«ԴԱԼԻՆ եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսի կտավներն ապահովագրել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը

09/07/2011

Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվել է «ԴԱԼԻՆ եւ սյուրռեալիստները» տպագիր գրաֆիկայի բացառիկ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երեւան են բերվել Լոս Անջելեսի «Քրիստին Արժիլե» պատկերասրահից:

Հաշվի առնելով ցուցահանդեսի նմուշների բացառիկությունը ու պատմական արժեքները, Հայաստանի Ազգային Պատկերասրահը Լոս Անջելեսից տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունը` Փոխադրվող գույքի ապահովագրություն դասով, վստահել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը:

Ապահովագրության այս տեսակը ապահովագրողներն անվանում են նաեւ «Մեխից` մեխ» ապահովագրություն, որը ենթադրում է կտավը մեխից իջեցնելու, մյուս մեխին փակցնելու ողջ գործընթացը:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ապահովագրության ռիսկերը փոխանցել է նաեւ եվրոպական խոշորագույն վերաապահովագրական ընկերություններից մեկին:

«Այս ցուցահանդեսի ապահովագրումը ոչ միայն, պարզապես, աջակցություն է Ազգային Պատկերասրահին, այլեւ մեր կողմից լավագույն նվերը արվեստասերներին, որոնք նմանօրինակ բացառիկ ցուցահանդեսներ դեռ շատ կվայելեն, քանի որ այսպիսի միջոցառումները մեզ համար սոցիալական պատասխանատվության պես մի բան են, մեր փոքրիկ ներդրումը` հայաստանյան մշակութային ոլորտում»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը:

R