«Եվրամիության եւ երրորդ երկրների միջեւ համագործակցությունը կարող է հիմնվել միայն ժողովրդավարության վրա»,- ասված է Եվրախորհրդարանի` հինգշաբթի օրը ընդունած զեկույցում, որը մի շարք նոր առաջարկներ է ներկայացնում Եվրոպայի հարեւանությամբ գտնվող երկրներում ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ: «Ցավալիորեն, կառույցը երբեմն աչք է փակում այս ոլորտում արձանագրվող բացթողումների վրա: Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում ետընթաց արձանագրող երկրների նկատմամբ պատժամիջոցները պետք է իրագործվեն համակարգված, պարբերաբար եւ միջազգային հանրության հնարավոր ընդարձակ աջակցությամբ»: Ֆինանսական սահմանափակումներից ու շարունակական պատժամիջոցներից բացի, զեկույցը հորդորում է նաեւ ավելի մանրազնին ու հետեւողական լինել ընտրությունների դիտարկման գործընթացում եւ մոնիտորինգի ենթարկել ոչ միայն քվեարկությունը, այլեւ դրանից հետո ներկայացված առաջարկությունների ու պահանջների կատարումը: Բացի այդ, զեկույցը նաեւ կոչ է անում Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության երկրներին` ջանքեր գործադրել, որպեսզի հարեւանությամբ գտնվող երկրները վավերացնեն Հռոմի ստատուսը եւ լիովին համագործակցեն Հաագայի միջազգային դատարանի հետ: «Կառավարությունները պետք է պատասխան տան մարդու իրավունքները ոտնահարելու, վատ կառավարման, կոռուպցիայի եւ ազգային ռեսուրսները վատնելու համար»,- ասված է զեկույցում: