ԱՄՆ-ը` դեֆոլտի առա՞ջ

11/07/2011

«Եթե ԱՄՆ-ը չբարձրացնի փոխառությունների վերին շեմը, համաշխարհային տնտեսության մեջ դա կհանգեցնի չափազանց վտանգավոր հետեւանքների»,- նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը ամերիկյան ABC հեռուստատեսության հետ հարցազրույցում: ԱՄՀ ղեկավարն ասել է, որ եթե փոխառությունների «առաստաղը» չբարձրացվի, տոկոսադրույքները կտրուկ կբարձրանան, եւ ֆոնդային շուկան կփլուզվի: Լագարդը նշել է, որ դա ԱՄՀ-ի գլխավոր խնդրի` համաշխարհային տնտեսության կայունության պահպանման համար լուրջ մարտահրավեր կստեղծի: Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ի պարտքի ծավալը մոտեցել է վերին առաստաղին` 14,3 տրիլիոն դոլարին: ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթներն անցած շաբաթ հայտարարել էր, որ եթե մինչեւ օգոստոսի 2-ը փոխառությունների վերին շեմը չբարձրացվի, ԱՄՆ-ին սպասում է դեֆոլտ: ԱՄՆ կառավարությունը Կոնգրեսի անդամներին առաջարկում է պարտքի վերին առաստաղը բարձրացնել 2 տրլն դոլարով: Ապրիլի վերջի դրությամբ ԱՄՆ պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 96,5%-ը: