Գալիս են` Բաքվով

14/07/2011

Նախօրեին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Վիլնյուսում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք տեղեկացրել են հունիսի 24-ին Կազանում կայացած` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որը, Լիտվայի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, «հիմնարար սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համընդգրկուն կարգավորման շրջանակ, համաձայնեցնելու փորձ էր»: ԵԱՀԿ-ի գործող նախագահը աջակցություն է հայտնել համանախագահներին բանակցություններում ճեղքման հասնելու իրենց ջանքերում: Նա նաեւ փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներում քաղաքացիական հասարակության ավելի մեծ ներգրավման կոչ է արել, ինչը, Աժուբալիսի համոզմամբ, կնպաստի հակամարտության կարգավորմանը: Իսկ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են Ադրբեջան: Բաքվում նրանք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները Բաքվից կժամանեն Երեւան, ապա Լեռնային Ղարաբաղ: Իսկ հուլիսի 17-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Մոսկվա է մեկնելու Էլմար Մամեդյարովը: