ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը: Այս մասին Լավրովը երեկ տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ասուլիսում: «Սերժ Սարգսյանը հաստատել է ղարաբաղյան կարգավորման խնդրում իրական առաջընթացի արձանագրման իր շահագրգռվածությունը` հայտարարելով, որ ուշադրությամբ կուսումնասիրի ուղերձն ու մոտ ապագայում կպատրաստի իր պատասխանը»,- ասել է Լավրովը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ս. Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանն ասել է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի եւ լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն եւ կայունություն»: Իսկ Լավրովն ընդգծել է, թե Դ. Մեդվեդեւն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի, եւ վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են: Ի դեպ, Սերգեյ Լավրովը երեկ Երեւանից մեկնել է Բաքու: Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է փոխանցել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը: «Առաջարկները ես փոխանցում եմ Ձեզ: Ակնկալում եմ, որ ուսումնասիրելուց հետո Դուք կարձագանքեք այդ գաղափարներին»,- Ալիեւին ասել է Լավրովը: