Դեռ չի որոշել

14/07/2011

«Ես առայժմ կոնկրետ որոշում չեմ կայացրել Հայաստան կատարելիք այցի առնչությամբ»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն` միեւնույն ժամանակ հաստատելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հրավիրել է իրեն այցելել Հայաստան: Կովկասի մուսուլմանների առաջնորդը նշել է, որ Հայաստան այցելության հետ կապված իր վերջնական որոշումը կկայացնի առաջիկայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ կայանալիք հանդիպումից հետո: Նշենք, որ Գարեգին Բ-ն Կովկասի մահմեդականների առաջնորդին հրավիրել է մասնակցելու այս տարվա նոյեմբերին Երեւանում կայանալիք ԱՊՀ-ի միջկրոնական խորհրդի նիստին: Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլին Ամենայն Հայոց կաթողիկոսը Բաքվում մասնակցել է ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ գումարված հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթաժողովին: Գարեգին Երկրորդին Բաքու այցելելու հրավերը իր եւ Ալլահշուքյուր Փաշազադեի անունից փոխանցել էր Հայաստան այցելած Ռուսաց պատրիարքը: