Վերջապես իշխանությունը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով պատվիրակություն ստեղծելու մասին: Թեեւ իշխանությունները դա անվանում են աշխատանքային խումբ, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այսպիսով, ՀԱԿ-ի հետ բանակցելու համար իշխանական կոալիցիան ձեւավորել է 6 հոգանոց պատվիրակություն, որում ներգրավված են երկուական անդամներ կոալիցիոն կուսակցություններից` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Այդ խումբը կամ պատվիրակությունը, ըստ նախնական տվյալների` գլխավորելու է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Թե ովքեր են մնացած անդամները, ըստ էության, կարեւոր չէ, քանի որ նրանցից ոչ մեկը ՀԱԿ-ի համար ցանկալի «առաջին դեմք» չէ: Թերեւս, նաեւ այդ պատճառով, ներկայումս, մեղմ ասած, անհարմար վիճակում է հայտնվել ՀԱԿ-ը, որը դեռեւս պաշտոնապես չի պատասխանել կոալիցիոն պատվիրակության ստեղծման վերաբերյալ իշխանությունների հայտարարությանը: Մի կողմից` ՀԱԿ-ին օդ ու ջրի նման անհրաժեշտ է պատվիրակությունների մակարդակով երկխոսությունը, մյուս կողմից` մի քիչ անհարմար բան է ստացվում երկխոսությունը, ասենք, Գագիկ Մինասյանի կամ Մհեր Շահգելդյանի հետ: Սակայն ՀԱԿ-ը կարծես թե այլընտրանք չունի: Իրականում այլընտրանքը կտրուկ գործողությունների անցնելն է, որի համար էլ այլեւս անհրաժեշտ ռեսուրս չունի: Այնպես որ` ՀԱԿ-ի առջեւ այսօր մի կարեւոր խնդիր է դրված` իշխանությունների կողմից այդ աշխատանքային խմբի ձեւավորումը ներկայացնել որպես հերթական ձեռքբերում եւ սկսել այդքան սպասված երկխոսությունը պատվիրակությունների մակարդակով: Անկախ ամեն ինչից, դա մինչեւ սեպտեմբեր ժամանակ ձգելու այնքան էլ վատ տարբերակ չէ: