Ոտից գլուխ կոռումպացված են

10/11/2005

«Թրանսփերենսի ինտերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ամալյա Կոստանյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք չկա, իշխանությունների ձեռնարկած քայլերը դեկլարատիվ բնույթ են կրում եւ էական արդյունք չեն տա, քանի դեռ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կամ գործարար կոռուպցիայի համար պատասխանատվության չի ենթարկվել: «Մեզ պետք չէ գլխաքանակ. հանրությանը բավական կլինի մեկ կամ երկու բարձրաստիճան պաշտոնյայի դատապարտումը կամ պաշտոնանկությունը»,- նշել է Կոստանյանը եւ հավելել, որ Հայաստանի իշխանությունները նախընտրում են կոռուպցիայի դեմ պայքարի ընդամենը մեկ տարբերակ՝ զուտ օրենսդրական բարեփոխումների ճանապարհը, ինչն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար պայման, քանի որ օրենքները կատարելագործելուց բացի, «անհրաժեշտ է նաեւ դրանց հետեւել»: Ա. Կոստանյանի խոսքերով՝ բարեփոխումները հիմնականում իրականացվում են այնպես, որ բարձր խավի շահերին վնաս չհասցնեն: «Հայաստանի իշխանական համակարգը այժմ ոտից գլուխ կոռումպացված է, եւ այս պայմաններում անիմաստ է էական առաջընթաց ակնկալել կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված զանազան մարմիններից ու համակարգող խորհուրդներից՝ հատկապես, եթե դրանք ի սկզբանե զրկված են լիազորություններից եւ զուտ խորհրդատվական բնույթ են կրում»,- հայտարարել է Ա. Կոստանյանը: