Ինչպես են թուրքերը կաշառել ամերիկացիներին

14/07/2011

Անցյալ ամիս Գլենդելի հանրային գրադարանում տեղի ունեցած դասախոսության ընթացքում պրոֆեսոր Թաներ Աքչամի հայտարարությունը նման էր ռումբի պայթյունի, երբ բացահայտեց, որ Ստամբուլում մի գաղտնի աղբյուր հայտնել է իրեն, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը կաշառել ամերիկացի պրոֆեսորներին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Մասաչուսեթսի Վուստեր քաղաքի Քլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության Գալուստիան/Մուգար ամբիոնի վարիչ Դոկտոր Աքչամը նշեց, որ «Թուրքիայի կառավարությունն ԱՄՆ-ում հետապնդում է շատ հետեւողական եւ ագրեսիվ քաղաքականություն»` փորձելով կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Անկարայի մեծ սխեման թուրքական ժխտողականությունն առավել լայն շրջանակի համար ընդունելի դարձնելն է, ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը որակվում են որպես ցեղասպանություն: Ավելին, Թուրքիան եւ իր ներկայացուցիչները, ԱՄՆ-ի դատարաններում մի շարք դատավարությունների միջոցով, փորձում են ներկայացնել ցեղասպանությունը ժխտող պրոֆեսորների քննադատությունը եւ համալսարանի ծրագրերից ռեւիզիոնիստական նյութերի բացառումը, որպես «ակադեմիական ազատության» սահմանափակում: Պրոֆեսոր Աքչամը, ով Հայոց ցեղասպանությունն ընդունող Թուրքիայի առաջին գիտնականներից մեկն էր, պատմեց, թե անցյալ դեկտեմբերին, Ստամբուլ այցի ժամանակ, ինքն առանձին զրույց է ունեցել մի անձի հետ, ով ուներ «ներքին տեղեկատվություն»` ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարցին ուղղված Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գործողությունների վերաբերյալ: Դոկտոր Աքչամի գաղտնի աղբյուրը հաղորդել է նրան, որ 2004-2005 թթ. ամերիկյան համալսարանի մի պրոֆեսոր հանդիպել է «Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ կապված պաշտոնյաների հետ»: Այդ հանդիպման ժամանակ պրոֆեսորն ասել է հյուրընկալող կողմին, որ «Թուրքիան գիտական մակարդակով համակարգված ծրագիր չունի Հայոց ցեղասպանության ամբաստանություններին հակազդելու համար», եւ որ «ցեղասպանության ենթադրությունն արդեն արմատապես հաստատված է»` ասելով, որ նրանք չեն կարող շատ բան անել` «փորձելով բացեիբաց հակազդել դրան»: Դոկտոր Աքչամը գաղտնի տեղեկացել է, որ Ամերիկայի այդ պրոֆեսորը ներկայացրել է հետեւյալ առաջարկությունը թուրք պաշտոնյաներին. «Անհրաժեշտ է փորել մի փոս ցեղասպանության բոլոր պահանջների առջեւ. պետք է կասկածներ ստեղծել` պատրաստելով այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք կհարուցեն այդպիսի կասկած»: Դոկտոր Աքչամը մեկնաբանել է այս բառերը` ի նկատի ունենալով, որ «ստեղծելով եւ խրախուսելով նոր գիտական աշխատանքներ»` ամերիկացի գիտաշխատողները կարող են «սովորական դարձնել այն գաղափարը, որ 1915-ը ցեղասպանություն չէր, ճիշտ այնպես, ինչպես այն կարծիքը, որ դա ցեղասպանություն է»: Թեեւ ընդհանուր առմամբ հայտնի է, որ Թուրքիայի կառավարությունը տրամադրում է դրամական միջոցներ բազմաթիվ գիտաշխատողներին, որպեսզի նրանք հրապարակեն Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածներ եւ գրքեր, սա առաջին անգամ է, որ այս ենթադրությունները հաստատվել են վստահելի թուրքական աղբյուրի կողմից: Գաղտնի աղբյուրը հայտնել է Դոկտոր Աքչամին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ընդունել է ամերիկացի դասախոսի առաջարկը եւ «ԱՄՆ-ին է փոխանցել խոշոր չափի գումար»: Տեղեկատվություն հավաքագրողը հայտնել է Դոկտոր Աքչամին ամերիկացի այն դասախոսների անունները, ովքեր ստացել էին դրամական միջոցներ` Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքեր գրելու համար, եւ բացահայտել է, որ «կան նրանց ձեռքով ստորագրված փաստաթղթեր, եւ որ այս ստացականներն այժմ գտնվում են Արտաքին գործերի նախարարության արխիվներում»: Իր դասախոսության ժամանակ դոկտոր Աքչամը նշեց, որ նա չի ցանկացել «որեւէ գիտնականի վրա կասկածի ստվեր գցել»: Այնուամենայնիվ, երբ նա կապեց Ստամբուլի իր աղբյուրից ստացված տեղեկությունները որոշ վերջին հրապարակումների հետ, «առաջ է գալիս անհանգստացնող մի պատկեր` Հայոց ցեղասպանության հետ կապված ուսումնասիրությունների կապակցությամբ»:

Այնուհետեւ դոկտոր Աքչամը անդրադարձավ Մայքլ Գյունտերի` «Հայոց պատմությունը եւ Ցեղասպանության հարցը» վերնագրված վերջին գրքին` որպես «այս մոտեցման հնարավոր օրինակ»: Գրքի հրատարակչի` Փալգրեյվ Մաքմիլանի ինտերնետային կայքում նշված է, որ «Թեեւ 600,000 հայեր մահացել են Առաջին համաշխարհային պատերազմում, դա չի եղել ոչ Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից կանխամտածված քաղաքականություն, եւ ոչ էլ առանց պատճառի միակողմանի իրականացված դեպք: Իհարկե, ոչ մի դեպքում սա չի կարող արդարացնել իրականացված սարսափելի անկարգությունները»: Պրոֆեսոր Աքչամը հետագայում նկատեց, որ չորս գիտնականներ` Յուտայի համալսարանից Հաքան Յավուզը, Մասաչուսեթսի համալսարանից Գենթեր Լեւինը, Անկարայի Բիլքենթ համալսարանից Ջերեմի Սոլթը եւ Վիրջինիայի Ծովային հետեւազորի կորպուսի շտաբի եւ ապարատի քոլեջից Էդվարդ Ջ. Էրիքսոնը, ովքեր գովասանական խոսքեր էին գրել Գյունտերի գրքի մասին, «քաջ հայտնի են 1915 թվականի ցեղասպանության հետ կապված իրենց ժխտողական դիրքով եւ աշխատանքներով»: Թեեւ պրոֆեսոր Աքչամը չէր ցանկանում «մեղադրանքի խոսքեր հնչեցնել գրքի հեղինակի հասցեին», նա ասաց. «տարօրինակ նմանությունները, որոնք առկա են Ստամբուլում գաղտնաբար ինձ ասվածի եւ գրքի շապիկի խոսքերի միջեւ, ինձ հիասթափեցրին, այդքանը»: Թեեւ ոչ մեկը չպետք է մեղադրի գիտաշխատողներին Թուրքիայի կառավարությունից կամ իր հավատարմատար անձանցից գումարներ ստանալու մեջ առանց հիմնավոր ապացույցների, այնուամենայնիվ մեծապես ուսանելի կլիներ, եթե նրանցից որեւէ մեկը կամավոր հանդես գար եւ բացահայտեր, թե արդյո՞ք ինքը ֆինանսավորվել է թուրքական աղբյուրներից: