Թունավոր բուժարարներ
Հնագույն ժամանակներից մատնոցուկը օգտագործվել է այտուցների դեպքում։ Անգլիացի բժիշկ ՈՒիտերինգը 1775թ. հայտնաբերել է, որ սրտային անբավարարության պատճառով առաջացած այտուցների բուժման համար նախատեսված թուրմի հիմնական բաղադրիչը մատնոցուկի տերեւն է։ Այդ ժամանակներից ավանդական բժշկությունը մանրակրկիտ ուսումնասիրել է այս բույսի բաղադրությունը, բազմաթիվ երկրներում այն մշակվում է, արտադրվում են մի շարք դեղամիջոցներ մատնոցուկի տարբեր տեսակներից։ Մատնոցուկի 11 տեսակներ հանդիպում են բնության մեջ, Արեւմտյան Եվրոպայից մինչեւ Փոքր Ասիա ընկած տարածքներում, դրանք խլածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կամ երկամյա բույսերն են։ Հայաստանի բնական պայմաններում հանդիպում են Digitalis nervosa եւ Digitalis ferruginea (ժանգային)` /////////(digitalis ferruginea l.) մատնոցուկները` երկուսն էլ Սյունիքում, երկրորդը` նաեւ Լոռիում, Տավուշում եւ Արագածոտնում։
Ավանդական բժշկության մեջ կիրառվում են մատնոցուկներ ծիրանագույնը (purpurea), ժանգայինը, թավոտը (Lanata)։ Դեկորատիվ նպատակներով Հայաստանում մշակում են խոշորածաղիկ մատնոցուկը (D.grandiflora), այն երկամյա բույս է, ծաղկում է երկրորդ տարում, ծաղիկները հավաքված են երկար ողկույզաձեւ միակողմանի ծաղկաբույլերում, ունեն սպիտակ, վարդագույն, ծիրանագույն երանգավորում։ Խոշորածաղիկ մատնոցուկը աճում է նաեւ Սիբիրում, որպես մշակաբույս` Նովոսիբիրսկի մարզում։
Մատնոցուկ ժանգայինը բազմամյա խոտաբույս է, հայրենիքը` Արեւմտյան Ասիան։ Հանդիպում է արեւոտ, քարքարոտ լանջերին, անտառային բացատներում, թփերում։ Բույսը հարմարվում է տարբեր թթվայնության հողերին։ Ցողունը պարզ է, բրգաձեւ, 100-120 սմ բարձրությամբ, առաջին տարում ձեւավորում է տերեւների խիտ վարդակ, ստորին տերեւները խոշոր են, նշտարաձեւ, ծաղկակիր ցողունից աճող տերեւները` գծային-նշտարաձեւ, հերթադիր, կոթունավոր։ Խոնարհվող ծաղիկներն աճում են ցողունի մերձգագաթային մասում, կազմելով ողկույզաձեւ ծաղկաբույլ։ Ծաղիկը առաջին հայացքից նման է զանգակի, սակայն այն տարբերությամբ, որ ծաղկաթերթերը սերտաճել են։ Այս է պատճառը, որ բույսը կոչվում է Մատնոցուկ, գերմաներեն` Fingerhut։
Բույսի բոլոր մասերը թունավոր են, նույնիսկ չնչին քանակությամբ։ Գայթակղիչ են բույսի պտուղները, որի սերմը երեխաները հաճախ շփոթում են կակաչի հետ։ Թունավորման նշանները հետեւյալն են` այրոցք բերանում եւ կոկորդում, թքարտադրության ուժեղացում, սրտխառնոց, փսխում, փորացավ։
Մատնոցուկ ժանգայինից եւ Մատնոցուկ ծիրանագույնից պատրաստված դեղամիջոցները կարող են փոխարինել մեկը մյուսին, սակայն առաջինի կուտակային հատկությունները ավելի մեծ են։
Մատնոցուկի մեջ պարունակվող գլյուկոզիդները անմիջականորեն ազդում են սրտի վրա, դա բացատրվում է նրանով, որ սրտամկանը զգայուն է այդ միացությունների հանդեպ, իսկ վերջիններս կուտակվում են սրտի հյուսվածքներում։
Բուժական նպատակներով օգտագործում են տերեւները, հավաքում են ծաղկման շրջանում` առանց կոթունների, սկզբից 30 րոպե չորացնում են 55-60 աստիճանի տակ, հետո` 40-ի, մինչեւ լրիվ չորանալը։
Ավանդական բժշկությունը լայնորեն կիրառում է մատնոցուկ ժանգայինից ստացված դեղատնային պատրաստուկները սրտային անբավարարության, արյան շրջանառության խախտումների դեպքում։
Ժողովրդական բժշկությունը կիրառում է ջրային, սպիրտային թուրմերը այտուցի եւ հիպերտոնիայի, նյարդային խանգարումների, հիստերիայի դեպքում, իսկ փոշին` դժվար լավացող վերքերի բուժման համար։
– Թրմեք 0,5-1 գրամ մատնոցուկի տերեւները 200 մլ եռջրում, մեկ ժամից քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3-4 անգամ։ Բուժումը որպես օրենք` երկարատեւ է։ Պարտադիր է բժշկի հսկողությունը։
Հետաքրքիր է իմանալ, որ թունավորման վտանգի դեպքում կիրառում են «Ատրոպին» դեղամիջոցը, որ ստացվում է շիկատակից։ Մատնոցուկի օգտագործման դեպքում առաջացած բրադիկարդիայի դեպքում առաջարկվում է խմել Զելենինի կաթիլները, որի բաղադրության մեջ մտնում են կատվախոտի, հովտաշուշանի, շիկատակի ոգեթուրմերը եւ մենթոլը։
Շիկատակ-Atropa bella-dona
Հին ժամանակներում մի արքայադուստր էր ապրում, նա շատ գեղեցիկ էր, հեզ եւ համեստ։ Երբ գալիս էին նրա սրտին եւ ձեռքին տիրանալ ցանկացողները, նա մի թուրմ էր խմում, որ լայնացնում էր աչքերը, եւ դրանցից բխող փայլերը ի հայտ էին բերում դիմացինի էությունը։ Օրերից մի օր գալիս է մի արքայազն` ինքնավստահ, առնական, խելացի, սակայն վերին աստիճանի անբան եւ անսիրտ։ Գեղեցկուհին նայելով իր գերիչ հայացքով` ասում է.
– Բարձրացիր սարերը եւ բեր ինձ համար խելագարների սեւ կեռասը եւ մատնոցուկը, սակայն չուտես դրանք։
Արքայազնը կատարում է խնդրանքը, գեղեցկուհին պատրաստում է իր կախարդական թուրմը եւ դրանից փոքր-ինչ մատուցում նրան։
Արքայազնը խմում է եւ աշխուժություն զգում, շարժվելու ցանկություն, բացի այդ, նրան թվում է, թե ճախրում է դեպի իր սիրելին` մի գլխապտույտ թռիչք կատարելով` նա բացականչում է.
– Ահա թե ինչպիսի՜ն ես դու, սեր իմ, ես տեսա այն, ինչ դու էիր ուզում տեսնել իմ մեջ` սիրող սիրտ, աշխատասիրություն եւ նպատակասլացություն։
Նրանք ամուսնանում են եւ ապրում երջանիկ կյանքով։
Միջնադարում շիկատակը դասվել է մոգական հատկություններ ունեցող բույսերի թվին։ Կանայք օգտագործել են աչքերին փայլ հաղորդելու համար։ Նույնիսկ բույսի մեկ պտուղը ուտողի մոտ նկատվել են խելագարության նշաններ` անբացատրելի ծիծաղ, տեսիլքներ, ձայնային եւ այլ բնույթի պատրանքներ։ Բույսի օգտագործումը առաջացնում է գլխապտույտ, տարածության մեջ շարժվելու զգացողություն։ Շիկատակի պտուղը իր չափերով հիշեցնում է սեւ կեռասը, այն գտնվում է աստղաձեւ բացված ծաղկաբաժակի մեջ։ Պարունակում է փոքրիկ, ոչ հարթ սերմիկներ։ Շատ ժողովուրդներ անվանել են բույսը «խելագարների կեռաս»։ Բազմաթիվ են դեպքերը, երբ բույսի մի քանի պտուղ ուտելու դեպքում մարդը զրկվել է կյանքից։ Այդ մասին պետք է զգուշացնել երեխաներին։ Բնության մեջ հանդիպում է Կարպատներում, Կովկասում, Ղրիմում։
Բույսը աճում է սաղարթավոր եւ փշատերեւ անտառներում։ Լավ հարմարվում է հատված եւ այրված տարածքներում։ Շիկատակը բազմամյա, մինչեւ մեկ մետր եւ ավելի բարձրությամբ բույս է, խիտ ճյուղավորվող կոճղարմատով։
Թեեւ շիկատակ սովորականը շատ վտանգավոր, թունավոր բույս է, այն շատ գեղեցիկ է, հպարտ եւ վեհ, ունի հովանոցի տեսք։ Ամուր ցողունից աճում են եղանաձեւ ճյուղերը, տերեւները հակադիր են։ Ամեն զույգում տերեւներից մեկը զգալիորեն փոքր է։
Ծաղիկները միայնակ են, խոնարհված, բաժակատերեւիկները եւ ծաղկաթերթերը սերտաճում են` կազմելով զանգակաձեւ բացված խողովակներ։ Բույսը աճում է հունիս-օգոստոս ամիսներին։ Շիկատակն ունի կարեւոր բուժիչ նշանակություն։ Բազմաթիվ երկրներում մշակվում է դեղագործական նպատակներով։
Շիկատակի տերեւների մեջ պարունակվում են 0,15-1,2 տոկոս ալկալոիդներ, դրանցից կարեւորագույնը ատրոպինն է։ Բույսը կիրառում են որպես ցավազրկող եւ ջղակծկումները հանգստացնող միջոց։ Շիկատակի ոգեթուրմը օգտագործվում է ստամոքսի խոցի եւ բորբոքումների, ստամոքսահյութի բարձր թթվայնության, միզաքարային եւ լեղաքարային հիվանդությունների, բրոնխիալ ասթմայի, ծանր հազի, մկանային, հոդային եւ նեւրալգիկ ցավերի դեպքում։ Եփուկը օգտագործում են հոդատապի եւ ռեւմատիզմի դեպքում շփումներ կատարելու համար։
Հակացուցված է գլաուկոմայի, սիրտ-անոթային համակարգի օրգանական փոփոխությունների դեպքում, հղիներին եւ կերակրող մայրերին։
Ոգեթուրմ։ Շիկատակի տերեւը 21 օր թրմեք 40 տոկոսանոց սպիրտի մեջ (1։10)։ Խմեք 5 կաթիլ։ Չափաբաժինները ճշտեք բուժող բժշկի հետ։