«Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսել Հայաստանի հետ»,- «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ի պատասխան այն հարցին, թե Բաքուն ե՞րբ կարող է սկսել հայկական կողմի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները, Մամեդյարովն ասել է. «Թեկուզ հենց այսօր»: «Տարբեր լրատվամիջոցներ գրում են այն մասին, թե Կազանում տեղի ունեցած հանդիպումը չպսակվեց հաջողությամբ: Սակայն ես այդ տեսակետին համաձայն չեմ: Ես ավելի շատ կիսում եմ այն դիրքորոշումը, որ, նախ եւ առաջ, ինչն արտացոլված է նախագահների հայտարարությունում, մերձեցում տեղի ունեցել է, եւ երկրորդ, մենք` Ադրբեջանն ու Հայաստանը, պետք է շարունակենք բանակցություններն առանց որեւէ PR-ի, հիստերիայի, պետք է շարունակենք աշխատանքները դիրքորոշումների մերձեցման համար,- ասել է Մամեդյարովը` ավելացնելով,- «Ադրբեջանը շարունակում է հանդես գալ նույն դիրքերից, ինչ 2010թ. Սոչիի հանդիպումից հետո: Մենք պատրաստ ենք սկսել խաղաղ պայմանագրի տեքստի մշակման շուրջ աշխատանքները` հաշվի առնելով այն, ինչը արված է: Կազանը թույլ տվեց մեզ շարժվել առաջ»: «Մենք հասկացանք, որ չհամաձայնեցված տարրեր դեռեւս կան, սակայն դրանք ամեն դեպքում պետք է արտացոլվեն խաղաղ պայմանագրում, եւ եթե իրականում բարի կամքը կա, ապա եկեք միանգամից աշխատենք դրա վրա` չսպասելով հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների հաջորդ փուլին»,- հայտարարել է Մամեդյարովը: