«Ես քննարկումներ չտեսա կուսակցության շարքերում»,- ասում է Հանրապետական կուսակցության նախկին անդամը

14/07/2011

Արգամ Պողոսյանը Լոռու մարզի Սարչապետ համայնքի նախկին ղեկավարն է: 2008-ի նախագահական ընտրություններից հետո նա կամովին հրաժարվել է համայնքի ղեկավարի պաշտոնից: Իսկ մոտ 1 ամիս առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից: Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց ՀՀԿ-ից դուրս գալու եւ գյուղապետի պաշտոնից հրաժարվելու պատճառները:

– Չորս տարի ՀՀԿ-ին անդամակցելուց հետո ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ կուսակցությունից:

– Ճիշտ է, ես ՀՀԿ-ից պաշտոնապես դուրս եմ եկել մոտ մեկ ամիս առաջ, բայց դա համարում եմ ընդամենը կայացած փաստի արձանագրման գործողություն: Ես ինձ կուսակցությունից դուրս եկած եմ համարում 2008թ. սեպտեմբերյան այն օրվանից, երբ հավաքեցի անձնական իրերս ու դուրս եկա Սարչապետ համայնքի ղեկավարի աշխատասենյակից: Այդ օրվանից մինչեւ օրս ոչ կուսակցությունն է որեւէ առիթով հիշել ինձ, եւ ոչ էլ ես եմ ցանկացել, որ իմ նկատմամբ կուսակցության կողմից որեւէ հետաքրքրություն լինի: Ընդհանուր գծերով, իհարկե, տեղեկացված եմ կուսակցության գործունեությանը: Իսկ դուրս գալու պատճառը եղել է ներքին անհամաձայնությունը ՀՀԿ-ի որդեգրած գործելաոճին` կապված 2008թ. նախագահական ընտրությունների հետ, որը սկիզբ առավ 2007թ. աշնանը, խորացավ ընտրությունների քարոզարշավի եւ հետընտրական զարգացումների ժամանակ, իր գագաթնակետին հասավ մարտի 1-ին եւ իր տրամաբանական հանգուցալուծումը ստացավ համայնքի ղեկավարի պաշտոնից իմ հրաժարմամբ:

– Կուսակցության հետ ունեցած այդ ներքին տարաձայնությունների պատճառո՞վ եք հրաժարվել նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնից:

– Չէի ասի: Կարելի է ասել, որ դա արագացրել է գործընթացը, քանի որ, այսպես թե այնպես, ես հրաժարական ներկայացնելու էի, որովհետեւ այդ պաշտոնում իմ առաքելությունը համարում էի ավարտված, եւ շարունակելը տանելու էր լճացման: Ես պարզորոշ գիտակցում էի, որ այդտեղ նոր մարդ է պետք` նոր էներգիայով, նոր մտահղացումներով, որ շարունակի այն առաջընթացը, որի հիմքը, իմ կարծիքով, իմ կողմից դրվել է:

– Իսկ ինչո՞ւ անդամակցեցիք ՀՀԿ-ին: Որովհետեւ համայնքապետ էիք, եւ անդամակցելու առաջա՞րկ եղավ:

– Ոչ, ես այդ քայլին իմ կամքով եմ գնացել: Ես թե այն ժամանակ` 2007-ին անդամագրվելիս, թե այժմ` երբ կուսակցության անդամ չեմ, համարել եւ համարում եմ, որ ՀՀԿ-ն մեր նորագույն պատմության այն ուժերից է, որը քաղաքական ասպարեզից չի հեռանալու: Եվ քաղաքական դաշտի որ հատվածում էլ լինի` իշխանություն թե ընդդիմություն, միշտ առանցքային դերակատարություն է ունենալու ՀՀ քաղաքական օրակարգի ձեւավորման գործում: Համայնքի ղեկավար լինելու ժամանակ ես հետաքրքրված էի քաղաքականությամբ, ցանկանում էի ինչ-որ կուսակցության անդամագրվել: ՀՀԿ-ին անդամագրվեցի, որովհետեւ ինքս բնույթով պահպանողական եմ: Իհարկե, ինձ խորթ չեն նաեւ արեւմտյան արժեքները, եւ ես կողմ եմ ցանկացած առաջադեմ գաղափարների: ՀՀԿ-ին անդամակցելու իմ որոշման վրա մեծ ազդեցություն է գործել նաեւ Վազգեն Սարգսյանը, ում հանդեպ ունեմ մեծագույն հարգանք: Պատիվ եմ համարել լինել այն կուսակցության շարքերում, որում եղել է ինքը: Վ.Սարգսյանն Առաջին Հանրապետության փաստացի հիմնադիր Արամ Մանուկյանի հետ միասին ինձ համար ընդօրինակման արժանի գործիչներ են: Իսկ մինչ ՀՀԿ-ին անդամակցելը կուսակցական գործունեությունն այլ կերպ էի պատկերացնում: 2007-ի ԱԺ ընտրություններից հետո եմ անդամագրվել: Եվ առաջին տարվա ընթացքում տեսա, որ այն իմ պատկերացրած կուսակցությունը չէ: Կա կուսակցության վերնախավ, որը կայացնում է որոշումներ, եւ որը պետք է ընդունելի լինի ամբողջ կուսակցության համար: Ինչ-որ հարցերի հետ կապված քննարկումներ ես չտեսա կուսակցության շարքերում: Ես չտեսա, որ իմ գործունեությունը ուշադրության է արժանանում թե պետական կառավարման օղակների, թե կուսակցության կողմից: Իսկ մենք բավականին եռանդով էինք աշխատում եւ 5 տարի բավականին գործեր ենք արել:

– Իսկ ինչո՞ւ էիք մասնակցում ՀԱԿ-ի հանրահավաքներին, թեեւ դեռ ՀՀԿ անդամ էիք:

– Նախ` ես չեմ բացառել, որ նորից կանդամակցեմ ՀՀԿ-ին, բայց միայն իմ պատկերացումների ու ցանկությունների ՀՀԿ-ին, ինչո՞ւ չէ` իշխանությունից արժանապատվորեն հեռացած եւ ընդդիմադիր դաշտում գործող ՀՀԿ-ին: Հնարավոր է նաեւ, որ հիմա` որպես անհատ քաղաքացի, անդամակցեմ ՀԱԿ-ին: Արդեն 3 տարի է, պարբերաբար մասնակցում եմ հանրահավաքներին, աշխատել եմ հնարավորինս օգտակար լինել Կոնգրեսի հռչակած` սահմանադրական կարգի վերականգնման, եթե կուզեք, ներդրման անչափ կարեւոր գործին: Ես համաձայն եմ, որ երկրին պետք է հեղափոխություն, այդ բառից չպետք է վախենալ: Հեղափոխություն ոչ թե ապստամբության ճանապարհով, մեր երկրին համակարգային հեղափոխություն է պետք: Հեղափոխություն է պետք նաեւ ինձ համար քաջածանոթ ՏԻՄ ոլորտում, եւ ընդհանրապես ողջ երկրում:

– Բայց ինչո՞ւ եք համոզված, որ ՀԱԿ-ը կարդարացնի Ձեր հույսերը: Քաղաքական դաշտում ՀԱԿ-ին մեղադրում են իշխանությունների հետ համագործակցելու մեջ:

– Թող բարձրագոչ չհնչի, բայց այդ քայլին ինձ մղում է պետության, հայրենիքի, իմ զավակների ապագայի հանդեպ ունեցած տագնապը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը բռնկված է աղետալի արտագաղթի տենդով, ինչը համարում եմ ուղղակի հետեւանք վերջին տարիներին այս անվստահության ու անորոշության մթնոլորտի: Անձամբ ես ունեմ ընտանիքով Ռուսաստան տեղափոխվելու եւ բարեկեցիկ կյանքով ապրելու մի քանի գայթակղիչ տարբերակներ, բայց դեռ դիմադրում եմ եւ չեմ ցանկանում պանդխտության ցուպը դնել իմ երեխաների ձեռքը: Բայց գիտակցում եմ նաեւ, որ այսպես երկար շարունակվել եւս չի կարող: Արտագաղթը մեծ արագությամբ տարածվում է երկրի ամբողջ մարմնով մեկ, եւ դրա դեմ պետք է անհապաղ վիրահատական միջամտություն կիրառել: Իմ կարծիքով` ՀԱԿ-ը քաղաքական այն ուժն է, որի առաջարկած ծրագրերի ներդրմամբ մենք կկարողանանք կանգնեցնել այդ չարիքի տարածումը: Կարծում եմ, որ ճիշտ է Կոնգրեսի` երկխոսության արդյունքում արտահերթ ընտրություններով եւ անցնցում ճանապարհով մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու ցանկությունը: Մենք արդեն սպառում ենք պետականության, պատերազմում տարած հաղթանակի ռեսուրսները: Եվ պետության կառավարման բոլոր ոլորտներում իրական ժողովրդավարության ներդրումը լրացուցիչ ռեսուրսներ ձեռք բերելու միակ տարբերակն է թերեւս: Ես հավատում եմ, որ ՀՀ քաղաքական դաշտում ՀԱԿ-ը կարող է իրականացնել այդ փոփոխությունները: Հավատում եմ, որովհետեւ այդ կառույցում են Լ.Տեր-Պետրոսյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլք:

– Արտագաղթի` Ձեր նշած տենդը հավանաբար ավելի զգալի է գյուղական համայնքներում: Կոնկրետ Ձեր համայնքի օրինակով կարո՞ղ եք ներկայացնել, թե որքան բնակիչներ են հեռացել:

– Մոտ 580 բնակելի տուն կա մեր գյուղում, որից այժմ միայն 350 տանը բնակվողներ կան: Ընդ որում, այդ ընտանիքների ոչ բոլոր անդամներն են գյուղում: Դպրոցահասակ երեխաներ ունեն ընդամենը 100 ընտանիք: Գյուղի դպրոցում սովորում են 200-220 աշակերտ` այն դեպքում, երբ ժամանակին ունեցել ենք մոտ 1000 աշակերտ: Գյուղի բնակչության թիվը 3200-ից իջել է 2600-ի: Բայց փաստացի մեր գյուղում ապրում է մոտ 2000 հոգի: Սարչապետը ՀՀ 100 խոշոր համայնքներից մեկն է, բայց գյուղ մտնող ճանապարհ չունի, չունի ոռոգման ջուր եւ ունի խմելու ջրի մեծ խնդիր: Մի քանի տարի առաջ Վրաստանը սահմանը փակել էր, եւ մարդիկ չէին կարողանում վառելափայտ բերել, գազիֆիկացում չկար, աթար էին վառում: Չկա նորմալ դպրոց, մանկապարտեզ: Իսկ մարդն էլ ուզում է լավ ապրել: Գնում է դուրս, հիմնականում` Ռուսաստան, եւ տեսնում է, որ այնտեղ կարող է նույնքան աշխատել, բայց ոչ թե աթար վառել եւ ջուր կրել, այլ շատ ավելի լավ ապրել: 2003-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եկավ մեր գյուղ, խոսք տվեց, որ մոտակա ժամանակաշրջանում համայնքը կգազիֆիկացվի: Դա կենսական շատ կարեւոր խնդիր էր սահմանամերձ գոտու մեծ համայնքի համար: Այցից եւ բազմաթիվ քաշքշուկներից հետո 2007-ին նոր կծիկի ծայրը երեւաց, 2008-ին սկսվեցին աշխատանքները: Իսկ այդ 5 տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ հեռացան գյուղից, որովհետեւ ՌԴ-ում կյանքը լավացավ, եւ փող աշխատելը հեշտացավ:

– Բայց ասում են, որ ցանկացած ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Հատկապես գյուղական համայնքներում մարդիկ չեն պայքարում իրենց իրավունքների համար, տեղական եւ համապետական նշանակության ընտրությունների ժամանակ իշխանությունները կարող են ավելի հեշտությամբ ստանալ իրենց անհրաժեշտ ձայները:

– Ես նկատել եմ, որ քաղաքականապես ակտիվ, գրագետ խավը գնաց երկրից: Գաղափարապես ավելի գիտակից եւ ակտիվ խավը գնաց, երբ զգաց, որ փոփոխությունների հույս չկա: Մնացել է հիասթափվածների մի մեծ բանակ, որը գնալու հնարավորություն չունի, եւ նրանց դժվար է ակտիվացնել: Մնացել են նաեւ անհատ մի քանի հայրենասերներ, ովքեր ուզում են փոփոխություններ տեսնել երկրում: Այս մարդիկ համայնքներում մեծ քանակ չեն կազմում: Հարցերը Երեւանում են լուծվում: Այսօրվա մարզերի ժողովուրդը դեռ չի կարող թելադրող լինել քաղաքական գործընթացների, ընտրությունների դեպքում: Նրանց 70-80 տոկոսն իր սոցիալական հարցերը լուծում են դրսից ուղարկված միջոցների հաշվին, պետության հետ շփման շատ քիչ եզրեր ունեն: Ճիշտն ասած, հավես էլ չունեն: Համայնքի ղեկավարի ընտրությունից շատ բան է կախված, նա պետք է սպասարկի իր բնակչի շահերը: Բայց համայնքի ղեկավարի ինստիտուտը ՀՀ-ում դրանից շատ հեռու է, որովհետեւ «դաբրոների» համակարգն է աշխատում, դրանով են ընտրվում: Եթե կա «դաբրո», որ այդ մարդը ընտրվի, ժողովրդի մեծ մասը նրան է քվեարկում: ՏԻՄ համակարգը քարացած համակարգ է դարձել: Այդ համակարգը, ՏԻՄ ընտրությունն ու այդ մեխանիզմն ինձ համար շատ ցավոտ խնդիր են: Համայնքապետն իր համայնքում խոշոր հարցեր լուծելու հնարավորություն չունի: Իշխանությունների հոգածությունը շատ ցածր է հատկապես գյուղական համայնքների նկատմամբ: Մյուս կողմից էլ` այդ ուղղությամբ ահռելի գումարներ են փոշիացվում: Մի օրինակ բերեմ: 2007թ. Գյուղնախարարության ծրագրով մեր համայնքում 45 մլն դրամանոց մի ծրագիր էին բերել: Այդ գումարը պետք է ծախսեին արոտավայրերի ջրարբիացման` կովերին ջրելու համար: Այն գյուղում, որտեղ խմելու ջուրը 10-ամյակներով շատ լուրջ խնդիր էր: Եվ պետությունը 45 մլն դրամ տրամադրել է, որ սարերից խողովակներով ջուրը մոտեցնեն, գուռ սարքեն, որ անասունները ջուր խմեն: Այն դեպքում, երբ նախիրը կարող է ձոր մտնել եւ ջրվել: Կասկածելի մի կազմակերպություն եկավ, պետական միջոցներից 45 մլն դրամը ծախսեց ու գնաց: Արդյունքում` ոչ իր ծրագիրն իրականացրեց, ոչ էլ գյուղը ջուր ունեցավ: Մեր համայնքի բյուջեն տարեկան 7-8 մլն դրամ է եղել: Ծիծաղելի թիվ: Երբ դուրս եմ եկել, եղել է 10-11 մլն դրամ: 45 մլն-ը մեր 5 տարվա համայնքային բյուջեն է: Այդ գումարը եթե պետությունը սուբվենցիայի տեսքով տրամադրեր մեր համայնքին, ընդհանուր ջրային խնդիրները կլուծվեր: Ես տուն առ տուն 24-ժամյա ջուր կքաշեի: Այն դեպքում, երբ այսօր եւ նախկինում էլ մեր համայնքի բնակիչները դույլերով ջուր են կրում:

Մշտապես ինձ ուղեկցել են Վազգեն Սարգսյանի այս խոսքերը. «Մտածեք էս երկրի մասին»: Եվ իմ երազանքն է, որ մենք ազգովի սկսենք մտածել էս երկրի մասին:

Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ