Խնդիր չկա

09/07/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանի հետ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի հարաբերությունները միայն գործնական են: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՊՀ նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանը` անդրադառնալով իր, Լեւոն Սարգսյանի եւ ՀՀ նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հարաբերությունների մասին հարցին: Ըստ նրա` Լեւոն Սարգսյանն ամբիոնի վարիչ է, եւ որպես ամբիոնի վարիչ` նա ենթարկվում է այն կարգուկանոնին, ինչին ենթարկվում են բոլոր համալսարանականները:

«Ես ընդհանրապես ավելորդ եմ համարում նման հարցադրումը, որովհետեւ նախ` Լեւոն Սարգսյանը բավականին հայտնի մասնագետ է իր մասնագիտության մեջ, եթե ծանոթանաք նրա աշխատանքներին, երկրորդ` Լեւոն Սարգսյանը համալսարանում որպես անձնավորություն` իրեն պահում է շատ համեստ, շատ գործնական, եւ մեր հանդիպումները, որ սովորաբար լինում են աստվածաբանության ֆակուլտետում, միայն գործնական բնույթի են եւ վերաբերում են միայն աստվածաբանության ֆակուլտետի խնդիրներին»,- ասել է Արամ Սիմոնյանը` հավելելով, որ իրենց միջեւ որեւէ խնդիր չկա ու չի էլ կարող լինել: