«Եկեք մի քիչ զրուցենք»,- ասում եմ շենքի մուտքի մոտ, ձեռքերը մեջքին ծալած, դանդաղ ճեմող Նավասարդ Թելյանին: «Չէ, էլի, պետք չի»,- շփոթված պատասխանում է: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: «Դե՛, եսիմ է, նենց եմ ամաչում»,- գլուխը կախ պատասխանում է 41-ամյա տղամարդը: «Ումի՞ց»,- հարցնում եմ: «Ձեզնից էլի: Ես ավելի լավ ա գնամ մի քիչ շախմատ խաղամ»,- ասում է Նավասարդը, ով շոգից կարմրել է, ու դեմքից քրտինքը ծորում է: «Խմե՞լ եք»,- հարցնում եմ: «Հա, մի բաժակ: Չեմ կարա չխմեմ: Որ չեմ խմում` ջղային եմ դառնում, ամեն ինչի վրա ներվայնանում եմ»: Ասում եմ` «Բայց խոսելու բան կա, ձեր հարազատներն անհանգստանում են ձեզ համար»: «Չէ, խոսելու բան չկա: Առաջ կար, հիմա չկա: Քույրիկ ջան, լացս գալիս ա, եթե մի քիչ էլ շարունակես` սիրտս լցվելու ա, ու սկսեմ լաց լինել: Դու դրանից քեզ ավելի լավ կզգա՞ս»,- մի քիչ ջղաձիգ տոնով ու դողդողացող ձայնով ասում է Նավասարդն ու հեռանում: Ընկերները, ծնողներն ու քույրն ասում են, որ երկու Նավասարդ կա. մեկը, որ 1990-ին կամավոր մեկնել է պատերազմ, մյուսը, որ վերադառնալուց հետո թեեւ ֆիզիկապես կա, բայց հոգեպես ջարդուփշուր եղած, ծանր հիշողություններով ապրող, մղձավանջներից ձերբազատվել չկարողացող Նավասարդն է: Եղբայրը` Սամվելն, ասում է` «Մինչեւ պատերազմ գնալը, եթե դանակը դնեիր վզին` մի գրամ ալկոհոլ չէր խմի: Ընդհանրապես խմիչք չէր օգտագործում: Բոլորն էլ իրեն շատ էին սիրում, շատ մեծ սիրտ ունի: Ամբողջ մեր թաղամասն ա ասում, որ եթե նրանից մի բան ուզես` սիրտն էլ քեզ կտա: Արաբոյի ջոկատից էր, երեւի գիտեք, թե էդ տղաների հետ ինչ սարսափելի բաներ են կատարվել»: Սամվելն ասում է, որ մարտական ընկերներին դաժան պայմաններում կորցնելուց հետո Նավասարդը շատ ծանր սթրեսներ է տարել ու մինչեւ հիմա ուշքի չի գալիս: «Ղարաբաղից գալուց հետո ամբողջ օրը խմում ու լացում ա: Երբեք ոչ մեկի թաղմանը չի մասնակցում, վախենում ա: Մեր ամենամոտ հարազատների թաղումներին հրաժարվում ա մասնակցել, մենք էլ, անկեղծ ասած, չենք ստիպում` հասկանալով, որ ինչ-որ լուրջ բան ա կատարվում իրա հետ: Չի կարողանում, շատ ա ազդվում, բայց ոչ էլ բացատրում-կիսվում ա, որ հասկանանք` հետն ինչ ա կատարվում»,- պատմում են նրա քույրն ու եղբայրը: Երբ հեռուստատեսությամբ Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ են ցույց տալիս` Նավասարդը չի կարողանում նայել` լաց լինելով տանից հեռանում է: Հարազատների հետ երբեք չի կիսվում, ոչ ոք չգիտի, թե նրա հետ ինչ է կատարվում: «Երեւի կհիշեք Արաբոյի ջոկատի հետ կատարված սոսկալի դեպքերը, երբ 70-80 հոգի ընկել էին շրջափակման մեջ, հետո անհայտ կորել ու վերադարձել էին ընդամենը 11-ը: Եղբայրս երկար ժամանակ համարվել ա անհայտ կորած, ու մենք էլ չէինք սպասում, թե նա կվերադառնա: Հույսներս կտրած` հաշտվել էինք էն մտքի հետ, որ նա էլ ա զոհվել: Տանը սուգ էր, պատրաստվում էինք թաղման ու պիտի նրա շորերը պահանջեինք, որ գոնե դրանք թաղեինք: Սուգ, ողբ, բոլորը լացում էին, մեկ էլ դրսից կատվի մլավոց լսեցինք, դուռը բացեցինք ու տեսնենք` ի՞նչգ Վասոն (մարտի դաշտում Նավասարդին Վասո են կնքել) արյան մեջ կորած, անգամ մազերն էնքան արյունոտ էին, որ չորացել, հատ-հատ արնաթաթախ կանգնել էին»,- պատմում է Նավասարդի եղբայրը` վերհիշելով կատարվածը, որը լսելիս` հայրը գլուխն առնում է ափերի մեջ ու լաց է լինում: Մայրը` տիկին Աշխենն, ասում է, որ Նավասարդին այդ վիճակում գտնելուց հետո նրան օրեր շարունակ լողացնելով չեն կարողացել արյան հոտից ձերբազատել: Պատմում է, որ վերադառնալուց հետո նա օրեր, շաբաթներ շարունակ երեխայի պես հեկեկալով միայն լաց է եղել: «Մենակ մի բան գիտենք, որ էդ սկզբում երեխու պես լացելով պատմում էր: Ասում էր, երեք օր դիակների կողքին պառկած մնացել ա, որ կարծեն, թե ինքն էլ ա մահացած: Ասում էր` լիքը դիակներ, վրան հազարումի միջատներ, մեռելների հոտ, ու նրանց կողքին երեք օր ու գիշեր անշարժացած պառկել ա: Մեկ էլ հիշում եմ, որ ընկերոջ համար անընդհատ գլխին էր խփում: Վիրավոր ընկերոջը գրկած ահագին տարել էր, հետո նա ստիպել էր, թե` մեկ ա, ես չեմ ապրի, մեռնելու եմ: Ինձ թող, դու գոնե փախի, որ փրկվես: Էնքան էր ստիպել, որ թողել էր, ու ասում էր` չոչ անելով ահագին տարածություն էր գնացել, մինչեւ հասել էր էդ դիակներին: Ինքը մինչեւ հիմա էդ հոտն առնում ա, դրա համար վախենում ա թաղումների գնա, դիակներից սարսափում ա»: 20 տարի է անցել այդ սարսափելի, դաժան իրականությունից, բայց Նավասարդը դեռ էնտեղ է, հիշողությունների մեջ: Հարազատներն ասում են, որ ամեն օր խմում է ու սկսում է լաց լինել: Անգամ կինն ու երկու երեխաներն են հեռացել նրանից` այլեւս չկարողանալով հանդուրժել նրա հարբեցողությունը: Ծնողներն ասում են, որ արդեն քանի տարի է` խնդրելով, համոզելով` նրան հորդորում են որեւէ բուժհաստատություն դիմել եւ փորձել ապրել այնպես, ինչպես բոլորը: Չի համաձայնվում: «Հասկանո՞ւմ եք, ինքը ասում ա` ես չեմ գա բուժվելու: Մենք ստիպում ենք, որ Նարկոլոգիական դիսպանսերում բուժվի ու էլ չխմի, բայց, միեւնույն ա, չի համաձայնվում»:
Նավասարդ Թելյանի հարազատները դիմել են խմբագրություն` նրան հարկադիր բուժման ուղարկելու հարցում աջակցելու համար: Ասում են` դիմել են ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, «Հոգեբուժական բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանն առընթեր նարկոլոգիական կլինիկա», բայց բոլոր տեղերից ի պատասխան` տեղեկացրել են, որ հարկադիր բուժում կարող են կազմակերպել միայն հիվանդի համաձայնությամբ կամ այն դեպքում, երբ մարդն ունի հոգեկան խնդիրներ, որի հետեւանքով հասարակության համար վտանգ է ներկայացնում, այն էլ` դատարանի որոշմամբ: «Շատ մեղք ա ախր, շատ ա տանջվում: Պարզ ա, որ ինքը չի ուզի պառկել հիվանդանոց, բայց ինքը քրոնիկ հարբեցող ա հիմա: Ամեն օր` առավոտ-իրիկուն խմում ա: Չի դիմանա էսպես, շատ ա տառապում: Ուզում ենք հիվանդանոցում պառկի, որ հոգեբանները, հոգեբույժները հասկանան իրան ու փորձեն օգնել, թե չէ` էս մարդը էդ հիշողություններից գժվում ա: Եթե, իհարկե, արդեն չի գժվել, ամբողջ գիշեր քնած տեղը խոսում ա»,- ասում են Նավասարդի հարազատները, ովքեր օրեր առաջ դիմել են Ոստիկանություն` նրան հարկադիր բուժման ուղարկելու խնդրանքով, սակայն իրավապահները տեղեկացրել են, որ եթե նա ոչ մեկին վնաս չի տվել, անթույլատրելի արարք չի կատարել, ուրեմն` իրենք իրավունք չունեն հարկադիր բուժման հայտ ներկայացնելու: «Ասում են` բողոք գրեք, որ ինքը տանը ծեծ ու ջարդ ա սարքում, բայց ինքը նման բան չի անում: Ինքը իրան ա վնասում, խմում ա, գլորվելով մի օր ընկնում` գլուխը ասֆալտին ա խփում, մի օր քիչ ա մնում մեքենայի տակ ընկնի: Կարող ա` մի օր էլ ինքնասպանություն կատարի: Հասկանո՞ւմ եք, կործանվում ա էս մարդը, իսկ մենք չգիտենք ինչ անենք: Ինքը երբեք չի համաձայնվի բժշկի գալ, որովհետեւ իրան համարում ա կորած մարդ, իսկ եթե մենք բռնի ուժով տանենք, մեկ ա, ասելու են` մինչեւ իրա համաձայնությունը չլինի` չենք կարող պահել: Էս ինչ աբսուրդ օրենքներ են ընդունել: Մարդու իրավունքների պաշտպանը պիտի էս օրենքը դնի քննարկման, որովհետեւ հոգեկան խնդիր ունեցող կամ հարբեցող մարդը երբեք իր համաձայնությունը չի տա, որ բուժվի, ու դա հեչ էլ մարդու իրավունքի պաշտպանություն չի, այլ` հակառակը, որովհետեւ հիվանդ մարդու հարազատները չգիտեն ինչպես օգնել նրան»,- ասում է Նավասարդի եղբայրը` Սամվելը:
Ինչեւէ, Նավասարդ Թելյանի հարազատները խնդրում են որեւէ կերպ աջակցել կամ թույլ տալ, որպեսզի իրավապահ մարմինները հարկադիր բուժման օրենքը կիրառելով` նրան ուղարկեն Նարկոլոգիական դիսպանսեր, հակառակ դեպքում, 41-ամյա այս տղամարդը աստիճանաբար խելագարվում է: Նավասարդի մոր` Աշխեն Թելյանի նամակն ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` տպագրում ենք նրա խնդրանքով: Վերջինս շուտով նամակով կդիմի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Մեծարգո պրն Օհանյան, հայտնում եմ Ձեզ, որ որդիս` Նավասարդ Թելյանն, անցել է Ղարաբաղյան պատերազմի փշոտ ու տատասկոտ ճանապարհով: Եղել է Արաբոյի` Մանվել Եղիազարյանի ջոկատում եւ փառքով վերադարձել է ընտանիք: Սակայն ռազմի դաշում կորցրած ընկերների շիրիմները մինչեւ հիմա հանգիստ չեն տալիս նրան, որի արդյունքում նա տարվեց խմիչքով եւ որի պատճառով կորցրեց նույնիսկ ընտանիքը: Նրա ընկերները եւ շրջապատը ցավում են նրա համար եւ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի փրկեն որդուս սպիտակ մահվան ճիրաններից, սակայն` ապարդյուն: Հարգարժան պրն նախարար, ես չորս որդի ունեմ, որոնցից երկուսը մասնակցել են Արցախյան պատերազմին, իրենց սրերը փառքով են դրել պատյանների մեջ եւ մի որոշ ժամանակ անց մոռացության մատնվել: Պետական հոգածության պակասի պատճառով որդիներս իրենց զգացել են նսեմացած ու արհամարհված: Նավասարդը` Վասոն, որին այդպես են կոչում իր մարտական ընկերները, այսօր գտնվում է ծայրաստիճան վատ վիճակում: Տառապում է լյարդի հիվանդությամբ, իսկ բոլորովին վերջերս ոտքերն են սկսել ուռչել: Առաջնահերթ անհրաժեշտ է, որպեսզի բուժեն նրան եւ ազատեն խմիչքի ճիրաններից, որից հետո միայն պետք է ստացիոնար բուժում ստանալ, որպեսզի կարողանա դասավորել իր հետագա կյանքը: Նա երկու երեխաների հայր է, եւ ես կուզենայի իմ մայրամուտի շեմին տեսնել որդուս` կնոջ եւ թոռնիկներիս հետ միասին: Ինձ ապրելու ոչինչ չի մնացել, տառապում եմ քաղցկեղ հիվանդությամբ, իսկ ամուսինս սրտի արատով հիվանդ է: Իմ խորին ափսոսանքն եմ հայտնում, որ ունենալով հայրենիքին նվիրված որդի` այսպիսի դաժան ապագա է պահված նրա համար: Նա այսօր մեր օջախի միակ հույսն ու հավատն է, սակայն մեր աչքի առջեւ նա դառնում է անկառավարելի եւ խմիչքի գերի: Ելնելով վերը շարադրյալից, խնդրում եմ` Դուք էլ պատերազմի ուղիով անցած մարդ եք, սատար կանգնեք, որպեսզի նրան ուղարկեն հարկադիր բուժման, քանզի նա մեր խորհուրդները չի ընդունում եւ օրեցօր ավելի է ընկղմվում այդ դժոխային հորձանուտը: Նրա համար ցավում են նաեւ իր մարտական ընկերները եւ տալիս են իրենց ստորագրությունը, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի բժշկական պարտադիր բուժում»: