, ովքեր կլուսանկարեն ամբողջ այդ աշխատանքները, բացի այդ, վավերագրական ֆիլմ կնկարահանեն: Լուսանկարները տեղ կգտնեն կատալոգում, որն այս տարվա ընթացքում կտպագրվի եւ կտարածվի ամբողջ Եվրոպայում: Իսկ ֆիլմը կցուցադրվի Իտալիայի պետական հեռուստատեսությամբ: Նշեմ, որ պատվավոր հյուրերի շարքում կլինի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը, իսկ սիմպոզիումի գեղարվեստական ղեկավարը՝ պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալոն, ով եւս իմ լավ ընկերն է, եւ երկու անգամ արդեն ինձ հետ եկել է Հայաստան:

– Այնպիսի տպավորություն է, որ միայն իտալացիներն են մասնակցելու, չնայած այն հանգամանքին, որ սիմպոզիումը կրում է «միջազգային» անունը:

– Կարծում եմ՝ սխալ տպավորություն է ստեղծվել: Սա առաջին սիմպոզիումն է, որ կատարվում է հրավիրված արվեստագետներով, այսինքն՝ հյուրերի մի մասին ես եմ հրավիրել, մյուս մասին՝ Ֆրանչեսկո Գալոն: Հաջորդ տարիներին սիմպոզիումը կանցկացվի մրցույթով, եւ կմասնակցեն միայն մրցույթի հաղթողները, ովքեր կլինեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Այս տարի կմասնակցեն արվեստագետներ, ովքեր չեն վճարվելու, իսկ հետագա տարիներին կլինեն նաեւ հոնորարներ: Նորից պետք է ընդգծեմ այն հանգամանքը, որ սա առաջին սիմպոզիումն է, եւ ես ընտրել եմ պրոֆեսորներ, ովքեր թե՛ ուսանողների հետ իրենց հանդիպումների միջոցով, թե՛ ԶԼՄ-ներով, կտարածեն Արցախի պատմությունը: Կարծում եմ՝ այդ ճանապարհով մենք հաջողություններ կունենանք արցախյան խնդրի ճանաչման հարցում, ովքեր դա կփոխանցեն հազարավոր մարդկանց:

– Քանդակագործներն ինչպե՞ս ընդունեցին հրավերը՝ այն էլ անվճար աշխատելու:

– Ճիշտն ասած, նրանց գալը պայմանավորված էր որոշակի ռիսկերով: Նրանք քաջատեղյակ են, թե ուր են գալիս: Իհարկե, գիտեին, որ գնալով Արցախ` այլեւս երբեք չեն կարող այցելել Ադրբեջան: Բոլոր մասնակիցներն էլ պատրաստ էին, այսպես ասած՝ գնալ այդ «զոհողությանը»՝ Ադրբեջանում դառնալով «պերսոնա նոն գրատա»:

– Ադրբեջանցիների կողմից արձագանքներ ստացե՞լ եք:

– Որպեսզի ադրբեջանցիները չկարողանային խանգարել մեր ծրագրին, իսկ նման բազմաթիվ դեպքեր եղել են, որոշեցինք մինչ սիմպոզիումի մեկնարկը չգովազդել, մասնակիցների անուններ չտալ, որ իրենք չհասցնեն կապ հաստատել մասնակիցների հետ կամ խանգարել նրանց բարի նպատակները: Որպես օրինակ` կարող եմ նշել, երբ ադրբեջանցիները խանգարեցին Անգլիայից Արցախ գնացող սենատորներին, մի շարք քաղաքական, մշակութային գործիչների: Ադրբեջանցիները կապ են հաստատում նրանց հետ՝ պարզապես զգուշացնելով, որ չեն կարող պաշտպանել նրանց անվտանգությունը:

– Իսկ հնարավո՞ր է` տեղեկատվությունը ստանալուց հետո բարձրանա ադրբեջանցիներին բնորոշ հիստերիան:

– Միգուցե հետագայում հնարավոր է, բայց այն, որ Արցախ եկող արվեստագետներն այլեւս արգելված կլինեն Ադրբեջանում, դա հաստատ է: Եվ հատկապես ուրախալի է, երբ այդ արվեստագետներն առանց վարանելու կամ վախենալու համաձայնեցին մեկնել Արցախ:

– Վիգեն, 1 տարի առաջ մեզ հետ զրույցում՝ խոսելով Արցախում քանդակագործության սիմպոզիում անցկացնելու մասին, նշեցիք, որ հրավեր կուղարկեք նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հրավերն ուղարկեցի՞ք:

– Նման միտք կար, ճիշտ է, բայց կարծում եմ՝ դեռ վաղ է նման հումորներ անել: Ճշմարտությունը տարբեր ձեւերով կարելի է ասել, այդ թվում` հումորի լեզվով: Այս պահին չեմ ցանկանա նման հումորային պրովոկացիա անել:

– Վախենո՞ւմ եք:

– Իհա՛րկե ոչ, հարցը վախը չէ: Քանդակագործների քանդակելու ժամանակ քարերից մեկը հաստատ կընկնի Ալիեւի աչքը: Իսկ եթե առանց հումորի խոսենք, ապա ազատ Արցախի մշակութային այս ակցիան արդեն մարտահրավեր է Ադրբեջանի համար, ինչն անխոս քաղաքական երանգներ կստանա:

– Ի դեպ, համաձայն ծրագրի մի դրույթի՝ սիմպոզիումի մասնակից-արվեստագետները պետք է ապրեին արցախցիների տներում, շփվեին նրանց կենցաղի հետ: Դա իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ:

– Քանի որ սիմպոզիումն անցկացվում է առաջին անգամ, եւ կարծում եմ՝ եւ՛ արցախցիները, եւ՛ Արցախի եւ Հայաստանի Մշակույթի նախարարությունները դեռ դժվարությամբ են պատկերացնում այս ամենը, այս տարի նման ռիսկի չենք գնա, արվեստագետները կապրեն հյուրանոցներում, այլ ոչ թե արցախցիների տներում՝ իրենց հետ կիսելով նրանց աղուհացը:

– Վիգեն, լինելով այս նախագծի հեղինակը՝ չե՞ք կարծում, որ բեռը շատ ծանր է: Ի՞նչն է ավելի շատ անհանգստացնում:

– Անհանգստանում էի կազմակերպչական խնդիրների համար, քանի որ պետք է շատ արագ կազմակերպեինք արվեստագետների այցը Հայաստան: Իրենց օգնության ձեռքը մեկնեցին Երեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, եւ Հայաստանի Մշակույթի նախարարությունը՝ ի դեմս Հասմիկ Պողոսյանի, Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմն` ի դեմս Պարգեւ Սրբազանի, Շուշիի քաղաքապետարանը: Բավականին արագ կողմնորոշվեցին՝ կազմակերպելով հյուրերի այցը Երեւան, Արցախ, ինչպես նաեւ հետադարձը դեպի Հռոմ: Իսկ քանի որ Հռոմ-Ստեփանակերտ թռիչք դեռ չկա, հյուրերը պետք է իջնեին Երեւանում, որտեղ Երեւանի քաղաքապետարանի եւ Մշակույթի նախարարության կողմից արվեստասեր հասարակության համար կազմակերպվելու են մասնակիցների հետ հանդիպումներ: Իսկ Արցախում նրանք կաշխատեն:

– Աշխատելու են արվեստանոցներո՞ւմ, թե՞ բացօթյա պայմաններում:

– Աշխատելու են բացօթյա պայմաններում՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնի հետ: Ի դեպ, չմոռանամ ասել, որ «Նարեկացի» արվեստի կենտրոնը՝ ի դեմս Նարեկ Հարությունյանի, առաջին իսկ պահին լսելով այս ծրագրի մասին, սատար կանգնեց եւ չխնայեց որեւէ ջանք:

– Ի դեպ, Դուք՝ որպես քանդակագործ, կմասնակցե՞ք սիմպոզիումին:

– Ոչ, ես չեմ կարող՝ որպես քանդակագործ մասնակցել, քանի որ սիմպոզիումի նախագահն եմ, շատ մեծ պատասխանատվություն եմ կրում, եւ, բացի կազմակերպչական հարցերից, մի շարք այլ հարցերի մասին պետք է ես հոգամ: Սիմպոզիումին կմասնակցեն նաեւ 4 արցախցի քանդակագործներ: Բուն աշխատանքային գործընթացը կլինի 11 օր, որից հետո կլինի սիմպոզիումի փակման արարողությունն ու քանդակների ցուցադրումը:

– Այդ կարճ ժամանակամիջոցում կհասցնե՞ն քանդակներն ավարտել:

– Բավական դժվար առաջադրանք կլինի արվեստագետների համար, բայց կտեսնենք: Սիմպոզիումը` հենց ինքը, սեփական ուժերի փորձություն է՝ այդ պահին ներշնչվելու: Սիմպոզիումը ոչ թե արվեստի մտածված գործ է, այլ այդ պահի ազդեցության տակ ծնված աշխատանք: Տվյալ պարագայում հասցնել-չհասցնելու խնդիր չկա: Ամեն դեպքում մենք բոլոր պայմանները կստեղծենք, որպեսզի արվեստագետներն իրենց լավ զգան եւ Արցախում գեղեցիկ գործեր թողնեն:

Հ.Գ.
Այսօր` հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում ասուլիս կտան սիմպոզիումի մասնակից իտալացի քանդակագործները: Ասուլիսին կհաջորդի դասախոսություն 17-րդ դարի իտալական գեղանկարչության շուրջ, որը կվարի Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին: Դասախոսության շրջանակներում կցուցադրվի «Մեկ քանդակի պատմություն» ֆիլմը: Ավարտին կկատարվի կոմպոզիտոր Արտեմ Ղազարյանի «Միքելանջելո Բուոնարոտիի եղերերգը»` սոպրանոյի եւ լարային կվարտետի համար: Ստեղծագործության մեջ զուգադրաբար օգտագործված են մեջբերումներ Միքելանջելոյի` Վիտտորիա Կոլոննային նվիրված մադրիգալից եւ Դանթե Ալիգիերիի «Աստվածային Կատակերգության» «Դրախտի» 33-րդ երգից: