Միջանկյալ կարգավիճակ

14/07/2011

«Ադրբեջանի կողմից ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տալը զիջում է հակամարտության բանակցային գործընթացում»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած սկզբունքները չի կարելի ներկայացնել որպես Ադրբեջանի կամ Հայաստանի միանշանակ հաղթանակի ապահովում: «Այդ սկզբունքները չեն երաշխավորում կողմերից մեկի լիակատար հաղթանակ: Ցանկացած դեպքում համանախագահների առաջարկները ենթադրում են փոխզիջումներ: Ադրբեջանական կողմից զիջումը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալն է»,- հայտարարել է նա: Ըստ Հասանովի, տասնյակ տարիներ անց` նորմալ խաղաղ պայմաններում կարելի է հստակեցնել ԼՂ-ի մշտական կարգավիճակը, իսկ մինչ այդ Ադրբեջանը պատրաստ է նրան միջանկյալ կարգավիճակ տալ: Հասանովի խոսքով, կառավարության նիստում Ադրբեջանի նախագահը բացահայտել է Մադրիդյան սկզբունքների որոշ մանրամասներ: «Բնականաբար, ոչ բոլոր սկզբունքներն են ամբողջությամբ բավարարում Ադրբեջանին: Որպեսզի ամեն ինչ բավարարի Ադրբեջանին, հարկավոր է պատերազմ սկսել, ազատագրել հայերի օկուպացրած ադրբեջանական տարածքները եւ Հայաստանին հարկադրել ստորագրել խաղաղ համաձայնագիր»,- ասել է Հասանովը: Նրա խոսքով, սակայն, ներկայիս պայմաններում դա անհնար է: «Ուստի կառուցողական դիրքորոշում ցուցաբերելով` մենք փոխադարձ զիջումների ենք գնում»,- ասել է նա: Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից, ըստ էության, առաջին անգամ է հրապարակավ նման` «միջանկյալ կարգավիճակ» ձեւակերպմամբ, առաջարկ հնչում, քանի որ նախկինում նրանք միշտ խոսել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ-ին ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին: