Երկու ամիս առաջ Երեւան-Մյունհեն-Երեւան հետադարձ թռիչքով տոմս գնած ուղեւորները կանգնել են փաստի առջեւ: Երեկ նրանց տեղեկացրել են, որ չվերթը հանվել է, «ինքնաթիռ չկա»: Թե ինչպե՞ս է լուծվելու հարցը` համապատասխան չվերթով կապահովե՞ն, թե՞ տոմսի համարժեք գումարը կտրամադրեն, «Արմավիայից» որեւէ պատասխան չեն տվել նրանց: Երեկ միայն ուշ երեկոյան մեզ հաջողվեց զրուցել «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի հետ, ով մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ հարցն անպայման լուծում է ստանալու` ուղեւորները կա՛մ կապահովվեն համապատասխան չվերթով, կա՛մ ցանկության դեպքում կտրվի տոմսի համարժեք գումարը: Մեր հարցին, թե ինչո՞ւ էր չվերթը հանվել, երբ դեռեւս 2 ամիս առաջ մարդիկ դրա համար գումար էին վճարել, Ավետիսովան պատասխանեց, որ այդ որոշումը կայացրել է ավիաընկերության կոմերցիոն դեպարտամենտը: Ըստ նրա` պատճառն ամառային սեզոնին չվերթի ցածր պահանջարկն էր: