Երկու մենախոսություն

11/07/2011

«Ովքեր իշխանության ղեկին են, ովքեր ընդդիմություն են, նախ պետք է նայեն ժողովրդին, իրենց հայացքը պետք է ուղղեն ժողովրդին` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան ու ինչի շուրջ պետք է երկխոսել»,- կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանի հետ համատեղ ասուլիսում երեկ հայտարարել է գրականագետ Դավիթ Գասպարյանը` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացին: Ըստ նրա` այսօր երկրում ողբերգական իրավիճակ է, ուստի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է երկխոսելուց առաջ ճշտեն այն ծրագիրը, ինչի շուրջ պետք է կայանա այդ գործընթացը: «Ակամայից հիշում եմ Րաֆֆուն, որը ասում էր. «Մարդը չկա»: Իսկ եթե մարդը չկա, այս դեպքում իշխանությունն ու ընդդիմությունը դառնում են երկրորդական: Այսպիսի շարունակությունը մեզ դանդաղ մահվան է տանում»,- ասել է գրականագետը` համոզմունք հայտնելով, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը կորցրել են ժողովրդի վստահությունը: «Եվ ընդդիմությունը, եւ իշխանությունը պետք է մտածեն նոր համակարգի, նոր կառույցի ու նոր լիդերների մասին»,- նշել է Գասպարյանը: «Մենք չունենք ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն»,- այդպես էլ արձագանքել է Տ. Խզմալյանը` ավելացնելով, որ նրանք երկուսն էլ ապացուցել են կառավարման իրենց ապիկարությունը: «Ամեն ինչ վերածվեց գործարքների, մի քանի աթոռ, մի քանի պաշտոն գրավելու հարցի,- նշել է նա` ավելացնելով,- Երկու մենախոսություն երկխոսություն չեն ստեղծում: Երկխոսություն չկա, որովհետեւ մեր երեք նախագահներն էլ նույն կուսակցության անդամ են, չմոռանանք` նրանք բոլորն էլ ՀՀՇ-ական են, եւ սա շատ բան է ասում, դա նշանակում է, որ իրենք նույն գաղափարական ադմինիստրացիայից են»: Ըստ Խզմալյանի` երկխոսություն կարող է լինել հասարակության տարբեր շերտերի, խավերի միջեւ, մինչդեռ հիմա «միջին կամ խոշոր բուրժուաները, օլիգարխները, որոնց մի մասը իշխանության է կամ ձգտում է իշխանության», փորձում է ինչ-որ բան պայմանավորվել: «Մենք չենք տեսնում այնտեղ բանվոր դասակարգի, գյուղացիների, մտավորականության շահերը պաշտպանող: Իրականում այդ երկխոսությունը մեր իրական կյանքին ոչ մի առնչություն չունի»,- ասել է Խզմալյանը` ավելացնելով, որ թե ԼՂ-ի, թե հայ-թուրքական հարաբերությունների եւ թե սոցիալ-տնտեսական խնդիրների ուղղությամբ իշխանությունն ու Կոնգրեսը նույն մոտեցումներն ունեն: «Արցախի հարցով նրանք երկուսն էլ նույնն են ասում, զիջումների են պատրաստվում, մի քիչ ծիծաղելի է, բայց ընդդիմությունը, մի քիչ ավելի շատ, քան իշխանությունը, կարծես… հայ-թուրքական հարաբերություններում երկուսն էլ նույնն են ասում»,- ասել է նա: