Գլխավոր գործադիր

11/07/2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: 2009թ. ուժի մեջ մտած «Համահայկական բանկի մասին» օրենքում կատարած փոփոխություններով «Համահայկական բանկի» կառավարման մարմիններից մեկը պետք է լինի ոչ թե գործադիր տնօրենը, այլ գլխավոր գործադիր տնօրենը: Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո Վահրամ Ներսիսյանցը ներկայիս գործադիր տնօրենից կդառնա գլխավոր գործադիր տնօրեն: Կառավարությունն օրենսդրորեն առաջարկել է, որ «Համահայկական բանկի» խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը համատեղվի բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ: Մյուս փոփոխությամբ`«Համահայկական բանկը» կարող է նաեւ պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին` հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Պարտատոմսերով եւ դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրաված միջոցների չափը պետք է գերազանցի 100 մլն դրամը: Փոփոխությունից հետո Համահայկական բանկը կարող է տրամադրել Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ վարկեր, այդ նպատակով կատարել ներդրումներ: Հետաքրքիր է, որ «Համահայկական բանկն» առայժմ որեւէ գործառույթ չի իրականացրել, քանի որ, ինչպես պարզվել է, այն չուներ բանկային գործունեության լիցենզիա: Միայն այս տարվա հունիսի 3-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է «Համահայկական բանկ ԲԲԸ-ին տրամադրել բանկային գործունեության լիցենզիա: