«Առաջիկա շաբաթների ընթացքում պաշտոնական Բրյուսելը Հարավային Կովկաս կուղարկի իր նոր հատուկ ներկայացուցչին, որի հիմնական առաքելություններից մեկը կլինի նպաստել տարածաշրջանի հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության արտգործնախարարության` Արեւելյան հարեւանության ծրագրի գործադիր տնօրեն Միրոսլավ Լայչակը: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ցանկանում է մեծացնել իր դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն` ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշվին: «Եվրամիությունը աջակցում է Մինսկի խմբին եւ հակամարտության քաղաքական կարգավորումը գտնելու` դրա ջանքերին: Սակայն, միեւնույն ժամանակ, Եվրամիության անդամ երկրների շարքում այժմ աճող համոզմունք կա, որ պաշտոնական Բրյուսելը նույնպես պետք է ակտիվ եւ տեսանելի քաղաքական դերակատարություն ունենա: Ղարաբաղյան խնդիրը մեր հարեւանությամբ գտնվող միակ հարցն է, որի կարգավորմանը Եվրամիությունն ուղղակիորեն ներգրավված չէ: Մենք չենք կարող հարաբերություններ ունենալ մեր արեւելյան հարեւանների հետ եւ ձեւացնել, թե այդ հարցը գոյություն չունի»,- հայտարարել է Լայչակը: Ըստ նրա, այժմ Եվրամիությունը բանակցություններ է վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` որոշելու, թե կոնկրետ ինչ քայլեր, երբ եւ ինչպես կարող է ձեռնարկել Բրյուսելը` կարգավորման ուղղությամբ: «Սակայն, այս հարցի պատասխանը կախված է ոչ թե Մինսկի խմբի հետ քննարկումներից, այլ բանակցություններից,- ասել է նա` ավելացնելով,- Ներկայումս սեղանին է քաղաքական կարգավորում, որը գործունեության նոր դաշտ կբացի բազմաթիվ գործող անձանց, այդ թվում` Եվրամիության համար: Բրյուսելը կարող է շատ բան անել, օրինակ` մերձեցնել կողմերին, խթանել երկխոսությունը հասարակությունների միջեւ, եվրոպական չափանիշներ բերել: Սակայն, այդ քայլերը կախված են բանակցային գործընթացի դինամիկայից. եթե առաջընթաց լինի, Եվրամիության համար ներգրավվածության առավել մեծ դաշտ կբացվի, եթե առաջընթաց չլինի, եվրոպական ընտանիքն ավելի քիչ բան անելու հնարավորություն կունենա»: Միրոսլավ Լայչակը նաեւ ասել է. «Այս հակամարտության նկատմամբ Եվրամիության հետաքրքրվածության ամենավառ ապացույցն այն փաստն է, որ շատ շուտով արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նշանակելու է Հարավային Կովկասում Եվրամիության նոր ներկայացուցիչ: Այս նշանակումը կլինի այն միջոցը, որը հնարավորություն կտա կյանքի կոչել Եվրամիության դիրքորոշումները, շահերն ու քաղաքականությունը Հարավային Կովկասում»: