«Կոռեկտ» չէ՞

09/07/2011

Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը կոռեկտ չի համարում այն, որ հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրը իր կատարած ուսումնասիրության մեջ Հայաստանի տնտեսությունը համարել է աշխարհի 2-րդ վատագույնը` հենվելով ընդամենը մի քանի ցուցանիշների վրա, որոնք էլ իրենց հերթին` արտացոլում են միայն կարճ ժամանակահատված: Անդրադառնալով հրապարակման հեղինակին` Դենիել Ֆիշերին, Արտակ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Թող ինձ ների պարոն Ֆիշերը, բայց ես համոզված չեմ, որ ինքը լիարժեք ուսումնասիրել է Հայաստանի եւ մնացած 177 երկրների տնտեսությունները: Եթե դու ուզում ես նման որակում տալ աշխարհի երկրներին, բարի եղիր մի փոքր ավելի խորությամբ ուսումնասիրել բոլոր տնտեսությունները: Թող վերցներ, ասեր` այսինչ տարվա տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը այսինչերորդն է: Ամենախորը անկում գրանցել է այսինչ երկիրը, դրանց հաջորդող տարում ամենաշատ աճել է այնինչ երկիրը: Այսինքն` դրվագ ես վերցրել, դրվագով էլ գնահատիր»: «Ֆորբսի» հրապարակած ուսումնասիրության մեջ նշված է, թե երկրների տնտեսությունները դասակարգելիս` մի քանի ցուցանիշներ են հաշվի առնվել, մասնավորապես, 177 երկրների համախառն ներքին արդյունքի ու գնաճի վերջին երեք տարիների միջին ցուցանիշը, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները 2012 թվականի համար, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արդյունքը եւ առեւտրային հաշվեկշիռը: Արտակ Բաղդասարյանի ասելով` դժվար է լուրջ համարել հեղինակի օգտագործած մեթոդաբանությունը, քանի որ, օրինակ, միջազգային հեղինակավոր տարբեր կազմակերպությունները երբ փորձում են դասակարգել երկրների տնտեսությունները, օգտագործում են անհամեմատ ավելի շատ տվյալներ:

«Նրանք բոլորը հարյուրավոր ցուցանիշներ են վերցնում` օգտվելով տարբեր հարցումների արդյունքներից, նրանք փորձում են որակել տնտեսությունը մի տեսանկյունից` ըստ մրցունակության, ըստ գործարարության համար նպաստավորության, ըստ ազատականության: Հիմա թեկուզ այս չորս ցուցանիշով, թեկուզ դրանք լինեն շատ կարեւոր ցուցանիշներ, որակել ամբողջ տնտեսությունը որպես ամենավատ տնտեսություն, դա մասնագիտական առումով առնվազն կոռեկտ չէ»,- ասել է Ա. Բաղդասարյանը:

Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետը ուշադրություն է հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ նյութը հրապարակվել է «Ֆորբսի» կայքէջի` բլոգների համար նախատեսված բաժնում, եւ Բաղդասարյանի խոսքով` Էկոնոմիկայի նախարարությունը նամակ է ուղարկել ամսագրին` պարզելու, թե նյութը Դենիել Ֆիշերի, այսպես ասած, անձնակա՞ն հրապարակումն է տվյալ բլոգում, թե՞ «Ֆորբսը» նույնպես կանգնած է այդ նյութի ետեւում: