Փոխել Մինսկի խումբը

14/07/2011

«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման այսօրվա ֆորմատը կախման մեջ է դնում ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի համաձայնությունից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրեաս Ղուկասյանը` ավելացնելով, հայտնի է` Ադրբեջանը երբեք չի ճանաչի ԼՂ անկախությունը: «Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցը մարդու իրավունքներին վերաբերող հարց է, եւ ԵԱՀԿ պետություններն ունեն կոլեկտիվ պարտավորություն այդ իրավունքները հարգելու համար, այսինքն` ԼՂ կարգավիճակը կարող է ճանաչվել առանց Ադրբեջանի համաձայնության` մեկ այլ ֆորմատում»,- ասել է Ղուկասյանը` նշելով, որ միջազգային իրավունքը առնվազն վեց տարբեր ձեւաչափեր է նախատեսում նման հակամարտությունները կարգավորելու համար: Նա համոզված է, որ խնդրի կարգավորման համար պետք է ուղիղ բանակցություններ վարեն Հայաստանն ու Ադրբեջանը միայն իրենց վերաբերող հարցերը քննարկելու համար, իսկ կոնկրետ Լեռնային Ղարաբաղին եւ Ադրբեջանին վերաբերող հարցերը պետք է ուղիղ քննարկեն երկու կողմերը: Ըստ Ղուկասյանի, ԼՂ-ն պետք է հանդես գա որպես առանձին սուբյեկտ, ինքը կազմի խմբեր, իրեն հետաքրքրող հարցերի համար դիմի համապատասխան մարմինների: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, Ղուկասյանը նշել է. «Միակ բանը, որը պետք է անի ԵԱՀԿ-ն, այն է, որ ԵԱՀԿ-ն ընդունի, որ իր մոտեցումները ի սկզբանե եղել են սխալ»: Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անցած 20 տարիներին հետապնդել է միայն մեկ նպատակ` «ֆաշիստական Ադրբեջանի Հանրապետությունը լեգալացնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում»: «Այս գործընթացը մեզ տանում է միայն տապալման»,- ասել է նա` ավելացնելով, որ ԼՂ հակամարտությունը չի ազդում Ադրբեջանի զարգացման վրա, իսկ հայկական կողմը լիովին կախված է հակամարտության կարգավորումից: Ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրեաս Ղուկասյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ միջազգային իրավունքը նախատեսում է առնվազն 6 ձեւաչափ նման հակամարտությունները կարգավորելու համար։