ՀԱԿ-ի եւ կոալիցիայի պատվիրակներն առաջին անգամ դեմառդեմ երկխոսության կնստեն մինչեւ հուլիսի 20-ը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` նման հրատապությամբ երկխոսություն սկսելը պայմանավորված է նրանով, որ հուլիսի 21-ին Հայաստան են ժամանելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն եւ Ակսել Ֆիշերը: Իշխանությունների նման սցենարին քաջատեղյակ է նաեւ ՀԱԿ-ը, եւ նրանք ամբողջ կազմով սպասում են կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, ով, ինչպես տեղեկացրել էինք, այս օրերին իր արձակուրդն անցկացնում է Եվրոպայում:
Իշխանություններն արդեն Դ. Հարությունյանին հետ են կանչել հանգստից, եւ նա հուլիսի 16-ին կլինի Հայաստանում: Վերադառնալուն պես, ինչպես վստահեցնում են մեր աղբյուրները, Դ. Հարությունյանը նախ կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, եւ համապատասխան ցուցումները ստանալուց հետո արդեն հավաք կկազմակերպի կոալիցիայի պատվիրակության հետ: Ի դեպ, ՀՀԿ-ական պատվիրակ Գագիկ Մինասյանը, ով այս օրերին գտնվում է Գերմանիայում եւ վերապատրաստվում է ինչ-որ անիմաստ ծրագրի շրջանակներում, Հայաստան է վերադառնալու հուլիսի 19-ին, սակայն նրա բացակայության պատճառով հաստատ երկխոսության առաջին հավաքը չի հետաձգվի: Իշխանությունները համազեկուցողների այցից առաջ երկխոսության սկիզբը դնելով` եւս մեկ անգամ ԵԽ ԽՎ-ին եւ եվրոպական մյուս կառույցներին խնդիր ունեն ապացուցելու, թե որքան հետեւողական են երկրում կայունություն եւ ժողովրդավարություն հաստատելու գործընթացն ապահովելու գործում: Բնականաբար, համազեկուցողների այցից հետո կպատրաստվի ու կհրապարակվի նրանց հերթական զեկույցը Հայաստանի մասին, որտեղ եւս մեկ անգամ կընդգծվի Հայաստանի իշխանությունների բարի կամքն ու ժողովրդավարությանն ընդառաջ գնալուն կատարված քայլերը: Այլ հարց է, որ դրան նպաստում է նաեւ ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, որի նպատակը, ինչպես մի շարք այլ հարցերում, այստեղ նույնպես համընկնում է իշխանությունների նպատակների հետ: Իսկ այս պարագայում արդեն ամենեւին էլ կարեւոր չէ, թե ովքեր են ընդգրկված պատվիրակության կազմում, չնայած ՀԱԿ-ի կողմից ցանկալի համարվող նախնական ցանկում կային կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների անուններ: Եվ ՀԱԿ-ը, չարձագանքելով երկխոսության համար ներկայացված կոալիցիոն կազմին, իրականում հաստատեց այն տեսակետը, որ իրենց համար ոչ միայն կարեւոր չեն, թե ում հետ են բանակցելու, այլեւ այն, որ երկխոսություն կոչվածն ընդամենը ձեւական բնույթ է ունենալու, քանի որ, ինչպես արդեն տեւական ժամանակ պնդում են քաղաքական շրջանակներում, իրական բանակցություններն արդեն ավարտվել են` առաջնորդների մակարդակով: Իսկ այս` պատվիրակությունների ձեւաչափով երկխոսություն սկսելու գործընթացը պետք է միայն նրա համար, որ միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԽ ԽՎ համազեկուցողները, արձանագրեն համապատասխան առաջընթացը: Եվ իզուր չէ կոալիցիոն պատվիրակության ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը հայտարարում, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն վարելու համար ստեղծված կոալիցիոն աշխատանքային խումբը ստեղծվել է ոչ թե որոշումներ կայացնելու, այլ բանակցությունների միջոցով խոցելի խնդիրները հասկանալու եւ վերադասներին տեղեկացնելու համար: Իսկ ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ով որպես պատվիրակ ընդգրկված է ՀԱԿ կազմում` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է շարունակվելու երկխոսությունը, երբ ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, իսկ իշխանությունն այն մերժում է, ասել է. «Շատ պարզ մեխանիզմ կա, մենք որոշում կայացնող չենք, բայց մեր կապը այնքան գործնական ու օպերատիվ պետք է լինի ղեկավարության հետ, որ հարցը արագ լուծվի»: Միաժամանակ նա հայտարարել է, թե իրենք պետք է օպերատիվ աշխատեն իրենց ղեկավարության հետ, «թե չէ կգան հերթական ընտրությունները, բայց մենք դեռ արտահերթ կպահանջենք»: Սա նշանակում է, որ ՀԱԿ-ում նույնպես պատրաստ են խաղալ այն սցենարով, որը պատրաստված է նախագահի նստավայրում: Այսինքն` ՀԱԿ-ի եւ կոալիցիայի պատվիրակներին փոստատարի լիազորություն է վերապահված, ոչ ավելին, եւ մինչ նրանցից յուրաքանչյուրն իր ղեկավարին փոխանցի երկխոսության հերթական թեման, կմոտենան հերթական ընտրությունները: Իսկ այդ ժամանակ, ինչպես Ֆ. Խաչատրյանն է նկատել, ՀԱԿ-ը դեռեւս կմնա արտահերթ ընտրությունների պահանջատեր:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, մեկ այլ կարեւոր խնդիր էլ կա, որը փորձ է արվում լուծել այս երկխոսության միջոցով: Բանն այն է, որ երկխոսության համար բանակցող կողմերն ընտրում են այնպիսի կազմ, որն անվերապահորեն վստահելի է կողմերից յուրաքանչյուրի համար: Սակայն այս երկխոսողների կազմը, գոնե իշխանության պարագայում, այդպես չի ձեւավորվել: Խոսքը կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի մասին է: Մեր աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունների համար Դ. Հարությունյանը դեռեւս համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը: Եվ նրան ՀԱԿ-ի հետ բանակցության գործուղելով, իշխանությունն, ըստ էության, ՀԱԿ-ին ակնարկում է, որ երկխոսության օրակարգը համաձայնեցված է լինելու նաեւ Ռ. Քոչարյանի հետ: Մյուս կողմից` դա հասցեագրված է Ռ. Քոչարյանին` որպես երաշխիք, որ ՀԱԿ-ի հետ երկխոսությունը ուղղված չի լինի իր դեմ: Այսինքն` իրականում երկխոսությունն ինչ-որ իմաստով տեղի է ունենալու երեք նախագահների միջեւ` Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան: Եվ, բնականաբար, միաժամանակ վերահսկվելու է նրանց երեքի կողմից: Ու, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այս ձեւաչափից բուն երկխոսողները դժգոհ չեն, քանի որ նրանցից ոչ ոք մտավախություն չունի, թե այն կարող է ոչ ցանկալի զարգացումներ ունենալ: