Բրիտանացի գիտնական Օբրի դի Գրեյը հայտարարել է, որ աշխարհում արդեն ծնվել է մարդ, ով կապրի 150 տարի, իսկ առաջիկա 20 տարում կծնվի 1000 տարի ապրելու ունակ մարդ: Գիտնականը համոզված է, որ իր կյանքի ընթացքում դեռ կտեսնի, թե ինչպես բժշկությունը կստեղծի ծերության դեմ պայքարի միջոցներն ու հնարավորությունները, կբացահայտվեն ծերանալու ընթացքում առաջացող բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոցները: «Շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկա 25 տարում բժշկությանը կհաջողվի վերահսկողության տակ վերցնել ծերացման գործընթացը»,- ասել է դի Գրեյը: Նրա վարկածի համաձայն, շատ մոտ ապագայում յուրաքանչյուր մարդ կսկսի շատ հաճախ այցելել մասնագետների եւ թերապեւտիկ միջոցառումներ անցնել, այդ թվում` գենային թերապիա, իմունիտետի ստիմուլյացիա, եւ այդ բոլոր միջոցները հնարավորություն կտան մարդուն շատ երկար ժամանակ առողջական լավ վիճակում մնալ: Հիմնական գաղափարը կանխարգելիչ հերիատրիան է (ծերունական հիվանդությունների բուժում), ինչը թույլ է տալիս օրգանիզմի բջիջներին վերականգնվել մինչ այն պահը, երբ դրանք մտնում են կյանքի պաթոգեն փուլը: Դի Գրեյի գաղափարներին գիտական աշխարհում շատ հակադրվողներ կան: Մասնավորապես, Մասաչուսեթսի համալսարաններից մեկը 20 հազար դոլար պարգեւ է խոստացել այն գիտնականին, ով կհերքի նրա հիպոթեզը: