Ինչպե՞ս է պատահում. ճանաչում ես մարդուն: Շատ մտերիմ չես, սակայն նրա հեռախոսահամարը կա բջջայինումդ: Ցանկացած պահի կարող ես զանգ տալ: Թեեւ տարիներով զանգ չես տալիս: Ու մեկ էլ պարզվում է, որ նա հեռանում է երկրից: Էլ երբեք այլեւս չեք հանդիպելու: Իհարկե, եթե մնար Հայաստանում, այդ ժամանակ էլ, հնարավոր է, նրան տարիներով չտեսնեիր: Սակայն այսպես, երբ հեռանում է ու նրան տեսնելու հնարավորությունը հավասարվում է զրոյի, նրա բացակայությունը հանկարծ սկսում ես ուղղակիորեն զգալ: Երբ թերթում ես հին բլոկնոտդ, հեռախոսահամարները կան, սակայն դրանց տերերի մեծ մասն արդեն Հայաստանում չէ:
Երեկ հրապարակվեցին ՄԱԿ-ի 2009թ.-ին կատարած հետազոտության արդյունքները: Ըստ այդմ` հարցվածների 44 տոկոսն իր ապագան Հայաստանում չի տեսնում: Սա, ինչ խոսք, չի նշանակում, թե մնացյալ 56 տոկոսն իր ապագան տեսնում է բացառապես Հայաստանում: Այսպիսի Հայաստանում իրենց ապագան չեն տեսնում գրեթե բոլորը: Ըստ պաշտոնական տվյալների` միայն վերջին երեք տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 78.000 մարդ:
Մայրաքաղաքում շրջելիս այս թիվը չափազանցություն է թվում. քառակուսի մետրի վրա մարդկանց թիվն անգամ կասկածելիորեն շատ է: Սակայն շրջեք, օրինակ, Էջմիածնի գլխավոր փողոցով: Մարդ չկա: Գուցե փողո՞ցը գլխավորը չէ: Չէ՛, գլխավորն է: Պարզապես մարդ չկա: Նույնը` հանրապետության մյուս քաղաքներում ու գյուղերում:
Յուրաքանչյուրիս մերձավորների լավագույն կեսն արդեն վաղուց Հայաստանում չի բնակվում: Եվ քչերն են հեռանալիս միայն երջանկության արցունքներ թափում: Շատ են նրանք, ովքեր չէին ցանկանա գնալ, սակայն չեն կարող այլեւս մնալ:
Բայց հետաքրքիր է, որ ոչ մի պաշտոնյա դեռեւս չի տեսնում իրական եւ ահագնացող վտանգը: Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն, օրինակ, պարբերաբար սփոփում է, թե Հայաստանում միգրացիայի առումով ոչ մի արտառոց երեւույթ չկա, որ միգրացիայի, այսպես ասած,«բացասական մնացորդը» չի ավելացել:
Նույն բանը երեկ ասաց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը. «Անհիմն են խոսակցությունները, թե Հայաստանում արտագաղթն աղետալի չափերի է հասնում կամ վտանգավոր չափերի է հասնում ժողովրդագրությունը: գՉեմ կարող ասել, թե ժողովրդագրության բարելավման ուղղությամբ կատարվող քայլերը բավարար են, սակայն իրականացվում են ծրագրեր` նպաստելու ծնունդների թվի ավելացմանը, առողջապահական խնդիրների ապահովմանը եւ սոցիալական խնդիրների լուծմանը»: Պարոն Բաբաջանյանը նկատել էր նաեւ, թե դժվար է կոնկրետ նշել արտագաղթի հիմնական պատճառները:
Իհարկե, հաճելի է Աստծուց պարգեւ ստանալ երրորդ եւ հաջորդ երեխաներին, իսկ պետությունից` 430.000 դրամ, սակայն մեր երկրում դժվար գտնվի մեկը, ով երեխա ունենալուց առաջ շեշտը դնում է այդ գումարի վրա: Այսինքն` այդ գումարը որեւէ ձեւով չի կարող խթանել ծնելիությունը, այն էլ` ստիպել ծնողին ունենալ երրորդ երեխան:
Թե բազմազավակ քանի ընտանիք է ապրում թշվառության մեջ, թե առողջապահական եւ սոցիալական ոլորտի «բարեփոխումները» որ մի հաշմանդամի վիճակն են բարելավում, կարելի է կարճ ասել` ոչ մեկի: Ոչ ոք չի կարող ժխտել, որ հաշմանդամության առաջին կարգ ունեցող երեխայի համար պետության վճարած 14.500 դրամը ավելի լավ է, քան զրո դրամը: Սակայն, խոշոր հաշվով, դա նույն բանն է:
Ուղեղների արտահոսք արդեն տեղի է ունեցել: Տեղի է ունենում վտանգավոր հաջորդ քայլը. հեռանում են երիտասարդները: Ժամանակակից երիտասարդներին բարեկեցիկությունը հրապուրում է ո՛չ նախեւառաջ: Ազատություն ու մեկնարկային հավասար պայմաններ`փորձելու իրենց ուժերը, հասկանալու` ինչի են ունակ: Երիտասարդ մարդու համար սրանք կարեւոր պայմաններ են: Հետեւաբար` ազատ մտածող ու իրենց փնտրող երիտասարդները Հայաստանից հեռանում են:
Մնում են նրանք, ում համար Հայաստանում լավ է, եթե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի երիտասարդական թեւերում են, իրենց բազե կամ համանման այլ թռչուն են պատկերացնում: Նրանց իդեալները Գագիկ Ծառուկյանն ու գեներալ Մանվելն են: Հիմնականում այդպիսի կոնտինգենտն է Հայաստանում ներգրավված իշխող կոալիցիայի երիտասարդական թեւերում:
Ընդդիմության մեջ էլ երիտասարդները լուրջ դերակատարություն ունենալ չեն կարող: Երիտասարդությանը հատուկ մաքսիմալիզմը, րոպե առաջ հաջողության հասնելու բնական մղումը ավելորդություն է նաեւ ընդդիմության համար: Մեր երկրում պայմաններ են թելադրում վաթսունին մոտ մարդիկ: Քաղաքական կյանքի ռիթմը թելադրում են նրանք: Իսկ դանդաղ ռիթմը երիտասարդների համար չէ:
Որքան երկրի համար մեծ կորուստ է մտածող եւ երիտասարդ մարդկանց արտագաղթը, նույնքան անլուրջ է Սփյուռքի մեր հայրենակիցներին հայրենիք վերադառնալու հրավերը: 13.000 ստորագրություն է հավաքվել` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Սակայն իշխանություններին համոզելն այնքան էլ հեշտ չէ: Սա Հայաստանից Սփյուռք հասնող լուրջ ազդանշան է` հիմարություն չանել` Հայաստան չվերադառնալ: Քանի որ այնքան էլ պարզ չէ, ինչ նպատակով են ասում` «Արի տուն»:
Փաստը, որ արտագաղթի եւ ժողովրդագրության թեմային հրապարակայնորեն չի անդրադառնում նախագահ Սերժ Սարգսյանը, ստիպում է մտածել, որ նախագահը եւս վստահ է` «բացասական մնացորդը» մտահոգիչ չափեր չի առել: Իհարկե, այդպես մտածելու հիմքերը քիչ չեն: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանին պաշտոնական այցերի ժամանակ ուղեկցող մարդիկ նույն կազմով էլ վերադառնում են նույն ինքնաթիռով: Ինչը, սակայն, ամենեւին հիմք չէ կարծելու, թե Հայաստանից մեկնող բոլոր ինքնաթիռներն են վերադարձին ունենում նույնքան ուղեւոր, որքան մեկնելիս: Նրանք, ովքեր ինքնաթիռ են նստում, ինքնաթիռի` երկինք բարձրանալուն պես դառնում են «բացասական մնացորդ»: