Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման տարբեր փուլերին` ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել, որ իր ներուժը հեռու է օգտագործված լինելուց: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Համանախագահները ձգտում են գործել պատասխանատվությամբ, եռանդուն` Երեւանին եւ Բաքվին օգնելով հասնել անհրաժեշտ համաձայնությունների»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Մինսկի խմբի հաստատված ձեւաչափը եւ համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, գործունեությունը հակամարտության կողմերը ճանաչում են որպես կարգավորմանը աջակցության արդյունավետ եւ բավականաչափ գործունակ գործիք: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ անցկացրած եռակողմ հանդիպումը հնարավորություն տվեց ակնկալել տեղաշարժ այդ բարդ գործընթացում, եւ, որ կողմերը կընդունեն կարգավորման հիմնարար սկզբունքները` բանակցությունների ավելի բարդ փուլին անցնելու եւ խաղաղ համաձայնագրի մշակման: Կրկնում եմ, խոսքը երկար տարիների ընթացքում հաստատված ձեւաչափի մասին է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման պատմության արմատները հասնում են մինչեւ 90-ականների սկիզբը»: