Երեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից, վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները: Դրա վառ օրինակներից է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի: 2008թ. փետրվարին Հ. Բագրատյանը հրապարակավ քննադատել էր «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը եւ «Ագրոբանկի» օտարումը` ի ցույց դնելով այդ գործարքների հիմքում ընկած խարդախությունները եւ դրանում մեղադրելով այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին: Դատարանն անկարող եղավ շրջանցել Հ. Բագրատյանի` այդ գործարքներում տեղ գտած զարհուրելի օրինախախտումների մասին բերած փաստերը: Սակայն, օրինախախտներին պատժելու փոխարեն, կառչելով նախկին վարչապետի խոսքում «լուծարում» բառի փոխարեն օգտագործված «օտարում» բառից, ոչ միայն նրանից բռնագանձեց 1,2 միլիոն դրամ տուգանք, այլեւ Տ. Սարգսյանի ճնշմամբ, ապօրինի որոշում կայացրեց` Հ. Բագրատյանին պարտադրելով համապատասխան տեքստով ներողություն խնդրել Տ. Սարգսյանից: Դատարանի որոշման ապօրինի մասը նախկին վարչապետը հրաժարվեց կատարել, ինչի արդյունքում արդեն չորրորդ անգամ դատարանը նրան 400.000-ական դրամ տուգանք է սահմանում: Հայ ազգային կոնգրեսը պաշտպանում է Հ. Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը եւ պահանջում անմիջապես դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը: Ինչպե՞ս կարող է որեւէ մեկից ներողության ակնկալիք ունենալ բարոյականության բոլոր սահմանները խախտած եւ հանցավորության դաշտ մտած մի մարդ`
– որը երկրին 50 միլիոն դոլարի վնաս է հասցրել հանրապետության ոսկու պաշարի սպեկուլյացիայի շնորհիվ,
– որի պաշտոնավարման տարիներին Հայաստանից 200.000 մարդ է արտագաղթել, իսկ ինքը բացառիկ ցինիզմով հրապարակավ հրճվում է արտագաղթով` դա համարելով Հայաստանում հեղափոխության կանխման միջոց,
– որի օրոք գրեթե վերացել է մանր ու միջին բիզնեսը,
– որի օրոք ոչնչացել է հայկական գյուղը,
– որի օրոք Հայաստանը «Աշխարհի վատագույն տնտեսություններ» աղյուսակում հայտնվել է երկրորդ տեղում` Մադագասկարից հետո,
– որի օրոք դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով մսխվել է Հայաստանի միջազգային պահուստների կեսից ավելին, եւ որի հետեւանքով կործանման եզրին է հասել տեղական արտադրությունը: Մի կողմ դրած Տ. Սարգսյանի գործունեության ընթացքում դեռ բացահայտվելիք տասնյակ խայտառակություններն ու հանցանքները, արդեն իսկ թվարկված բացահայտներն ու հանրահայտները բավարար են նրան ոչ միայն պաշտոնանկ անելու, այլեւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: