Սպառնում է ԵՄ-ին

14/07/2011

«Եթե Կիպրոսի հունական հատվածը ձգձգի կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ միակողմանիորեն ստանձնի ԵՄ նախագահությունը, Թուրքիան կսառեցնի Եվրամիության հետ հարաբերությունները»,- Անկարայում Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մենք չենք կարծում, թե նման պայմաններում հնարավոր կլինի Եվրամիության հետ շարունակել հարաբերությունները»,- ասել է նա` նշելով, որ այդ մասին ինքը տեղեկացրել է նաեւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հիշեցնենք, որ Դավութօղլուն Կիպրոսում հույս էր հայտնել, որ 2012թ. Կիպրոսի միավորման վերաբերյալ հանրաքվե կանցկացվի, որից հետո Կիպրոսը կկարողանա որպես միացյալ պետություն ստանձնել ԵՄ-ի նախագահությունը: