Սյամոյից քցվածները

14/07/2011

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախկին «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը անցած տարվանից սկսած ինչ-որ կասկածելի գործարքների արդյունքում մոտ 40 պաշտոնյաներից ու գործարարներից շուրջ 10 միլիոն դոլարի գումար է վերցրել` ինչ-որ բիզնես նախագծերում ներդնելու համար, սակայն նրա հաշվարկները չեն արդարացել: Արդյունքում նա ուղղակի հեռացել է Հայաստանից` չվերադարձնելով այդ գումարները: Իսկ Բաբայանի բիզնես ծրագրերը չեն իրականացել, քանի որ դրանք հիմնված են եղել քաղաքական հաշվարկների վրա: Մասնավորապես, Ս. Բաբայանն իր «ապագա» զոհերին համոզել է, թե իբր առաջիկայում քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինելու, ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից, Ռոբերտ Քոչարյանն ակտիվ գործողություններ է սկսելու, եւ ինքը` որպես վերջինիս թիմի անդամ, լուրջ դերակատարություն է ունենալու: Այս հանգամանքները նա ներկայացրել է որպես փաստարկ` իրեն գումարներ տրամադրելու համար` համոզելով, որ նոր քաղաքական իրավիճակում ինքը կարող է «տանիք» դառնալ խոշոր բիզնեսի համար: Նրա պլանները չեն իրականանում, եւ Բաբայանը, ըստ էության, փախչում է Հայաստանից: Ընդ որում, նույն աղբյուրների համաձայն, մինչ այդ նա դիմել է Ռոբերտ Քոչարյանին` իր ֆինանսական խնդիրները լուծելու խնդրանքով, սակայն վերջինս մերժել է, քանի որ իր անունից Բաբայանը մարդկանց խոստումներ է տվել` առանց իր իմացության: Իսկ Բաբայանից «քցված» պաշտոնյաներն ու գործարարները գերադասում են այդ մասին չբարձրաձայնել, քանի որ այս պատմությունը կարող է ավելի լուրջ քաղաքական հետեւանքներ ունենալ իրենց համար, քան կորցրած գումարները: Իրավիճակի նրբությունն այն է, որ Ս. Բաբայանին գումարներ տված անձանց հաշվարկը եւս եղել է իշխանությունների, մասնավորապես` Ս. Սարգսյանի թուլացումը իշխանական համակարգում: